

Անտուան Անանյանը՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահը, տասնյակ տարիներ է՝ իր կյանքն անցկացնում է լեռներում։ Նա զբաղվում է Հայաստանում լեռնագնացության և արկածային տուրիզմի զարգացմամբ:
Սերը դեպի լեռներն ու ժայռերը նրան տարել է Վայոց ձոր՝ մի վայր, որը դարձել է ոչ միայն իր սիրելի ուղղությունը, այլև՝ գաղափարներին կյանք տվող միջավայր։ Այստեղ՝ Արենի համայնքի լեռներում, Անտուանը ստեղծել է «Սարենի» արկածային կենտրոնը, որտեղ մարդիկ կարող են ոչ միայն հանգստանալ, այլ նաև մասնակցել ժայռամագլցման, քարանձավային տուրերի, քայլարշավների, մեդիտացիաների:
«Սկզբից գաղափարը մեզ համար էր՝ ստեղծել մի անկյուն, որտեղ մագլցողները, նույն մտածելակերպի մարդիկ կգան հանգստանալու։ Այնուհետ գաղափարը վերափոխվեց, որոշեցինք վերածել մի վայրի, որը կդառնա նաև տուրիստական, որտեղ ցանկացած մարդ կարող է գալ, հանգստանալ, եթե անգամ չի զբաղվում սպորտով, բայց ուզում է հանգիստը վայելել բնության գրկում։ Այս տարածքը նրանով է յուրահատուկ, որ ամբողջովին կտրված է սոցիումից։ Այստեղ է գտնվում Հրաշքաբերդը»,- Էկոլուրի հետ զրույցում նշեց Անտուան Անանյանը։
«Սարենի»-ին ստեղծելու միտքը ծնվել է «Սպիտակ Հովազ» (White Irbis) ակումբի շրջանակում, որի հիմնադիրը ևս Անտուան Անանյանն է։ White Irbis-ը ստեղծվել է Ֆեդերացիային կից և առաջարկում է խորացված պատրաստվածություն լեռնագնացության և արկածային տուրիզմի բնագավառում։ Դրանք ներառում են վերելքներ, ժայռամագլցում ու դայվինգ։ Անտուան Անանյանը նշում է, որ պետական աջակցության դեպքում արկածային տուրիզմը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի: «Ոլորտի զարգացումը ներկայում շատ թույլ է, քայլ առ քայլ է գնում առաջ, բայց առկա են մեծ հնարավորություններ։ Մեծամասամբ ոլորտով հիմա զբաղվում են անհատներ: Մենք, օրինակ, մեր ամեն մի աշխատավարձից սարքավորումներ ենք գնում, թողնում ժայռերի վրա, որը կարող են հետագայում օգտագործել այլ երիտասարդներ մագլցելու ու պարապելու համար»,- ասաց նա:
Անտուան Անանյանի խոսքով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար մեծամասամբ Հայաստանը հայտնի է 1990-ականներից որպես քայլարշավային, պատմական ու մշակութային ուղղություն հատկապես գերմանացիների, իսպանացիների և ֆրանսիացիների շրջանում: «Հայաստանը բավական հայտնի է, սակայն որպես հեծանվային, ժայռամագլցման ու քարանձավային ուղղություն, նոր է քայլեր անում»,- նշեց նա:
«Սարենի»-ի զարգացման մեջ ներդրում ունի«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը, որի շնորհիվ կառուցվել է տարածքի երկրորդ տնակը, տրամադրվել են արևային կայան և տեխնիկական սարքավորումներ։ Բայց ամենակարևորն, ըստ Անտուանի՝ մարդկանց միմյանց կապելն է։ «ԼԻԼԱ-ն մեզ միացրեց այլ փոքր բիզնեսների հետ, փոխանցեց հմտություններ և գիտելիքներ բիզնեսի կառավարման, հյուրանոցային և սննդի անվտանգության հարցերի վերաբերյալ։ Տարբեր վայրերում գործունեություն ծավալելով միմյանց չենք ճանաչում: ԼԻԼԱ-ն միավորեց մարդկանց, իրար ճանաչել ու օգնել սովորեցրեց»,- ասաց նա:
Այսօր «Սարենի»-ն որոշակի շարժ է ստեղծել Արենի համայնքում։ «Մենք սկսել ենք օգտվել գյուղացիների ծառայություններից՝ թե սպասարկման ոլորտում ներգրավելով, թե օգտվելով իրենց մթերքներից»,- նշեց Անտուան Անանյանը:
Անտուանը չի թաքցնում՝ Հայաստանում բնության հանդեպ ճիշտ վարվեցողության մշակույթը դեռևս ձևավորված չէ։ Նա հույս հայտնեց, որ «Սարենի»-ն կդառնա մի հարթակ, որը կսովորեցնի բնության հանդեպ հարգալից վերաբերվել։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Ապրիլ 18, 2025 at 14:38