Վայրի բույսերի հավաքի և վերամշակման հմտություններ՝ ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

Վայրի բույսերի հավաքի և վերամշակման հմտություններ՝ ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

Մարտի 18-ին Ձորաղբյուրում տեղի ունեցավ «Բարձրարժեք խոտաբույսերի և վայրի օգտակար բույսերի մշակությունը, վերամշակումը, բերքահավաքը և շուկայի ձևավորումը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն նախաձեռնվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում։ Դասընթացին մասնակցեցին վայրի բույսերի հավաքով և վերամշակմամբ զբաղվող ծրագրի շահառու կազմակերպությունների ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով խորացնել իրենց մասնագիտական հմտությունները։

«Ուսուցման կանաչ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, դասընթացավար Նունե Սարուխանյանը տեսական ու գործնական վարժությունների միջոցով մասնակիցներին ծանոթացրեց վայրի բույսերի հավաքման տեխնիկային, վերամշակման տեխնոլոգիաներին, հետբերքահավաքային գործընթացների կազմակերպման, բույսերի պահպանման, փաթեթավորման, ինչպես նաև շուկայի ձևավորման և գովազդային արշավների կազմակերպման առանձնահատկություններին։

Դասընթացին մասնակցում էր նաև Լոռու մարզից ծրագրի շահառու Մարիամ Եգանյանը, ով զբաղվում է «Լոռենի» բուսական թեյերի արտադրությամբ:  «Լոռենի»-ի ընտրանին ներկայացնում է Լոռվա բնաշխարհի վայրի հավաքից պատրաստված թեյեր: «Արդեն չորրորդ անգամ էի մասնակցում «Կանաչ արահետ»-ի դասընթացին։ Ամեն անգամ զինվում եմ նոր գիտելիքներով։ Շատ հետաքրքիր էր ծանոթանալ մեր գործընկերների հետ, լսել նրանց փորձի մասին, ինչպես նաև համեմատել մեր տարածքներում աճող վայրի բույսերի համային ու հոտային առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում ծանոթացանք վայրի բույսերի որոշակի նրբությունների հետ, որոնք մինչ այս հաշվի չէինք առել։ Դասընթացն ուղիղ կապ ունի մեր գործունեության հետ, այդ պատճառով նման դասընթացները և փորձի փոխանակման ծրագրերը մեծ կարևորություն ունեն։ Դասընթացից ստացված գիտելիքները կօգտագործվեն բիզնեսի կայունության խթանմանը և ավելի որակյալ արտադրանքի իրացմանը»,- ասաց Մարիամ Եգանյանը:

Մասնակիցները ներգրավված էին ինտերակտիվ խաղերի մեջ, ինչը նպատակ ուներ սովորեցնել բույսերի աճի ուսումնասիրության տեխնիկաներն ու բիզնեսի զարգացման հիմնական մեխանիզմները։ 

Մարիամ Եգանյանը կարևորեց նման դասընթացների անցկացումը նաև մարզերում. «Այս դասընթացների շնորհիվ ձեռք ենք բերում նոր գործընկերային կապեր, նոր գիտելիքներ վայրի բույսերի չորացման, փաթեթավորման և պահպանման մասին։ Կցանկանայի, որ նման դասընթացներ կազմակերպվեն նաև մեր գյուղերում, որպեսզի տեղում ուսումնասիրենք բնությունը»։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան Նունե Սարուխանյանի հեղինակած գրքերը, որոնք կօգնեն նրանց մասնագիտական գործունեության մեջ:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի

Մարտ 28, 2025 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր