

Արուս Ներսիսյանն «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրենն է, արդեն 9 տարի առաջնորդում է մի կառույց, որը հիմնադրվել է Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքների կողմից: Հայաստանում առաջին անգամ էր, որ հատուկ պահպանվող տարածքի պաշտպանությունը ստանձնել էր կին ղեկավար: Հիմնադրամը համայնքային կառույց է, որն իրականացնում է գործունեություն բնության պահպանության, զբոսաշրջության և համայնքային զարգացման ոլորտներում:
«Որպես կին ղեկավար բախվում ես բազմաթիվ խնդիրների, սակայն եթե բնավորությամբ վախկոտ չես և դիմակայուն ես խնդիրներին, կարող ես այդ բոլոր մարտահրավերները հաղթահարել՝ ներգրավելով թե՛ անձնակազմին, թե՛ այն աջակիցներին, ովքեր քո կողքին են՝ սկսած ընտանիքի անդամներից մինչև համայնքի ներգրավվածություն: Քանի որ հիմնադրամը համայնքային կառույց է, կառավարմանը ներգրավված են խորհրդի անդամներ, և բարդ լուծում պահանջող խնդիրների որոշումները կայացվում են հիմնադրամի խորհրդի անդամների հետ միասին», - ասաց Արուս Ներսիսյանը:
Արուսի համոզմամբ, ճիշտ մոտեցման դեպքում համայնքները կարող են ոչ միայն պահպանել իրենց բնական միջավայրը, այլև դրանից տնտեսական օգուտներ քաղել: Հիմնադրամը փորձում է որսագողության դեմ պայքարել ոչ միայն վերահսկողության միջոցով, այլև ցույց տալով այլընտրանքային եկամտի հնարավորությունները, ինչպիսիք են՝ ամենագնացներով տուրերը, սննդի մատուցման ծառայությունները և էկոտուրիզմի այլ ձևեր:
«Երբ նոր էինք սկսել գործունեություն ծավալել, որսագողության թիվը բավական շատ էր, և մեր պայքարը բավականաչափ դժվար էր: Սակայն մեր տեսուչների ներգրավվածությամբ կարողացել ենք ինչ-որ չափով այս խնդիրը հաղթահարել, համագործակցություն ենք ստեղծել իրավապահ մարմինների և բնապահպանության տեսչության հետ: Ինչ-որ չափով այժմ գործունեությունն ավելի հեշտացել է, որովհետև համատեղ աշխատանքի արդյունքում կարողանում ենք անօրինական գործողությունները կանխել պահպանվող լանդշաֆտում: Մենք փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ որսագողությունից բացի եկամուտ ստանալու և աշխատելու այլընտրանքային տարբերակներ կան: Օրինակ՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցում: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տեղացիներին ներգրավել ենք պահպանվող լանդշաֆտում որևէ ծառայություն մատուցելու: Եվ իրենք տեսել են, որ այդ գործունեությունն ավելի եկամտաբեր է, քան որս իրականացնելը»,- նշեց նա:
Ըստ Արուսի՝ բնապահպանությունն ու զբոսաշրջությունը փոխկապակցված ոլորտներ են: «Հատկապես արկածասեր ու բնասեր մարդկանց համար սա լավագույն համադրությունն է: Հիմնականում մարզ այցելող զբոսաշրջիկներին գրավում է պատմամշակութային կոթողը՝ Նորավանքը, բայց «Արփա» պահպանվող լանդշաֆտն իր տեղադիրքով և Նորավանքի կիրճը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկին ոչ միայն հիանալու պատմամշակութային կոթողով, այլև՝ զբոսաշրջային այլ ձևերից ևս օգտվելու, օրինակ՝ արկածային և զբոսաշրջային փորձառություններ, գաստրոտուրիզմ»,- նշեց նա:
«Արփա» բնապահպանական հիմնադրամը մշտապես ձգտում է նորարարությունների: Այդ ճանապարհին նրան օգնության են գալիս միջազգային կազմակերպություններն ու ծրագրերը: «Հիմնադրամը գոյություն չէր ունենա և չէր կարողանա իր գործառնություններն իրականացնել, եթե չլինեին մեր հավատարիմ դոնորները, հատկապես՝ Բնության համաշխարհային հիմնադրամը և Կովկասի բնության հիմնադրամը, որոնք մշտապես աջակցում են մեզ: 2024թ-ից նոր համագործակցություն ենք ստեղծել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում: «Ռազմավարական զարգացման գործակալությունը» նպաստել է հիմնադրամի կարողությունների զարգացմանը, աջակցել հիմնադրամի տեղեկատվական կենտրոնի վերազինմանը:
«Ծրագրի շրջանակներում մշակել ենք նոր փորձառություններ՝ ռենջեր տուրը, արտաճանապարհային տուրեր դեպի այլ տարածքներ: Սրանք բնահեն փորձառություններ են, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել: Այս տարի նախատեսում ենք զբոսաշրջային մեծ հոսք: Արենիում ունենք տեղեկատվական կենտրոն, որը կահավորված չէր, և ծրագրի շրջանակում կարողացանք սարքավորումներով համադրել մեր այցելուների կենտրոնը: Կենտրոնը կնպաստի Արենիում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կկարողանանք ընդլայնել մեր գործունեությունը՝ զբոսաշրջիկներին տրամադրելով ավելի լայն տեղեկատվություն մարզի գրավչությունների և փորձառությունների վերաբերյալ: Ամբողջ Վայոց ձորի մարզում, հատկապես Արենիում և Եղեգնաձորում, չկա որևէ տեղեկատվական կենտրոն, որտեղից զբոսաշրջիկները կարողանան իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Այս առումով կարևորվում է մեր այցելուների կենտրոնի գործունեությունը, քանի որ մենք տալիս ենք տեղեկատվություն մարզում փորձառությունների, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ և նպաստում ենք, որպեսզի զբոսաշրջիկի փնտրտուքները երկար չտևեն: Կան բավականաչափ բացեր, որ զբոսաշրջիկները տեղանքում չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, քանի որ չկան համապատասխան ցուցանակներ փողոցների ու այցելավայրերի վերաբերյալ: Փորձում ենք օնլայն տարբերակով, տեղադիրքը բացատրելով օգնել զբոսաշրջիկին տեղանքում ճիշտ կողմնորոշվել: Արենիի նոր տեղեկատվական կենտրոնի միջոցով հիմնադրամը նաև նպաստում է զբոսաշրջային ծառայությունների զարգացմանն ու տեղացի ձեռներեցների աջակցմանը»,- նշեց Արուսը:
Նա նշեց «Ռազմավարական զարգացման գործակալության» հետ իրականացվող ևս մեկ ծրագրի հաջողության մասին, որը միաժամանակ համադրել են LILA ծրագրի նետ: «LILA և RECONOMY ծրագրերի շրջանակում մարզից 13 ընտանիքի ենք աջակցել, ովքեր ներկայում յուրահատուկ փորձառություն են մատուցում: Ծրագրերի շրջանակներում ներկայացրել ենք նրանց հատուկ հարթակներում, որի շնորհիվ տվյալ ընտանիքները կկարողանան ընդունել հյուրեր ու գեներացնել եկամուտներ տարբեր փորձառություններից»,- ասաց նա:
Արուս Ներսիսյանը հիմնադրամի ապագայի հետ կապված բազմաթիվ գաղափարներ ունի՝ նպատակ ունենալով ներգրավել ավելի շատ համայնքներ բնության պահպանության և կայուն զբոսաշրջության զարգացման գործընթացներում։ «Մենք շատ գաղափարներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականացնել թե պահպանվող լանդշաֆտում, և թե պահպանվող լանդշաֆտից դուրս: Հնարավորության դեպքում ցանկանում ենք, որ լանդշաֆտի տարածքն ընդլայնվի ու ավելի շատ համայնքներ ներգրավված լինեն բնության պահպանությանը, և իհարկե, տվյալ տարածքներում ընդլայնենք մեր բնահեն փորձառությունները: Մենք մտածում ենք այնպիսի նոր փորձառություններ մշակենք, որի շրջանակներում նաև տեղացիները ներգրավված կլինեն և հնարավորություն կունենան լրացուցիչ եկամուտներ ստանալու»,- ասաց նա:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Մարտ 03, 2025 at 09:59