

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ առաջատար հայաստանյան տուրօպերատորները՝ «Jeep Tours»-ը, «Ruben Tours»-ը և «ArmLand» արշավային ակումբն ապրիլի 28-ից մայիսի 1-ը Հայաստանը ներկայացրին աշխարհի ամենահեղինակավոր զբոսաշրջային հարթակներից մեկում՝ ATM Dubai-2025 (Arabian Travel Market) միջազգային ցուցահանդեսում։
Տուրօպերատորները միավորվել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված միասնական ազգային տաղավարում, որի միջոցով հանրայնացվեց Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի բնահեն տուրիզմի եզակի փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ձևավորված նոր ուղղություններն ու զբոսաշրջային արդյունքները։
Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների, միջազգային տուրօպերատորների և ոլորտի առաջատար մասնագետների շրջանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի՝ որպես կայուն, անվտանգ և գրավիչ զբոսաշրջային ուղղության հեղինակության աճի մասին։
ATM Dubai-2025 ցուցահանդեսը Հայաստանի համար ոչ միայն հարթակ էր միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի հարուստ մշակույթը, բազմազան բնական լանդշաֆտները և յուրահատուկ տուրիստական առաջարկները, այլև հնարավորություն՝ հաստատելու համագործակցություն համաշխարհային զբոսաշրջային ոլորտի մասնագետների հետ, բացահայտելու նոր շուկաներ, խթանելու օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը և նպաստելու երկրի կայուն ու ներառական զարգացմանը։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս այցից զատ ԼԻԼԱ ծրագրի շահառու տուրօպերատորներն ակտիվ մասնակցություն են ունեցել ևս հինգ խոշոր միջազգային ցուցահանդեսների Դուբայում, Լոնդոնում, Սինգապուրում, Մադրիդում և Բեռլինում։ Մասնակցությունը նման իրադարձությունների նպաստում է ոչ միայն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, այլև բնապահպանական արժեքների վրա հիմնված զբոսաշրջության զարգացմանը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Մայիս 13, 2025 at 10:16