

Ավելի քան մեկ քառորդ դար Խալաթյանների ընտանիքը միասնաբար ու հավատարմությամբ հայկական էնդեմիկ Արենի ու Ոսկեհատ խաղողի սորտերից ստեղծում է գինիներ՝ փորձելով դրանք վերածել հայաստանյան գինեգործության այցեքարտը: «Օլդ բրիջ»-ի գինիները այցելուները համտեսում են Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում գտնվող «Օլդ բրիջ» գինեգործարան-ռեստորանում:
«Հայրս է հիմնադրել գործարանը դեռ 1998թ․, մեր առաջին խաղողի այգիները հիմնելուց հետո: Սկսեցինք ամենակարևորից՝ բարձրորակ բերք ստանալուց: Ու փոքր, բայց կշռադատված, հաշվարկված քայլերով սկսեցինք զարգացնել մեր բիզնեսը: Այդ ժամանակից ի վեր այս գործով զբաղվում ենք ամբողջ ընտանիքով», - Էկոլուրին պատմեց գործարանի համասեփականատեր Մուշեղ Խալաթյանը:
Բրենդի «Old bridge» («Հին կամուրջ») անվանումն ընտրել են՝ ի նկատի ունենալով 13-րդ դարի պատմամշակութային հուշարձան կամուրջը, որը գտնվում է գործարանի դիմացի դաշտում։ «Տեղացիները կամուրջն օգտագործել են գետի մյուս ափն անցնելու համար, հետագայում կամուրջը փակվել է մեքենաների համար, որպեսզի չվնասեն այն: Մեր պիտակների, մեր ապրանքանիշի վրա այդ կամուրջն է պատկերված, քանի որ համարում ենք գինեգործությունը յուրօրինակ մի կամուրջ տարբեր ժամանակաշրջանների միջև: 1000-ավոր տարիներ առաջ այս նույն տեղանքում մեր նախնիները զբաղվել են նույն գործով, որով մենք ենք զբաղվում՝ գինի են արտադրել։ Մենք հուսով ենք, որ մեր սերունդներն էլ կկարողանան նույն գործով զբաղվել այս տարածքում», - նշեց Մուշեղը։
2024թ. «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ «Օլդ բրիջ»-ը նոր շունչ ստացավ։ Ստեղծվեց համտեսի սրահը, որը միացնում է գինեգործարանը ռեստորանի հետ։ Այժմ հյուրերը գործարանում շրջայցից անմիջապես հետո կարող են տեղափոխվել համտեսի սրահ։
Մինչ այդ գինու համտեսը կազմակերպում էին գործարանի ներսում: «Գործարանում մի մեծ տակառ էինք դնում, վրան տեղավորում մեր ուտեստները: Ժամանակի ընթացքում մարդկանց քանակը գնալով աճում էր, ու մեզ պետք էր ինչ-որ բան մտածել որպես գինու համտեսի սրահ: Հյուրերի մեծ մասը գինու համտեսից հետո կամ ընթացքում հարցնում էին ճաշելու հնարավորության մասին»,- պատմեց Մուշեղ Խալաթյանը և հավելեց,- «Շատ մեծ օգնություն էր մեզ համար ԼԻԼԱ ծրագրի աջակցությունը։ Արդյունքում մենք կարողանում ենք ավելի շատ հյուրեր ընդունել, ավելի մեծ խմբերի հետ աշխատել»:
Սկսելով ընդամենը երկու աշխատակցով, այսօր «Օլդ բրիջն» ունի 10 աշխատակից՝ բոլորը Վայոց ձորի բնակիչներ։ «Եթե գոնե մի ընտանիք կարողանա այստեղ աշխատելու արդյունքում բարեկեցիկ, արժանապատիվ ապրել իր հայրենիքում համայնքը կամ երկիրը լքելու փոխարեն, դա արդեն մեզ համար շատ մեծ նվաճում է»,- հպարտությամբ ասաց Մուշեղ Խալաթյանը։
«Օլդ բրիջը» տարեկան արտադրում է մոտ 20 հազար շիշ գինի: Արտադրության մոտ 80%-ն արտահանում են Ռուսաստան, Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Բելգիա:
Խալաթյան ընտանիքը վստահ է, որ էնդեմիկ տեսակներից պատրաստված գինին շատ ավելի հետաքրքիր է սպառողի համար, քան եթե իրենք աճեցնեն ոչ հայկական խաղողի սորտեր, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում։ «Նույնիսկ, եթե ես այդ սորտի խաղողից բարձրորակ գինի ստանամ, դա չի ունենալու այն մրցակցային առավելությունը, ինչը՝ Արենիից ստացած գինին: Արենին Հայաստանի ամենատարածված խաղողի սորտն է, ու աշխարհում ամենահին սորտերից մեկը, որը մշակվել է գինու արտադրության համար։ Միշտ անում ենք առավելագույնը, որ մեր գինին օգտագործվի որպես Հայաստանի այցեքարտ։ Արենի տեսակի խաղողն ընտրեցինք մեր կարմիրների ու վարդագույն (Ռոզե) գինիների համար ու Ոսկեհատ տեսակի խաղողը՝ սպիտակ գինիների համար։ Մինչև 2018թ. արտադրում էինք միայն կարմիր հնեցված գինիներ: 2018թ. առաջին անգամ պատրաստեցինք մեր սպիտակ գինին՝ Ոսկեհատ խաղողից, քանի որ Հայաստանում գնալով ավելի պահանջված է դառնում սպիտակ գինին»,- պատմեց Մուշեղ Խալաթյանը։
Նրա խոսքով՝ չեն փորձում կտրուկ ավելացնել արտադրության ծավալները, քանի որ իրենց բոլոր գինիների արտադրության համար օգտագործում են միայն սեփական խաղողը, իսկ ծավալների ավելացման համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ։ «Խաղողի այգին մինչև դառնում է բերք ու պատրաստ է լինում օգտագործվել գինու արտադրության համար, մոտավորապես 5 տարի տևում է: Մեր այգիների մակերեսը ընդլայնելու գործընթացում միշտ փորձում ենք այնպես անել, որ դա լինի նույն վայրում, նույն կլիմայական պայմաններում, նույն կամ նմանատիպ հողի վրա աճի: Հողը, կլիման իդեալական են Արենի խաղողի համար, քանի որ այս տեսակի խաղողն այստեղ աճում է արդեն մի քանի 1000 տարի»,- ասաց նա:
Ըստ Մուշեղ Խալաթյանի՝ վերջին 10-15 տարում գինու տուրիզմը Վայոց ձորի մարզում ավելի է զարգացել։ «Վայոց ձորում գինու տուրիզմի ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք ենք օգտագործում, ու շատ աշխատանք կա անելու և՛ ծառայություններ առաջարկողների, և արտադրողների, և՛ պետության և՛ տուր-օպերատորների կողմից: Կարծում եմ՝ մենք օգտագործում ենք ներուժի մոտ 10 %-ը։ Եթե մինչև հիմա Հայաստան ասելիս օտարերկրացիները չեն ասում, որ գինու լավ տուրեր ունենք, նշանակում է՝ շատ գործ կա անելու», - ասաց նա։
«Օլդ բրիջը» ոչ միայն բիզնես է, այլև մի վայր, որտեղ հյուրընկալվում են բոլորը՝ անկախ նրանից, թե ով են՝ հարևան Արտակը, թե Ֆրանսիայի վարչապետը։ «Մեզ համար շատ կարևոր է եղել, որ բոլորը՝ և՛ զբոսաշրջիկները, և՛ տեղացիները, և՛ պատահական անցորդները, բոլորն այստեղ իրենց լավ զգան, ստանան լավ սպասարկում, բարձրորակ սնունդ, լավ տրամադրություն»։ Նույն սկզբունքը գործում է նաև գինու արտադրության մեջ։ Երկար տարիներ շատ կազմակերպություններ գինին արտադրում էին ու տարբերակում արտահանման և տեղական շուկայի համար։ «Այս սեղանին հիմա դրված է նույն գինին, ինչը վաճառվում է Փարիզում, Լոնդոնում»,- նշեց նա։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Ապրիլ 14, 2025 at 13:07