

ԷկոԼուր
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժինը «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի` Գառնու ձորում «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի ոչնչացման վերաբերյալ նամակի հիման վրա քրեական գործ է հարուցել:
Արդեն մի քանի տարի է ակտիվիստ-էկոլոգներն ու լրագրողներն ահազանգում են, որ «Քարերի սիմֆոնիա»-ն ոչնչացնում են` շինարարության մեջ բարձրորակ բազալտն օգտագործելու համար: Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Խոսրովի արգելոցում եւ նրա շրջակայքում տեղեկատվական մոնիտորինգ անցկացնելու ընթացքում «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի կողմից լուսանկարած նկարում պարզ երեւում է, որ յուրահատուկ բնության հուշարձանի գրեթե ողջ ստորին հատվածը ոչնչացվում է, որի արդյունքում անհետանում են երգեհոնի տեսք ունեցող նախշերը:
Ինչպես նշված է երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի` «ԷկոԼուր»-ին տրամադրած նամակում, ոստիկանությունը գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 298 հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբեր 13, 2010
