«Մի բուռ» սոցիալական նախաձեռնությունը համախմբեց Խաչիկի կանանց

«Մի բուռ» սոցիալական նախաձեռնությունը համախմբեց Խաչիկի կանանց

«Մի բուռ» սահմանամերձ էկոգյուղերի միավորումը Վայոց ձորի մարզի բարձրադիր սարերի գրկում՝ Խաչիկ գյուղում, համախմբել է մի խումբ կանանց խաղողից ու մասուրից դոշաբ պատրաստելու աշխատանքներում։ Խաչիկում դոշաբը դարձել է գյուղը միավորելու, մոռացված ավանդույթները վերակենդանացնելու շարժիչ ուժ։

Գյուղում խաղողի դոշաբ պատրաստելու ավանդույթը վերակենդանացրել է Սոնա Մակարյանը։ «Մի ժամանակ մեր խաղողը չէին ընդունում, մնում էր մեր ձեռքը։ Այն խաղողը, որը չէի կարող հանձնել, որոշեցի դոշաբ եփել»,- ասաց Սոնա Մակարյանը։

Սոնա Մակարյանի պատրաստած դոշաբը տարբերվում է շուկայում վաճառվող թթի դոշաբից, քանի որ հիմքը խաղողն է։ «Մեր գյուղում խաղողի դոշաբ են պատրաստում։ Այն քաղցրահյութ է, չի պարունակում շաքար, յուրահատուկ համային հատկություններ ունի։ Ամբողջ ձմեռ օգտագործում են տարբեր մթերքների՝ դդումի, կաթնամթերքի ու յուղի հետ: Այն նաև անասունների հիվանդությունների ժամանակ են օգտագործում վերքերը բուժելու համար», - ասաց Սոնա Մակարյանը և հավելեց, - Մեր դոշաբի առանձնահատկությունն այն է, որ իրենից Արենի խաղողի համն է գալիս»։

Նա պատմեց, որ 2019թ․ դոշաբը հյուրասիրեց գյուղ այցելած «Մի բուռ» սահմանամերձ էկո-գյուղերի միավորման համահիմնադիր Էկա Հորստկային, ում շատ դուր եկավ օշարակը։

«Ընկուզենու ծառի տակ պատահական համտեսեցի դոշաբ, որը յուրահատուկ համ ուներ։ Նկատեցի, որ այդ արտադրանքը ներկայացված չէ շուկայում, բայց մեծ պոտենցիալ ունի։ Այդպես ծնվեց «Մի բուռ»-ի գաղափարը՝ վեր հանել սահմանամերձ գյուղի ռեսուրսները ու միավորել մարդկանց համայնքային նպատակի շուրջ»,- ասաց Էկա Հորստկան։

Նպատակը սահմանամերձ գյուղի զարգացումն է։ Հենց մի բուռի, դոշաբ եփելու շուրջ հավաքելու խաչիկցիներին։ «Ինչո՞ւ մի բուռ, որովհետև մի բուռը խորհրդանշում է միասնություն, ուժ, հավաքական միավորում: Մենք սկսեցինք շատ փոքր քանակից, իսկ հիմա արդեն տոննաների մասին ենք խոսում»,- ասաց Էկա Հորստկան։ Նա նշեց, որ այսօր արդեն ունեն գործընկերներ, ովքեր հատուկ էկոմշակում են իրականացնում իրենց այգիներում: Ներկայում խաղողի դոշաբի արտադրական ծավալը հատել է 1.5 տոննայի սահմանաչափը։

Դոշաբի պատրաստման աշխատանքը մի քանի տարիների ընթացքում փոխել է ոչ միայն Սոնա Մակարյանի կյանքը, այլև՝ համագյուղացիների։ «Միավորվել ենք դոշաբ եփելու գաղափարի շուրջ՝ պահպանելով ավանդույթները: Խաղողի բերքհավաքից հետո կանայք փախցնում են իրենց բաժին խաղողը, տրորում են՝ դոշաբ ստանալու համար: Էլի մարդիկ կան, որ խաղող են տալիս, միայն մերը չի բավականացնում: Սա հնարավորություն է տալիս այլ գյուղացիների նույնպես խաղող վաճառել։ Այստեղ մրցույթ էլ է առաջանում, ում խաղողն է լավը։ Արդեն մարդիկ այգիները սկսել են ավելի լավ մշակել», - նշեց տիկին Սոնան:

«Խաղողի դոշաբը մեր առաջին արտադրանքն էր։ Դրանից հետո բացահայտեցինք նաև մասուրի դոշաբը։ Մասուրը՝ վայրի հավաքի արդյունքն է։ Մենք սկսեցինք եփել այն՝ պահպանելով հին բաղադրատոմսը», - պատմեց Էկան։

Արդեն երեք տարի է՝ «Մի բուռ»-ին է միացել Խաչիկից Մարինե Համբարձումյանը։ Մարինեն ամուսնու հետ գյուղի սարերից հավաքում է վայրի մասուրը, եփում, ավելացնում են բնական մեղր՝ ստանալով յուրահատուկ դոշաբ։ «Պեղեցինք հին բաղադրատոմսերը, գտանք, սկսեցինք պատրաստել մասուրի դոշաբ», - պատմեց Մարինեն։

«Մի բուռ»-ը Մարինեի համար դարձել է ոչ միայն եկամտի աղբյուր, այլ նաև վստահություն, որ իր պատրաստած արտադրանքը շուկա դուրս կգա։ «Ծրագրի առավելությունն այն է, որ չենք մտածում՝ երբ ու ինչպես կիրացնենք մեր դոշաբը։ Գիտենք, որ տեղ ունի շուկայում։ Թեպետ քիչ ժամանակ ենք զբաղված լինում, բայց այդ օրերին աշխուժություն է ամբողջ գյուղում»,- ասաց Մարինեն։

Էկա Հորստկայի խոսքով՝ գյուղացիների ներգրավվածությունը տարեցտարի ավելացել է։ Եթե սկզբում մի քանի ընտանիք էր մասնակցում, այժմ խաղող, մասուր են մատակարարում գյուղի տարբեր բնակիչներ։

«Ներկա դրությամբ դեռ զարգացման պրոցեսի մեջ ենք, պրոդուկտը դեռ շատ երիտասարդ է, բայց արդեն իսկ ունենք մեր մշտական հետևորդները, խանութներ, որտեղ հանձնում ենք։ Հետաքրքրված ենք արտահանմամբ, և դա նպաստելու է, որ ծավալները մեծացնենք։ Այն հանգամանքը, որ այսօր «Մի բուռը» ճանաչելի է շուկայում, արդեն իսկ խոսում է ծավալների մեծացման անհրաժեշտության մասին»,- նշեց Էկան։ Նրա խոսքով՝ բնակավայրում սոցիալական ձեռներեցություն ծավալելու գործընթացում աջակցություն են ստացել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն ընձեռեց մեծացնել արտադրության ծավալները և հեշտացնել աշխատանքը։  

«Կարևորում եմ համագործակցությունը։ Ծրագիրը ոչ միայն գործիքակազմով է մեզ հարստացնում, այլև՝ գիտելիքներով, որովհետև բազում միջոցառումներ են կազմակերպում, որտեղ և՛ մենք, և՛գյուղացիները հնարավորություն ունեն բարելավելու գիտելիքները։ Մենք որդեգրել ենք առաքելություն՝ զարգացնելու սահմանամերձ գոտին։ Յուրաքանչյուր աջակցություն, որը կարող է աջակցել գյուղացուն սահմանամերձ գոտում, անսահման կարևոր է»,- ընդգծեց Էկան։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Մայիս 27, 2025 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր