Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել նրա տեղաշարժը, վարքագծային առանձնահատկությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստացել է համապատասխան խնամք։
«Մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է թռչունին մի քանի օրից բաց թողնել վայրի բնություն։ Ըստ հաղո8դագրության՝ աշխատանքներն իրականացվել են «տարվա թռչուն» հանրային արշավի և «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրություն և պահպանություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Նշենք, որ քարարծիվը 2023թ. ընտրվել էր որպես տարվա թռչուն:
Սեպտեմբեր 01, 2023 at 17:36