

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ ՄԱԿ-ը հիշեցնում է՝ բուսական և կենդանական աշխարհի մեկ միլիոն տեսակ գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Կենսաբազմազանությունը շարունակում է արագ տեմպերով նվազել մարդկային գործունեության հետևանքով։

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։
2025 թվականի թեման է «Ներդաշնակություն բնության հետ և կայուն զարգացում»։ Կենսաբազմազանության պահպանման ծրագրի իրականացումը և Կայուն զարգացման նպատակներին հասնելը փոխկապակցված են և պետք է իրականացվեն միաժամանակ։

Կենսաբազմազանության օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է․ «Կենսաբազմազանությունը կյանքի հիմքն է և կայուն զարգացման անկյունաքարը։ Մարդկությունն այն ոչնչացնում է «կայծակնային արագությամբ»՝ կարճաժամկետ շահերի բավարարման միջոցով։ Գուտերեշն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը համաշխարհային խնդիր է, որը ոչ մի երկիր, անկախ նրանից, թե որքան հարուստ կամ հզոր է, չի կարող միայնակ լուծել։

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել փոփոխություններ կատարել արտադրության և սպառման մոտեցումներում, ինչպես նաև իրականացնել Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը։ «Մեզ անհրաժեշտ են քաղաքականություններ, կանոնակարգեր և այլ խթաններ՝ կայուն կենսապահովման միջոցներին աջակցելու և ուժեղ կանաչ տնտեսություն կառուցելու համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Ըստ նրա՝ կառավարությունները պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն կանաչ նախաձեռնությունների համար և հրաժարվեն սուբսիդավորել շրջակա միջավայրին վնասող գործունեությունը։ «Ինչպես մեզ հիշեցնում է այս տարվա թեման, բնության հետ ներդաշնակ և կայուն ապրելը մարդկության ուղին է աշխարհը բոլորիս համար ավելի լավը դարձնելու։ Եկեք միասին անցնենք այս ճանապարհը», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հայաստանում Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով։ Հայտարարվեց Կենսաբազմազանության շաբաթ, որի շրջանակում իրականացվեցին բնապահպանական, կրթական միջոցառումներ։ Դրանցից ուշագրավ է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակի բացթողումը Լոռու մարզի Եղեգնուտի անտառ WWF-Հայաստանի կողմից «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Մայիս 22, 2025 at 17:18
