

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում ապրիլի 9-ին կայացավ հանդիպում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ Լուսինե Գևորգյանի և կոմիտեի ներկայացուցիչների ու վերոնշյալ ծրագրերի ղեկավարների միջև։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մարզային զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ ուշադրությունը սևեռելով զբոսաշրջային ներուժի գնահատման, կարողությունների զարգացման, զբոսաշրջության տարածաշրջանային պրոդուկտների ձևավորման, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների միջև համագործակցության ամրապնդման վրա։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորություն տրվեց արկածային զբոսաշրջության ոլորտում ներգրավված գիդ-էքսկուրսավարների հմտությունների զարգացման և նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման անհրաժեշտության հիմնախնդիրներին։
Ծրագրի ղեկավարները Կոմիտեի նախագահի և ներկայացուցիչների հետ նաև հատուկ անդրադարձ կատարեցին մարզերում գործող տնտեսվարող սուբյեկտների՝ հյուրանոցների, հյուրատների և ռեստորանների կողմից կառավարվող ռեկրեացիոն ենթակառուցվածքների զարգացման ուղիներին։ Նշվեց բնապահպանական, կանաչ և կայուն զբոսաշրջության խթանման կարևորությունը՝ որպես ոլորտի երկարաժամկետ մրցունակության ապահովման կարևոր նախապայման։
RECONOMY ու LILA ծրագրերի և Զբոսաշրջության կոմիտեի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով աջակցել զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը և այս գործընթացում առավել արդյունավետ և կայուն արդյունքների ապահովմանը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ
Ապրիլ 15, 2025 at 14:09