

2025թ. հունիսի 3-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի ՔՕԱՖ կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շահառուների հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցում էին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից ծրագրի շահառուներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Ծրագրի հիմնական նպատակը համայնքներում ներդրումներ իրականացնելն է, ինչը նպաստում է կայուն զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Կարևոր է, որ մեր կողմից իրականացված աշխատանքները շարունակական լինեն և ունենան իրենց տրամաբանական ավարտը։ Իսկ տրամաբանական ավարտը կայանում է նրանում, որ տեսնենք այդ համայնքներին ապահովված կայուն եկամուտներով»:
Լուսանկարը՝ WWF-Հայաստանի
WWF-Հայաստանի ներկայացուցիչ, ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց բնապահպանական բաղադրիչի արդյունքները: Նա ընդգծեց, որ ստորագրվել է 6 բնապահպանական համաձայնագիր Սիսիան, Եղեգիս, Թումանյան, Փամբակ, Իջևան և Եղեգնաձոր համայնքների հետ, ինչի արդյունքում Հայաստանում համայնքային բնապահպանական տարածքների թիվը հասավ 9-ի՝ ընդհանուր մոտ 90 հազար հեկտար տարածքով: Ներկայում վերանայվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքը, ինչպես նաև համայնքային բնապահպանական տարածքների ստեղծման ուղեցույցը ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում շատ բարեփոխումներ են նախատեսվում, որոնք հող են նախապատրաստում մեր աշխատանքներին իրավական հենք տալու համար»,- ասաց Նաիրե Երիցյանը։
Նաիրե Երիցյանը նշեց նաև, որ նախապատրաստվում է արոտավայրերի և խոտհարքերի կայուն կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների փաթեթ, որը շուտով կշրջանառվի շահագրգիռ գերատեսչություններով։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են էներգաարդյունավետության և ենթակառուցվածքային բարելավման մի շարք միջոցառումներ: Լոռու մարզի Դսեղ, Եղեգնուտ, Դեբեդ, Մարգահովիտ, Տավուշի մարզի Սևքար ու Ենոքավան, Վայոց ձորի մարզի Վերնաշեն ու Գլաձոր և Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրերի համայնքապատկան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Շատինում գետնին տեղակայվել է 40 կՎտ հզորությամբ արևային կայան։ Շատին, Հերմոն, Վերնաշեն և Շաղատ բնակավայրերին հատկացվել են շարժական հիբրիդ արևային կայաններ։ Շաղատում մանկապարտեզի տանիքի վրա տեղադրվել է 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչ։
«Լոռու մարզի շահառու Դսեղ, Ահնիձոր և Եղեգնուտ բնակավայրերում վերանորոգվել և ջերմամեկուսացվել են վարչական շենքերի տանիքները: Դսեղում վերանորոգվել և ջերմամեկուսացվել է նաև համայնքապետարանի երկրորդ հարկը, տեղադրվել էներգաարդյունավետ ջեռուցման համակարգ։ Իրականացվել են դասընթացներ “Կլիմայի փոփոխություն” և “Բնական պաշարների կայուն օգտագործում” թեմաներով»,- նշեց Նաիրե Երիցյանը։
Ծրագրի շրջանակներում մշակվել է կլիմայի փոփոխության գործողությունների ծրագիր 6 շահառու անտառտնտեսությունների համար, տրամադրվել է նյութական աջակցություն Էկոպարեկային ծառայությանը: Արոտների կայուն կառավարոման ոլորտում մշակվել են արոտկառավարման պլաններ 14 շահառու բնակավայրերի համար, 15 բնակավայրում կառուցվել է 21 ենթակառուցվածք՝ ջխրմոցներ և մակատեղիներ։ Արոտկառավարման և անտառկառավարման դասընթացները նպաստել են մասնակիցների իրազեկության բարձրացմանը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման և բնական պաշարների կայուն օգտագործման վերաբերյալ:
ՌԶԳ-ից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց շուկայի զարգացման բաղադրիչի ընթացիկ արդյունքները: Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում առնվազն 300 գյուղացիական տնտեսություն բարելավել է իր եկամուտները բնական ռեսուրսների կայուն օգտագործման շնորհիվ, իսկ առնվազն 600 մարդ, որոնցից 35%-ը կանայք են, ունեն աշխատանք կայուն զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում: Ծրագրի աջակցությամբ ստեղծվել է առնվազն 20 զբոսաշրջային բիզնես և 11 փոքր բիզնես՝ մատակարարներ, որոնք ապահովել են կայուն եկամուտներ՝ համագործակցելով տուրօպերատորների հետ: «Առնվազն 17,000 զբոսաշրջիկներ սպառել են գործընկեր տուրօպերատորների կողմից առաջարկվող կայուն և ներառական զբոսաշրջային փաթեթներն ու փորձառությունները։ Ավելի քան 10,000 զբոսաշրջիկներ այցելել են ծրագրի թիրախային մարզեր գործընկեր տուրօպերատորների միջոցով։ Ավելի քան 20,000 այցելուներ հյուրընկալվել են ԼԻԼԱ ծրագրի շահառու բիզնեսների կողմից։ Ստեղծվել է ավելի քան 600 աշխատատեղ թիրախային բնակավայրերում»,- նշեց Ալլա Ղազարյանը։
Ծրագրի աջակցությամբ գործընկեր զբոսաշրջային օպերատորներ մասնակցել են ավելի քան 6 միջազգային և հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների։ Զբոսաշրջային օպերատորները կազմակերպել են ճանաչողական շրջագայությունններ ճանապարհորդական բլոգերների, գործընկեր զբոսաշրջային կազմակերպությունների համար ծրագրի թիրախային համայնքներ և բիզնեսներ։ Իրականացվել են դասընթացներ ծրագրի գործընկերների և շահառուների համար՝ զբոսաշրջության, հյուրընկալության ոլորտում, թափոնների վերամշակման ու կայուն կառավարման, սննդի անվտանգությունը թեմաների շուրջ։ Ծրագրով կարողությունների հզորացման նպատակով դասընթացներ են իրականացվել նաև Արցախից տեղահանված անձանց համար։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները: Կազմակերպության հիմնական գործառույթը ծրագրի գործողությունների լուսաբանումն ու հանրայնացումն էր։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Հանրային լրագրողների ձայնը» հարթակը, որտեղ 1.5 տարվա ընթացքում տեղադրվել է շուրջ 300 գրառում, ֆոտոշարք և տեսանյութ: Կազմակերպվել են դասընթացներ լրագրության և հանրային ներգրավման թեմաներով՝ 12 բնակավայրերից մասնակիցների համար։ «Հարթակում հանրային լրագրողների հրապարակումները վերաբերում են ԼԻԼԱ ծրագրի արդյունքներին, բնակավայրի վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը, կենսաբազմազանությանը։ Նրանք ներկայացնում են իրենց գյուղի զբոսաշրջային պոտենցիալը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու գյուղի առօրյան։ Մեր ակտիվ հանրային լրագրողների համար 2024թ. կազմակերպեցինք «Լսելի դարձրու՛ համայնքի ձայնը» մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 12 հանրային լրագրող»,- նշեց Վիկտորյա Բուռնազյանը։
2025թ. մայիսին կազմակերպվեցին մեդիատուրեր Վայոց ձորի, Սյունիք, Տավուշի և Լոռու մարզեր՝ ծանոթանալու ԼԻԼԱ ծրագրի արդյունքներին։ Իր ելույթից հետո Վիկտորյա Բուռնազյանը հիշարժան նվերներ հանձնեց «Հանրային լրագրողների ձայնը» հարթակի ակտիվ հանրային լրագրողներին՝ Մարիամ Եգանյանին, Անուշ Սարգսյանին, Նարե Ղազարյանին, Գայանե Քոչինյանին, Շահանե Համբարձումյանին, Մանե Հակոբյանին, Սիրանուշ Ավետիսյանին և Լիլիթ Իսկանդարյանին։
Լուսանկարը՝ WWF-Հայաստանի
Նվերների հանձնումից հետո ելույթներով հանդես եկան ծրագրի շահառուները, Տեղական ինքնակառավարման մարմինների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչները, ցուցադրվեցին շահառու բնակավայրերի մասին պատմող տեսահոլովակներ և ֆոտոշարքեր։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հունիս 06, 2025 at 12:33