

Տավուշի մարզի Գոշ համայնքում կայացավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում կազմակերպված «Տուրիզմի հիմունքներ» թեմայով երկամսյա վերապատրաստման դասընթացի ամփոփիչ հանդիպումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը:
Դասընթացը նախատեսված էր արցախցի մասնակիցների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց կարողությունները ներգնա և ներքին զբոսաշրջության ոլորտում: Դասընթացը նախաձեռնել էր «Ուան ուեյ գրուպ» ՍՊԸ-ն:
Ծրագրի գործընկեր «Մեր լեռները» սպորտային ճամբարի հիմնադիր Էդգար Նավասարդյանը մասնակիցներին ներկայացրեց արկածային զբոսաշրջության հիմունքները, ինչպես նաեւ քայլարշավների, արշավների եւ լեռնագնացության կազմակերպման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց անվտանգության ապահովման կանոններին:
ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը հանձնեց հավաստագրերը եւ մասնակիցներին տրամադրեց պրոֆեսիոնալ քայլարշավային պարագաների լրակազմեր՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ:
Միջոցառման ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին Գոշավանքում եւ ծանոթացան Տավուշի մշակութային արժեքներին: Գոշում նրանք այցելեցին նաև «Արևի Գոշ» հյուրանոց, որը ծրագրի գործընկերներից է, եւ ծանոթացան հյուրընկալության առանձնահատկություններին:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հունիս 09, 2025 at 11:11