LILA ծրագրի աջակցությամբ Դսեղի վարչական շենքը վերանորոգվել է և ստացել է արևային ջեռուցում

LILA ծրագրի աջակցությամբ Դսեղի վարչական շենքը վերանորոգվել է և ստացել է արևային ջեռուցում

 

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Դսեղ բնակավայրի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 15 Կվտ դրվածքային հզորությամբ արևային կայան, վերանորոգվել է շենքի երկրորդ հարկը և տանիքը: Աշխատանքներն իրականացվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանի) կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում:

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ վերանորոգված հարկաբաժնի պաշտոնական բացումը: 

Միջոցառմանը ներկա Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը նշեց, որ պետության զարգացման կարևոր բաղադրիչներից է վարչական շրջանների, համայնքների համահավասարաչափ զարգացումը: «Հուսով եմ՝ այս շենքային պայմանները նոր տեմպ ու մոտիվացիա են հաղորդելու և՛ աշխատակիցներին, և՛ գյուղացիներին իրենց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու առումով»,- ասաց նա:

Տիգրան Հովսեփյանն ընդգծեց WWF-Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը. «Տևական ժամանակ համագործակցում ենք, արդեն իսկ քաղել ենք կատարված ծրագրերի պտուղները: Հուսով ենք, որ այս ծրագրերն էլ իրենց արգասիքները բերելու են»:

Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանը նշեց, որ տեղադրված արևային կայանը Դսեղում էներգախնայողություն կապահովի. «Շենքում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչը ծախսային առումով համայնքին մեծ օգուտ է տալիս»,- նշեց նա:

«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց. «Ծրագրում ունենք կլիմայի փոփոխության մեղմացման բաղադրիչ: Դսեղում պիլոտային ծրագիր իրականացրինք: Արևային մարտկոցների տեղադրման արդյունքում համայնքի բյուջեն կխնայվի, և խնայված գումարները կուղղվեն այլ խնդիրների լուծմանը»:

Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից այս համայնքում իրականացվում է նաև «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագիրը: Կարեն Մանվելյանը նշեց, որ Դսեղը վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել զբոսաշրջության շնորհիվ, և այս ծրագրով նույնպես միջոցառումներ կիրականանացվեն Դսեղում: «Էկոմիջանցքների ծրագրով նախատեսում ենք ութամյա համաձայնագիր կնքել համայնքի և համայնքային ՀԿ-ի հետ: Այդ ծրագրի շրջանակում այստեղ կլինեն տարածքի հսկիչներ, ովքեր կկանխեն որսագողության և ապօրինի ծառահատումների դեպքերը: Իրենց կապահովենք մեքենայով և անհրաժեշտ սարքավորումներով: Արդյունքում կլինեն ազատ գումարներ համայնքի կարիքների համար: Մշակում ենք նաև «Դսեղի ծովերի» մաստեր-պլանը, որը հնարավորություն կտա տարածքում բացառել աղբի կուտակումները, կլինեն գեղեցիկ, մաքուր, միանման կառույցներ: Դսեղի հարակից տարածքներում կան նաև պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ, կենդանական ու բուսական աշխարհ: Պետք է ուղղել բոլորի ջանքերն այդ ամենը պահպանելուն: Անտառները լցնել է պետք կենդանիներով, որ տուրիստը գա, կենդանի տեսնի»:

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանն ասաց. «Նման ծրագրերը ոչ միայն սոցիալական և տնտեսական, այլև բնապահպանական լուրջ խնդիրներ են լուծում: Կայանը նպաստում է, որ տարեկան 10 տոննա ածխածնի երկօքսիդ չարտանետվի: Մնացած միջոցառումների արդյունքում՝ նախնական գնահատականներով մթնոլորտ չի արտանետվի 1,5-2 տոննա ածխածնի երկօքսիդ, որն ընդհանուր ծրագրի առումով բավական լուրջ թիվ է»:

Խաչիկ Սահակյանը կարևորեց համայնքներում էներգոմենեջմենթ հասկացության ներդրումը: «Այն ծրագրի արդյունքը կդարձնի շարունակական աճող, այսինքն՝ բազմապատկման եղանակով կարող է զարգանալ: Եթե ներդրվի էներգոմենեջմենթ, ծրագրի արդյունավետությունը կբարձրանա: Որտեղ ստացվել է ներդնել այս հասկացությունը և՛ տնտեսված գումարները, և՛ հետագա էներգետիկ ծախսերի նվազեցումը ռեալ են»,- ընդգծեց նա: 

«Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի համակարգող Արմեն Շահբազյանը նշեց. «Էկոլոգիական միջանցքներն անցնում են համայնքների տարածքով, եթե մենք խոսում ենք էկոլոգիայի պաշտպանության մասին այս ծրագրի շրջանակներում, մենք պետք է հասկանանք, որ համայնքին կարողություններ են պետք այս աշխատանքների կատարման համար: Մենք պետք է աջակցենք նրանց: Նրանք և՛ հմտությունների կարիք ունեն, և՛ ռեսուրսի, և՛ մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություն պետք է լինի: Բնակչությունը պետք է բնապահպան դառնա: Մենք չենք կարող միայն սահմանափակումներով ստիպել, որ իրականացվեն բնապահպանական աշխատանքներ: Մեր ծրագրի շեշտադրումն այս խնդիրների իրականացմանն է ուղղված: Շեշտը պետք է դնել ներգրավվածության վրա, այս ոլորտը սիրտ է պահանջում, սրտացավություն: Բնությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես՝ սեփականությանը, որքան լավ նայենք, այնքան ավելի շատ օգուտներ կստանաք»:

Ըստ Արմեն Շահբազյանի՝ Դսեղն իր զարգացման համար պարտական է իրեն շրջապատող սքանչելի բնությանը: «Ամենալուրջ գումար բերողը բնությունն է, պետք է դրան լուրջ ուշադրություն դարձնել, դա մեզ ապագայում էլ է անհրաժեշտ», - նշեց նա:

Դսեղի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը կատարված աշխատանքները եզակի որակեց. «1987թ-ից այս շենքում եմ: Այսպիսի աշխատանքային պայմաններ ով էլ ունենա, պարտավոր է արժանավույն աշխատել: Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան տարեկան այցելում է 35 հազար զբոսաշրջիկ: Գյուղ մտնողը, երբ տեսնում է նման շենք, այդ շենքին համահունչ է քայլում և գործում»: 

Վարչական շենքի վերանորոգման ընթացքը

Վերանորոգումից հետո

«Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից:

Դեկտեմբեր 20, 2023 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր