

Մարտի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1973թ. մարտի 3-ին «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիայի» ընդունման հետ։
2025թ. օրվա թեման է՝ «Վայրի բնության պահպանության ֆինանսավորում. ներդրումներ մարդկանց և մոլորակի համար»։ Այս թեման ընդգծում է, թե ինչպես կարող ենք համատեղ ուժերով ստեղծել ավելի արդյունավետ և կայուն ֆինանսավորման մեխանիզմներ, որպեսզի ապահովենք կյանքի կենսունակ ապագա ինչպես մարդկանց, այնպես էլ մեր մոլորակի համար։
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ այսօր ավելի քան 1 միլիոն կենդանական տեսակ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ և բախվում է մոլորակային եռակի ճգնաժամին։ Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ կախվածություն ունեն ավելի քան 50 հազար վայրի կենդանատեսակներից ու բուսատեսակներից։
Աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան կեսն այս կամ այն կերպ կապված է բնության հետ, ուստի կենսաբազմազանության կորուստը լուրջ սպառնալիք է ֆինանսական կայունության համար։ Ներդրումները կենսաբազմազանության պահպանման գործում կազմում են 143 միլիարդ դոլար, մինչդեռ տարեկան անհրաժեշտ է շուրջ 824 միլիարդ դոլար:
Հայաստանը գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում։ Հայաստանի տարածքում հանդիպում են ավելի քան 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, 17 հազար 500 տեսակ կենդանիներ՝ ներառյալ ողնաշարավորների 536 տեսակ։
Մարտ 03, 2025 at 16:25