«Ծառերը մանրադիտակի տակ» հայկական նախագիծը Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է

«Ծառերը մանրադիտակի տակ» հայկական նախագիծը Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է

«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական, հեղինակային, էկոկրթական նախագիծը Հայաստանից ներկայացված առաջին նախագիծն է, որն անցել է Եվրոպական հանձնաժողովի #ForOurPlanet միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։

«Մեծ փոփոխությունները սկսվում են փոքրից» կարգախոսով #ForOurPlanet 2026 մրցույթը միավորում է տարբեր երկրներից նախագծեր, որոնք բնապահպանական խնդիրների համար առաջարկում են իրական լուծումներ։

«Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի նպատակն է երեխաների շրջանում ձևավորել գիտակցված հոգատարություն և պատասխանատվություն Հայաստանի բնության նկատմամբ, բացահայտել Հայաստանի կենսաբազմազանության բացառիկությունը, ինչպես նաև խթանել երեխաների հետաքրքրությունը գիտության հանդեպ։ Նախագիծն իրականացվում է 2024թ-ից։ Գաղափարը էկոլոգ Նելլի Եղոյանինն է, ով 2023թ-ին հիմնադրել է էկոկրթարան, որը նպաստում է էկոկրթության տարածմանը Հայաստանում։

«Գաղափարը շատ վաղուց կար, մտածում էի՝ ինչպես էկոլոգիան ներկայացնել հետաքրքիր նախագծի ձևով։ Այդպես ծնվեց «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի գաղափարը։ Նախագիծն արշավի և աշխատարանի համադրություն է, որը բնության մեջ ենք իրականացնում։ Երեխաները բնության մեջ տեսնում են ծառը, շորշափում, հասկանում են՝ ինչպիսին է տերևը, պտուղը, ծաղիկը։ Երկրորդ մասն արդեն աշխատարան է։ Մենք տեղադրում ենք մեր շարժական սարքավորումները։ Երեխաները պատրաստի փորձանմուշներ են ուսումնասիրում մանրադիտակով, իրենց սեփական փորձանմուշն են պատրաստում և տեսնում են՝ ծառերը ներսից ինչպիսին են։ Տեսնում են, որ ծառն, իրոք, կենդանի օրգանիզմ է և մեզ շատ ասելու բաներ ունի։ Եվ եզրակացությունը թողնում ենք մասնակիցներին, որ իրենք եզրակացնեն, որ մենք պետք է պահպանենք, ներդաշնակ ապրենք ծառերի, բնության հետ, որովհետև մենք՝ ինքներս, բնության մաս ենք կազմում», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Նելլի Եղոյանը։

Մինչ այժմ ավելի քան 700 երեխա է մասնակցել «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծին, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ և վերականգնողական կենտրոնների սաներ։

Առաջիկայում Նելլի Եղոյանը նպատակ ունի ստեղծել Էկոկրթական այգի՝ հատուկ ուսումնական տարածք, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի էնդեմիկ ծառատեսակները։

«Ես երազում եմ, որ մի օր յուրաքանչյուր երեխա տեսնի Հայաստանի ծառերն այնպես, ինչպես երբեք չի տեսել, և սովորի գնահատել ու պաշտպանել մեր բնությունը։ Երբ երեխաները հասկանում են բնությունը, շատ ավելի հավանական է, որ նրանք պաշտպանեն այն։ Եվ հենց այստեղից է սկսվում իրական փոփոխությունը», - ասաց Նելլի Եղոյանը։

#ForOurPlanet միջազգային մրցույթի հաղթողը որոշվելու է համակցված ձևաչափով՝ 50% հանրային քվեարկության և 50% ժյուրիի գնահատման հիման վրա։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով առանց գրանցման և թողնել հավանում՝ Trees Under the Microscope: Bringing science and nature together in Armenia - Environment

Հանրային քվեարկությունը բաց է մինչև մայիսի 3-ը։

Ապրիլ 28, 2026 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր