Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

www.aliqmedia.am

Վայոց ձորը մեկն է այն մարզերից, որտեղ իրականացվում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրիրը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: ԼԻԼԱ ծրագիրը գործում է Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։ Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ բնապահպանական և տնտեսական։ Որպես գործունեության առանցքային ուղղություններ՝ «ԼԻԼԱ»-ն կենտրոնանում է կայուն և ներառական տուրիզմի և դրա հետ փոխկապակցված վայրի հավաքի և սննդի մատակարարման արժեշղթաների վրա։ Բացի դրանից, աջակցելով տեղի ինքնակառավարման մարմիններին և պետական կառույցներին՝ բնական պաշարների կառավարման և կլիմայի փոփոխությանը դիմակայության հարցում, ծրագիրը նպաստավոր միջավայր է ստեղծում բնապահպանական նպատակներին հասնելու համար։

«Տնտեսական բաղադրիչով մենք աջակցում ենք ավանդական գյուղատնտեսությանը այլընտրնքներ ստեղծելուն, և որպես գերակա ուղղություն ընտրվել է զբոսաշրջությունը։ Իսկ բնապահպանական բաղադրիչի փիլիսոփայությունը սա է՝ եթե մենք ունենք ավելի զարգացած համայնքներ, ունենք եկամտի կողմնակի աղբյուր, ապա կարող ենք կրճատել բացասական ներգործությունը շրջակա միջավայրի վրա։ Մարդը, որը որ տնտեսապես ավելի ապահովված Է, ավելի փոքր ճնշում է գործադրում շրջակա միջավայրի վրա։ Դրա համար մենք հիմա զարգացնում ենք շուկաներ և նաև նպաստում ենք բնապահպանության զարգացմանը»,-ասում է ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը։ Ծրագրի վերջնարդյունքներով ընտրված գյուղական համայնքներում գործում են 20 բիզնեսներ զբոսաշրջության ոլորտում՝ հյուրատներ, հյուրանոցներ, համտեսի սրահներ և 10 մատակարարներ՝ զբոսաշրջության և հյուրընկալության շուկայում։

Ամեն պանիր իր հաճախորդն ունի․ «Արթչիզ» պանիրների արտադրամասի տնօրեն Արթուր Նազարյան

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում տեղակայված «Արթչիզ» պանրի համտեսի սրահում «Ելփին» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Արթուր Նազարյանը մանրամասն պատմում է պանրի ստեղծման ամբողջ գործընթացը՝ կաթի ընդունումից մինչև հնեցում ու մատուցում։

«Արտադրում ենք շուրջ 12 տեսակի բարձրարժեք պանիրներ, որոնք պատրաստվում են միմիայն անարատ կաթից՝ մեր սեփական տեխնոլոգիայով։ Ունենք հնեցված պանիրներ, ունենք նոր տեսակի պանիր, ամեն տարի փորձում ենք մի նոր բան շուկա մտցնել, օրինակ այս տարի մուտք ենք արել «Արթչիզ» տեսակի պանիրը, որը նոր բրենդ է»,- պատմում է Արթուրը։ Պանիրների այս բազմազանության մեջ գներն էլ են տարբեր, ամենամատչելին արժե 2000 դրամ, ամենաթանկը ՝ 18000 դրամ, որը հենց «Արթչիզն» է․ այն որքան հնեցվում, այնքան որակային հատկանիշները բարձրնում են։ Նպատակ ունեն «Արթչիզը» հնեցնել մինչև 5 տարի, հիմա այն դեռ 8 ամիս է հնեցված։ Այս տեսակի պանիրը մոտ է պարմեզանին, բայց պարտաստված է սեփական տեխնոլոգիաներով։

Արթուր Նազարյանի խոսքով բոլոր պանիրներն էլ պահանջված են, ուղղակի գնորդներն են տարբեր՝ թանկարժեք պանիրները քիչ են վաճառվում Երևանում, բայց դրանք էլ շատ են վաճառում տեղում, երբ զբոսաշրջիկներն են գալիս ու համտեսում․ «ամեն պանիր իր հաճախորդն ունի»,-ասում է նա՝ ավելացնելով, որ զբոսաշրջիկներին ավելի շատ կարելի է զարմացնել հայկական պանիրներով, օրինակ՝ «Ելփին միքսով», որը համային յուրօրինակ հատկություն ունի։ Վերջինս հոլանդական գաուդայի և հայկական ավանդական պանրի միքս է։ Երբ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում տարբեր երկրներից՝ Շվեյցարիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից մասնագետներ են բերվել՝ արդեն կիրառվող տեխնոլոգիները զարգացնելու ու արտադրատեսակն ավելացնելու համար, «Արթչիզում» համատեղ կիրառել են նաև հայկական տեխնոլոգիան․ «եկել է հոլանդացին, մեզ սովորացրել է՝ հոլանդական պանիր ոնց են սարքում, բայց մենք բացատրել ենք, որ բացի ձեր հոլանդական պանրից կա նաև հայկական ավանդական պանիր, մենք կարո՞ղ ենք այդ երկուսը միավորենք, որ դառնա մի նոր արտադրատեսակ, ոչ թե սարքենք հոլանդական Գաուդա ու վերջ։ Իրենք գաուդա էին սովորացրել մեզ, բայց գաուդան՝ հնեցված գինով, արդեն մեր մտահղացումն է, մեր տեխնոլոգիան է»,-ասում է Արթուրը։ «Արթչիզը» արտադրում է նաև այլ յուրօրինակ տեսակներ՝ վիսկիով հնեցված պանիր, եգիպտական պանիր, որ նորություն է, ու շուկայում միայն իրենք են ներկայացնում․ անհրաժեշտ համեմունքը բերվում է Եգիպտոսից, բայց պատրաստման տեխնոլոգիան «Արթչիզինն» է։

«Արթչիզ» պանրի համտեսի սրահը հիմնվել է ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ, գործում է 2023 թ․ օգոստոսից և հյուրընկալում է զբոսաշրջիկների։ Վաղուց են նպատակ ունեցել, որ «Ելփին» գյուղատնտեսական կոոպերատիվն ունենա համտեսի սրահ։ Սկզբում կոոպերատիվի նախագահը թերահավատ է եղել, չի պատկերացրել, որ զբոսաշրջիկները կարող են գալ իրենց համայնք, քանի որ արդեն հայտնի տուրիստաակաան ուղղություններ կան՝ Արենի, Նորավանք, դեպի Տաթև․ «չէի պատկերացնում, որ այսքան զբոսաշրջիկ կունենանք, օրինակ անցած տարի ունեցել ենք մոտ 2300-2500 զբոսաշրջիկ այցելու, պատկերացրեք՝ ամեն զբոսաշրջիկ գալուց մենք ինչքան լավ ենք զգում, որ մեր ամբողջ աշխատանքը արդյունք է տվել, երկրորդն էլ՝ դա, բնականաբար, բերում է նաև եկամուտ, բերում է նոր ճամաչում»,-պատմում է Արթուր Նազարյանը։ Նրա խոսքով, ծրագրի շրջանակում  համագործակցությունը նախ ավելացել է իրենց արտադրության ծավալները, նպաստել տեսանելիությանը, համագործակցությունների աճին, կաթի մթերման ծավալներին, ինչպես նաև ավելացրել է աշխատատեղեր։ Արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու արդյունքում աճած եկամուտներից, կարծում է, օգտվում են ոչ միայն իրենք, այլ նաև՝ Ելփին համայնքի բնակիչները․ «Կան ընտանիքներ, որ արտագաղթել են գյուղից, գնացել Երևան, Ռուսաստան և այլն։ Մի 30 փակ դուռ կա՝ 30 տնտեսություն։ Հենց վերցնեմ թեյերի հետ կապված օրինակը․ երիտասարդ տղաներ են, որոնք ուզում էին թողնել-գնալ, բայց որ իրենց թեյերը բերեցին մեզ մոտ, սկսեցինք ավելի շատ գովազդել իրենց արտադրանքը, թեյերը նաև պանրի հետ մատուցել զբոսաշրջիկներին, վաճառքներ եղան․ հիմա փոքրիկ արտադրամաս են արդեն կառուցվել։ Բերում են մեզ մոտ չրեր, թեյեր, սուջուխներ, տարբեր տեսակի ուրցեր մեր տարածաշրջանից, ծաղիկներ։ Այդ ամբողջը շաղկպված է»,-շեշտում է Արթուր Նազարյանը։

ԼԻԼԱ ծրագիրն ինքն էլ վերջնարդյունքներում կարևորել է սոցիալական, ինչպես նաև գենդերային բաղադրիչը և սահմանել, որ գյուղատնտեսական զբոսաշրջության զարգացման գործում մեծ ուշադրություն է դարձվելու կանանց, սոցիալապես անապահով ընտանիքներին և անտեսված խմբերին՝ խթանելու նրանց հասարակական ներգրավվածությունը և աղքատության մակարդակի իջեցումը։ «Ծրագիրն ունի ինդիկատորներ, չափանիշներ, որոնք մենք անպայման հաշվի ենք առնում։ Օրինակ՝ գենդերային կոմպոնենտը, որը ենթադրում է, որ կարևորվում է կանանց, կին  ձեռներեցների ներգրավվածությունը՝ առավել ևս համայնքներում, զբոսաշրջության ոլորտում»,- բացատրում է ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը։

Ես խոհանոցում նկարում եմ՝ ուղղակի համերով. «Շերամ» ազգային խոհանոցի համահիմնադիր Մարիամ Սիմոնյան

Արենիի «Շերամ» ազգային խոհանոցում մեր այցելության օրը մատուցում էին մասուրով ապուր ու տոլմա, որոնք պատրաստել էր ռեստորանի համահիմնադիր Մարիամ Սիմոնյանը։

«Տոլման խաղողի թփով է պատրաստված, թուփն էլ հենց Արենիի խաղողի այգիներից է՝ տեղական, ու այստեղի մրգերի չրերով եմ պատրաստում, որը, ինձ թվում է, առանձնահատուկ է, որովհետև տոլման ոչ բոլորն են չրերով պատրաստում։ Մասուրի ապուրը նույնպես Արենիի խոհանոցի մի մասն է․ ես, կապ չունի որտեղ եմ, գյուղի տատիկներից, մեր մամաներից միշտ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք այս ճաշը պատրաստել, ամեն մեկից մի բան եմ վերցնում, ու ինքս իմ ձևով գյուղի համը մատուցում եմ զբոսաշրջիկներին,- ներկայացնում է Մարիամը, ով ավանդական ուտեստներից որոշների տեսքն է նորացնում, իսկ մոռացված ուտեստներին նոր շունչ է տալիս,-ինձ թվում է՝ ամեն մարդ իր ձեռքի համն ունի, ու մեկ-մեկ որ ասում են՝ մենք էլ նույն ձևով արեցինք՝ նույնը չստացվեց, ես ասում եմ՝ իմ մատների համն է,-պատմում է մասնագիտությամբ գեղանկարչուհի Մարիամ Սիմոնյանը,- ինձ միշտ թվում է, որ խոհանոցում նկարում եմ՝ ուղղակի համերով»։

«Շերամի» հիմնադիրները կարծում են, որ զբոսաշրջիկները, Հայաստան գալով, ուզում են տեղի ճաշատեսակները փորձել, այդ պատճառով էլ իրենք ուտեստները հենց ավանդական ձևով են ուզում մատուցել, ոչ թե միայն տպավորություն թողնելու համար այդպես ներկայացնեն, ասում են՝ նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով փորձում ենք ստանալ ավանդական, բայց որակապես շատ բարձր, ազգային ուտեստներով խոհանոց։

Մարիամ Սիմոնյանը մանկուց շատ է սիրել խոհանոցը․ «Հայրական ընտանիքս զբաղվում էր տուրիզմով՝ Արենիում։ Խոհանոցով առաջին անգամ զբաղվել եմ եղբորս հյուրատանը՝ տուրիստների համար հաց պատրաստելով։ Երբ ամուսնացա, ամուսնուս ընտանիքն էլ էր զբաղվում տուրիզմով, բայց իրենք ոչ թե հաց տալով, այլ գինեգործությամբ էին զբաղվում։ Որ հյուրերը ուզում էին հաց ուտել, ասում էի՝ ես կպատրաստեմ, ու այստեղ էլ կամաց-կամաց սկսեցի։ Տանս խոհանոցում էի պատրաստում և շատ անհարմարություններ էի կրում այդ պատճառով։ Ու միշտ երազում էի, ասում էի՝ ես պիտի իմ խոհանոցը, իմ ռեստորանը ունենամ»,-պատմում է Մարիամը։

«Շերամը» նույնպես ԼԻԼԱ ծրագրի շահառուներից է․ ծրագրի աջակցությամբ իրականացվել է ազգային խոհանոցի արդիականացումը։ Տարածաշրջանում հյուրատներ ու գաստրոբակեր կան, բայց այստեղ շեշտը դրվել է ազգային խոհաանոցի ու գաստրոտուրիզմի զարգացման վրա։ «Միշտ, երբ ինձանից խորոված են ուզում, ասում եմ՝ ես խորոված չեմ տալիս, ես ավելի շատ ուզում եմ առաջարկել մի բան, որը ուրիշ տեղ չեն ուտում կամ չեն կերել»,-ասում է «Շերամի» համահիմնադիրը։

ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը նշում է՝ քանի որ Արենին ու առհասարակ այդ տարածաշրջանը հայտնի է գինիով, այդքան հյուրատներից զբոսաշրջային հոսքին սպասարկելու համար պետք է պրոֆեսիոնալ ու որակյալ ռեստորան․ նաև այդ խնդիրն է լուծում Մարիամի բիզնեսը։ «Այստեղ բնապահպանական մասն էլ ենք անում՝ հայկական խոհանոցը ենթադրում է նաև հայկական բույսերի, ուտելի բույսերի, պտուղների կիրառություն, այսինքն վայրի հավաքի տարրն ենք ներառում»,-ասում է նա։

Մարիամի՝ բիզնեսով զբաղվելը ոչ միայն անակնկալ չի եղել ընտանիքի անդամների համար, այլև աջակցել ու սպասել են, իր խոսքով, որպես կին երբևէ խոչնդոտների չի հանդիպել․ «մեր գյուղում շատ հյուրատներ կան, որտեղ  կանայք են գլխավորը, և այդ հյուրատները կանանց անուններով են կոչում, մեր գյուղում նորմալ է դա, որ կին է բիզնեսի ղեկավարը կամ տերը, այդ խնդիրը չկա»,-ասում է նա։ Սակայն ռեստորանի կառուցումը, այնուամենայնիվ, թողել է իր ազդեցությունը․ «Ես մի կին եմ, ով ամեն օր աշխատում էր խոհանոցում, և դա իմ առօրյայի մի մասն էր, բայց չունեի իմ ռեստորանը, իմ խոհանոցը, որտեղ լիարժեք կինքնադրսևորվեի։ Վերջապես գտել եմ ինքնաարտահայտման իմ ճանապարհը»։

Ընտանեկան գինեգործարանը ժառանգներին ժառանգություն թողնելու մասին է․ «Կրիա» գինու գործարանի համահիմնադիր Տաթևիկ Գաբրիելյան

«Գինեգործությունը ավանդական է և, պատկերացրեք, նույնիսկ Եվրոպայում է դեռ ավանդական, ու կանայք այնքան էլ շատ չեն գինեգործության մեջ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ ֆիզիկական գործ է, և, հատկապես, լինել փոքրիկ, ոնց որ ես եմ ու զբաղվել այդ աշխատանքով, մի քիչ դժվար է, բայց, գիտե՞ք՝ երբ ուժդ չի հերիքում, աշխատում է ուղեղդ, և կարողանում ես ապահովել նույն որակը, երբեմն՝ նույնիսկ ավելին»,-ասում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գինեգործ, «Կրիա» գինու գործարանի գործադիր տնօրեն, համահիմնադիր Տաթևիկ Գաբրիելյանը։

Տաթևիկը որպես մասնագիտություն ընտրել է գինեգործությունը, որովհետև սիրել է քիմիան ու շատ լավ տիրապետել։ Մասնագիտության ընտրության վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև հեռուստատեսային կերպարները․ «այդ ժամանակ նայում էի ինչ-որ ֆրանսիական ծրագրեր՝ աղջիկը գեղեցիկ այգիներում, բաժակը ձեռքին․․․ և որոշեցի, որ սա իմն է։ Իհարկե,  հետագայում հասկացա, որ ընդհանրապես դրա հետ կապ չունի իմ մասնագիտությունը (ծիծաղում է,-հեղ․)»։ Տաթևիկը գինեգործության ոլորտում է 2006 թ․-ից, երբ, ինչպես ինքն է ասում, այն դեռ հետաքրքիր չէր Հայաստանում․ «շատ արագ ես էլ հիասթափվեցի»,-ասում է նա։ Մասնագիտությունն ավելի լավ հասկացել ու սկսել է սիրել, երբ մեկնել է Հայաստանից ու Շվեյցարիայում սկսել է սովորել գինեգործություն՝ մասնագիտանալով որպես գինեգետ․ «Շվեյցարիայում, աշխատելով այգիներում, իրոք սիրահարվեցի իմ մասնագիտությանը, որը բազմաբնույթ է՝ մի օր դու աշխատում ես հողի հետ, այգիներում, մյուս օրը՝ գինեգործարանում, հաջորդ օրը՝ ինչ-որ հյուրանոցում գեղեցիկ հագնված ներկայացնում ես այդ գինին։ Այն ամբողջ շղթան ապահովում է, ինչն ինձ համար շատ կարևոր է»։

 

Տաթևիկը պատմում է, որ 2017 թ․-ին, երբ ամուսնու հետ վերադարձան Հայաստան, գինեգործությունն արդեն բավականին զարգացել էր ու ամեն տարի գնալով զարգանում է ու փոխվում․ «Հայաստանում գինեգործությունը ֆենոմենալ արագ առաջ է գնում և, հուսով եմ, հաստատուն քայլերով դեռ երկար առաջ կգնա»,-ասում է նա։

Խաղողի՝ տեղին ոչ հատուկ սորտեր չեն աճեցնում, բայց աճեցնում և բազմացնում են սորտեր, որոնք վերացել են, մոռացվել, սակայն հետաքրքիր պոտենցիալ ունեն գինեգործության մեջ, օրինակ՝ Մորմորը․ «հիմա մենք խոսում ենք, որ ունենք գրանցված 300-ից ավելի տեսակներ, բայց աշխատում ենք ընդամենը 20 տեսակի հետ ամբողջ Հայաստանում, ինչը մենք փորձում ենք փոխել՝ նույն խաղողը տարբեր ձևերով ենք սարքում՝ հասկանալու իր պոտենցիալը։ Վերնաշեն գյուղը կարմիր սորտերով է հայտնի՝ ունենք Արենի, ունենք Թոզոտ, Սև խարջի, Մովուզ, Հակոբի որդի, ունենք նաև բավականին շատ՝ 10 տեսակից ավելի սպիտակներ, ինչն ինձ համար բացահայտում էր»։

Տաթևիկը նշում է, որ իրենք ավանդական գինեգործություն են անում՝ մի քիչ եվրոպական մտածելակերպով։ Չեն օգտագործում հերբիցիդներ, սիստեմատիկ պեստիցիդներ, օգտագործում են միայն օրգանականին հատուկ և շատ ցածր դոզաներով նյութեր, գինեգործարանում չեն օգտագործում գնված խմորիչներ, օգտագործում են իրենց սեփական խմորիչները, որոնք ստանում են հենց Վերնաշենի խաղողներից։  «Մենք կրիա ենք, մեր գինիները պետք է երկար մնան ձեր մառաններում, մեր համար առաջին բանը որակ ապահովելն է»,-ասում է նա։

Տաթևիկը կարծում է, որ ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ կառուցված համտեսի սրահը կօգնի ավելի շատ ներկայացնել հայկական խաղողագործությունը, թույլ կտա զբոսաշրջիկներին և մարդկանց, որոնք ուղղակի հետաքրքրված են «Կրիա»-ով, գալ, գեղեցիկ տեսարանում գինի համտեսել և ավելի սիրահարվել Հայաստանի խաղողագործությանն ու գինեգործությանը։ Բայց սա նպատակներից մեկն է միայն․

«Մեր նպատակներից է նաև հին՝ 75-տարեկան այգիներից գտնել ինչ-որ գանձեր և դրանք ավելի շեշտադրել։ Ես հիմա ժառանգում եմ իմ հայրիկից և փոխանցում եմ իմ երեխաներին։ Իսկ նոր տնկված այգիները լավ բերք կտան միայն 20 տարի հետո։ Ընտանեկան գինեգործարանը ժառանգներին ժառանգություն թողնելու մասին է, ոչ թե բիզնես անելու մասին, մանավանդ այս չափերի փոքրիկ ընտանեկան գործարանը, միանշանակ, ընտանիքի հետոյի համար է և ոչ թե այսօրվա»։

Մարգարիտա Ղազարյան

Բոլոր լուսանկարները՝ Էկոլուրի

Հոդվածը պատրաստվել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից մայիսի 5-7-ը Վայոց ձորի մարզ այցելության շրջանակում՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի արդյունքները ներկայացնելու համար։

Հունիս 06, 2025 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր