

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում տեղակայված «Արտչիզ» պանրի համտեսի սրահը դարձել է ոչ միայն զբոսաշրջիկների սիրելի վայրերից, այլև հայկական գաստրոտուրիզմի հաջողված օրինակներից մեկը։
Այս պատմության գլխավոր հերոսը Արթուր Նազարյանն է՝ «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահը: 2017թ. նա հիմնադրեց գյուղատնտեսական կոոպերատիվ հինգ անդամների հետ, ժամանակի ընթացքում կոոպերատիվն ընդլայնվեց՝ ընդգրկելով յոթ անդամի:
Սկզբնական շրջանում կոոպերատիվի խոշոր եղջերավորների կաթը հավաքվում և ուղարկվում էր «Աշտարակ կաթ» գործարան վերամշակման նպատակով։ Որոշ ժամանակ անց Արթուրն իր թիմով որոշեց ստեղծել սեփական արտադրությունը: Հիմնեցին «Արտչիզ» պանիրների արտադրամասը։ «Սկզբում արտադրում էինք ընդամենը երեք տեսակի պանիր՝ Ելփին, Չանախ և Լոռի: Տարիների ընթացքում տեսականին հասավ 12 տեսակների՝ բոլորն էլ պատրաստված անարատ կաթից», - ասաց Արթուր Նազարյանը:
Կաթը ներկայում մթերում են սեփական ֆերմայի կովերից, ինչպես նաև՝ համագյուղացիներից ու Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից: «Շուրջ 7-8 ընդունման կետ ենք կառուցել մարզում: Այդկերպ նոր աշխատատեղեր ենք ստեղծել տարբեր համայնքներում: Յուրաքանչյուր կաթի ընդունման կետում աշխատում է 1-3 հոգի»,- ասաց նա:
Արթուր Նազարյանի հետևողական ջանքերի և «Ռազմավարական զարգացման գործակալության» հետ համագործակցության շնորհիվ «Արտչիզը» դարձավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի շահառու, և 2023թ. իր դռները բացեց «Արտչիզ» պանրի համտեսի սրահը, որը ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրն է դարձել։
«Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ Կանադայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից, ովքեր ուզում են ծանոթանալ հայկական արտադրանքին, մեր տեղական պանիրներին»,- ասաց Արթուր Նազարյանը:
Համտեսի սրահի բացումը նպաստեց նաև պանրի վաճառքի ավելացմանը: «Նախկինում եթե արտադրամասում վաճառվում էր տարեկան 25-30 տոննա պանիր, համտեսի սրահի կառուցման ու գաստրոտուրիզմի զարգացման հետ արտադրության ծավալները ևս աճեցին՝ հասնելով տարեկան 50-70 տոննայի, որից 40-45%-ը արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան և Վրաստան»,- նշեց Արթուր Նազարյանը: Համտեսի սրահի բացումը նաև դրական անդրադարձավ համայնքի վրա՝ ևս 3-5 սեզոնային աշխատատեղ ստեղծելով:
Համագործակցությունը Ռազմավարական զարգացման գործակալության հետ բերել է նորարարական մոտեցումներ, մարկետինգային հմտությունների զարգացում և միջազգային փորձի փոխանակում։ Արթուր Նազարյանը մասնակցել է հմտությունների զարգացման և որակավորման բարելավմանն ուղղված դասընթացների: Այս ամենը նպաստել է արտադրության որակի բարձրացմանը և շուկայի ընդլայնմանը։ «Ծրագրի շրջանակում ստեղծվել են համագործակցություններ գաստրոբակերի, գինետների ու հյուրանոցային համալիրների հետ: Ստեղծել ենք ամբողջական արժեշղթա՝ արտադրանքից մինչև վաճառք, մինչև շուկայի մարկետինգ»,- նշեց նա:
Չնայած որոշ մարտահրավերներին՝ ինչպես օրինակ կաթի հումքի պակասը, Արթուր Նազարյանը հավատում է, որ ինտենսիվ գյուղատնտեսությունը և խելացի անասնապահությունը կարող են լուծել այդ խնդիրները։ Նրա նպատակն է ընդլայնել բիզնեսը՝ ունենալ սեփական խոհանոց և հյուրատուն, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան ամբողջությամբ վայելել հայկական գյուղական կյանքը, որպեսզի իր ստեղծած արժեշղթան ամբողջությամբ կայանա:
Արթուր Նազարյանի պատմությունը մի օրինակ է, թե ինչպես է հնարավոր նվիրվածության ու համառության շնորհիվ գյուղատնտեսական գաղափարը վերածել հաջողված բիզնեսի։ «Ես կցված եմ իմ հողին, իմ արմատներին եմ կցված։ Ես ուզում եմ, որ իմ փորձը օրինակելի լինի։ Մարդիկ մնան գյուղերում, զարգացնեն գյուղատնտեսությունը: Ամեն ինչ աշխատանքի արդյունքում է ստեղծվում: Եթե դու կարողանում ես աշխատել, ստեղծել, դու չես կարող լքել քո հայրենիքը, չես կարող լքել քո համայնքը»,- ասաց նա։
Լուսանկարը՝ «Ռազմավարական զարգացման գործակալության»
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Մարտ 04, 2025 at 14:48