

2025թ. ապրիլի 22-ին՝ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը պատգամավորներին ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Օրինագծով նախատեսվում է սահմանել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցների տարածքից ջրառ հնարավոր կլինի իրականացնել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումը ապահովելու համար, և երբ տվյալ տարածքում բացակայում են այլընտրանքային ջրային աղբյուրներ։
Ըստ նախագծի՝ նախատեսվող կարգավորումները տարածվելու են բացառապես այն դեպքերի վրա, երբ համապատասխան ջրային համակարգերը կառուցվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 2-ը՝ այն օրը, երբ ուժի մեջ է մտել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը։ Խոսքը վերաբերում է մինչև նշված ամսաթիվը պետական արգելոցների տարածքում կառուցված համակարգերի միջոցով խմելու և ոռոգման նպատակով ջրի օգտագործման դեպքերին։
Նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է հատկապես Գառնի համայնքի մոտ 670 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և շուրջ 1400 բաժանորդների ոռոգման ջրի խնդրի կարգավորմամբ։
Նախարար Սիմիդյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «1972 թվականին սովետական կարգերի ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառուցվել է ջրային համակարգ, որից Գառնի համայնքը ստացել է ոռոգման ջուրը: Վարչարարության խստացման հետևանքով, այն է՝ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց ջրաչափեր ունենան, այդ թվում՝ ՋՕԸ-երը, որոշ դեպքերում վերջիններս սկսել են խնդիրներ ունենալ»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկվում է մինչև 1992թ. հունվարի 4-ը, որը համընկնում է 1991թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթվի հետ, կառուցված ջրային համակարգերով տրամադրել խմելու կամ ոռոգման նպատակով ջրի օգտագործման թույլտվությունները, եթե ջրի այլ աղբյուր տվյալ տարածքում առկա չէ:
Նախագիծը Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ ԱԺ որոշմամբ՝ օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկայանա քսանչորս ժամվա ընթացքում՝ առաջին ընթերցումից հետո։
Ապրիլ 23, 2025 at 14:12