Սննդի անվտանգություն և «կանաչ» ստանդարտներ հյուրընկալության ոլորտում. դասընթաց ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

Սննդի անվտանգություն և «կանաչ» ստանդարտներ հյուրընկալության ոլորտում. դասընթաց ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

Մարտի 25-ին, Երևանում, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում անցկացվեց «Սննդի անվտանգությունը հյուրընկալության ոլորտում» թեմայով դասընթաց։ Դասընթացին մասնակցեցին հյուրընկալության ոլորտում սննդի մատուցման ծառայություններ իրականացնող ծրագրի շահառու բիզնեսների ներկայացուցիչներ։

Դասընթացը վարեց սննդի անվտանգության փորձագետ Սոնա Ծառուկյանը, ով ներկայացրեց հանրային սննդի մատուցման գործընթացում սննդի անվտանգության հիմնական սկզբունքները, պարտադիր պահանջները, սննդի թափոնների նվազեցման արդյունավետ քայլերը, ինչպես նաև սննդի անվտանգության կառավարման համակարգի ներդրման մեխանիզմները։

Մասնակիցները քննարկեցին մարզային հյուրատներում, համտեսի սրահներում, բացօթյա պիկնիկների և արշավների ժամանակ սննդի անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները, դրանց վրա ազդող գործոնները և հնարավոր ռիսկերը։

Դասընթացի մասնակիցներից էր ԼԻԼԱ ծրագրի շահառու Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրի «Բերկրի» հյուրատան համահիմնադիր-մենեջեր Զառա Մարգարյանը։ Նա կարևորեց դասընթացի անցկացումն իր բիզնեսի զարգացման համար։ «Դասընթացը մեզ շատ օգնեց ճիշտ սնունդը պահպանելու և վերամշակելու հարցերի, ինչպես նաև աշխատակիցների հետ կապված ստուգումների գործընթացում։ Մենք փորձում ենք, ավանդույթը պահելով, Տավուշի տարածաշրջանի հյուրերին ներկայացնել մեր ավանդական ուտեստները և նրանց ներգրավել այդ փորձառության մեջ։

Հիմնականում կազմակերպում ենք նազուկի, գաթայի վարպետաց դասեր, ինչպես նաև պատրաստում ենք հայկական տոլմա։ Հյուրերը մեծ ոգևորությամբ են մասնակցում այս գործընթացին՝ ծանոթանալով մեր խոհարարական ավանդույթներին։ Ճաշացանկում ընդգրկում ենք տեղական ուտեստներ, որպեսզի հյուրերը հնարավորություն ունենան համտեսել հենց այս տարածաշրջանին հատուկ ուտեստներ»,- ասաց նա։

Դասընթացի երկրորդ հատվածում «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը ներկայացրեց Green Key սերտիֆիկատի ներդրման պահանջներն ու ընթացակարգը, որը նպաստում է կայուն զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնում հյուրանոցների և հյուրատների միջազգային ճանաչումը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի

Ապրիլ 03, 2025 at 10:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր