Խոհարարական դասընթաց ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում՝ արցախցիների հմտությունների զարգացման համար

Խոհարարական դասընթաց ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում՝ արցախցիների հմտությունների զարգացման համար

Ապրիլի 15-18-ը Վայոց ձորի մարզի Արենի համայնքում իրականացվեց «Սեդրակ Մամուլյանի խոհարարական գիտելիքները» խորագրով տեսական և գործնական դասընթաց՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Դասընթացը կազմակերպվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում։

Դասընթացը վարում էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, ով մասնակիցներին ներկայացրեց հայկական խոհանոցի պատմական և մշակութային առանձնահատկությունները, ազգային ուտեստների բաղադրիչները, համեմունքների կիրառման կանոնները, ինչպես նաև սննդի անվտանգության հիմունքները։

Տեսական հատվածին հաջորդեց գործնական աշխատանքը, որի ընթացքում մասնակիցները Սեդրակ Մամուլյանի և օգնական Անյուտա Մաթևոսյանի օգնությամբ պատրաստեցին ավանդական ուտեստներ՝ կիրառելով ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները։

Նախաձեռնությունը բխում է ԼԻԼԱ ծրագրի հիմնական նպատակներից, որոնք ուղղված են բնության և մշակույթի վրա հիմնված տուրիզմի զարգացմանը՝ համայնքահեն լուծումների միջոցով։ «Ծրագրի շրջանակում նախատեսված կարճաժամկետ դասընթացները միտված են Արցախի բնակիչներին օգնել հյուրընկալության և հյուրասիրության ոլորտում աշխատանք գտնելու հեռանկարով։ Հաշվի առնելով նաև Վայոց ձորում հյուրընկալության և գաստրոզբոսաշրջության ոլորտում ծրագրի միջամտությունները և ծրագրի գործընկերների պատրաստակամությունը՝ վերապատրաստված արցախցիները հնարավորություն ունեն աշխատանք գտնելու հենց իրենց համայնքներում»,- նշեց Ծրագրի «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը: Ըստ նրա՝ դասընթացը հնարավորություն ընձեռեց նրանց ճանաչել ու պատրաստել ավանդական ճաշատեսակներ, ուսումնասիրել տեխնոլոգիական գործընթացները և ամրապնդել իրենց կարողությունները՝ հետագայում զբոսաշրջության ոլորտում աշխատելու հնարավորությամբ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։  

Մայիս 13, 2025 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր