Հյուրընկալության ոլորտի նոր հմտություններ՝ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում

Հյուրընկալության ոլորտի նոր հմտություններ՝ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում


Մարտի 19-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում Երևանում կայացավ «Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց։ Հաճախորդների սպասարկման ոլորտում նոր հմտություններ ձեռքբերեցին ԼԻԼԱ ծրագրի շահառու հյուրանոցային և հյուրատնային բիզնեսների ներկայացուցիչները:

Դասընթացավար, «Անի Գրանդ» հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մկրտիչ Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների նվազագույն պահանջները, ծառայությունների պատշաճ մատուցման ապահովման ու կառավարման համակարգային մոտեցումները։ Նա խոսեց ընդունարանի գործունեության կառավարման մեխանիզմների, հյուրընկալության էթիկայի առանձնահատկությունների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման կարևորության թեմաների մասին։

Մկրտիչ Գրիգորյանն արձագանքեց մասնակիցների կողմից բարձրացված սննդի և խմիչքի բաժնի վերահսկման, խնդրահարույց իրավիճակների կառավարման, ծառայությունների և ապրանքների պատշաճ ներկայացման և վաճառքի խթանման վերաբերյալ հարցերին:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ դասընթացն ուղղված է հյուրանոցային և հյուրատնային ոլորտում գիտելիքների բարձրացմանը։ «ԼԻԼԱ ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք բազմաթիվ շահառուների հետ, որոնցից շատերն այս ոլորտում նոր են։ Նրանց համար կարևոր է ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական գործիքներ, որոնք կօգնեն իրենց բիզնեսի արդյունավետ կառավարմանը»,- ընդգծեց Ալլա Ղազարյանը։

Մարզային հյուրատներն ու հյուրանոցները հիմնականում փոքր և միջին բիզնեսներ են, որոնք հաճախ հիմնադրվում են տեղաբնակների կողմից։ «Այսպիսի բիզնեսները բախվում են մի շարք մարտահրավերների՝ սկսած ռեսուրսների ճիշտ կառավարումից մինչև կոնֆլիկտների հաղթահարում և գնագոյացման մեխանիզմների մշակում։ Մենք փորձում ենք տարբեր դասընթացների միջոցով լրացնել այս գիտելիքների պակասը»,- ասաց Ալլա Ղազարյանը։

Նախորդ տարի ԼԻԼԱ ծրագրի շրջանակում իրականացվել էր երկարաժամկետ «Թվային մարքեթինգը տուրիզմում» թեմայով դասընթաց, որի արդյունքում շահառուներն արդեն արդյունավետորեն կիրառում են ստացած գիտելիքները։ «Դասընթացի շնորհիվ բազմաթիվ բիզնեսներ կարողացել են ավելացնել իրենց վաճառքները և բարելավել սոցիալական մեդիայի օգտագործումը՝ ավելի գրագետ կառավարելով իրենց թվային հարթակները»,- նշեց Ալլա Ղազարյանը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի

Մարտ 28, 2025 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր