Երեխաները՝ կենսաբազմազանության պահպանության և բարեկեցիկ ապագայի հիմքում

Երեխաները՝ կենսաբազմազանության պահպանության և բարեկեցիկ ապագայի հիմքում

www.unicef.org

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ բուսական և կենդանական աշխարհի շուրջ մեկ միլիոն տեսակ գտնվում է ոչնչացման վտանգի տակ, իսկ կենսաբազմազանության կորուստը շարունակում է արագանալ մարդկային գործունեության հետևանքով։

Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի կյանքի պահպանման կարևորագույն նախապայմաններից է։ Այն ապահովում է էկոհամակարգերի կայունությունը, սննդային շղթաների շարունակականությունը, ջրի և օդի որակը, հողի բերրիությունը և ընդհանուր կենսական հավասարակշռությունը։

Այս համակարգի կայունությունը հատկապես կարևոր է ապագա սերունդների համար։ Կենսաբազմազանության պահպանումը ձևավորում է առողջ, անվտանգ և կենսունակ միջավայր, որտեղ երեխաները կարող են աճել, զարգանալ և օգտվել բնության ռեսուրսներից՝ կայուն ապագայի պայմաններում։ Հայաստանում ևս կենսաբազմազանության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն անմիջականորեն կապված է երեխաների և երիտասարդների առողջ, անվտանգ և կայուն ապագայի ձևավորման հետ։  

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն Պ․ և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս, Յակոբեան բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ փոքր տարածքի վրա հնարավոր է տեսնել բացառիկ կենսաբազմազանություն։

Հայաստանի կենսաբազմազանության առանձնահատկութունների մասին

Հայաստանը, լինելով Կովկասի տարածաշրջանի մաս, համարվում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը՝ ունենալով հարուստ, բայց միաժամանակ վտանգված կենսաբազմազանություն։ Այս փոքր տարածքում հանդիպում են բազմազան էկոհամակարգեր՝ ավազային անապատներից մինչև ալպյան և մերձալպյան գոտիներ, անտառներ ու տափաստաններ։

Հայաստանի բույսերի կարմիր գրքում (2010թ․) գրանցված է անոթավոր բույսերի շուրջ 452 տեսակ՝ ֆլորայի 11․89%-ը, սնկերի 40 տեսակ՝ սնկերի բիոտայի շուրջ 1%-ը։ Կենդանիների կարմիր գրքում գրանցված է անողնաշարավոր կենդանիների 155, իսկ ողնաշարավոր կենդանիների՝ 153 տեսակ։

«Աշխարհագրական դիրքը, լանդշաֆտների բազմազանությունը և բնական գոտիների արագ փոփոխականությունը Հայաստանի առանձնահատկությունն են։ Այս բազմազանությունն արտացոլվում է նաև տեսակային կազմի մեջ․ Հայաստանում գրանցված են ավելի քան 130 էնդեմիկ բուսատեսակներ, ինչպես նաև մի շարք էնդեմիկ կենդանատեսակներ, ինչը երկիրը դարձնում է կենսաբանական առումով կարևոր», - նշեց Արսեն Գասպարյանը։ 

Կենսաբազմազանության ինչպիսի՞ խնդիրներ կան Հայաստանում

Սակայն այս հարուստ ժառանգությունը կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ։ Հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսական հողերի ընդլայնումը, անտառահատումները, կենցաղային աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, հրդեհները և կենսառեսուրսների գերօգտագործումը հանգեցնում են ապրելավայրերի կորստի և տեսակների նվազման։

Ըստ Արսեն Գասպարյանի՝ խնդիրը միայն ակնհայտ երևույթները չեն, ինչպիսիք են անտառահատումները կամ որսագողությունը, այլև՝ դանդաղ ու հաճախ անտեսանելի գործընթացները, որոնք աստիճանաբար քայքայում են բնական միջավայրերը։

Գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում կենսաբազմազանության վրա ամենամեծ ճնշում գործադրող ոլորտներից է, քանի որ բնական տարածքները վերածվում են մշակվող հողերի, խախտվում է էկոհամակարգերի բնական հավասարակշռությունը։ Բացի այդ, կենսառեսուրսների գերօգտագործումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները նույնպես ազդում են տեսակների տարածման, ապրելավայրերի փոփոխության և էկոհամակարգերի դիմակայունության վրա։

Կենսաբազմազանության կորուստը հաճախ դիտարկվում է միայն որպես բնապահպանական խնդիր, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի լայն է։ Երբ մարդը վերափոխում կամ զբաղեցնում է կենդանիների և բույսերի բնական միջավայրը, առաջանում են նոր ռիսկեր. օրինակ, վայրի կենդանիներն ավելի հաճախ են հայտնվում մարդկանց բնակավայրերի մոտ։ 

Կենսաբազմազանության պահպանման ինչպիսի՞ գործողություններ են անհրաժեշտ

Արսեն Գասպարյանը նշեց, որ այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ բնապահպանությունն ու տնտեսությունը պետք է դիտարկվեն ոչ թե որպես հակադիր ուժեր, այլ փոխլրացնող համակարգեր։ Անհրաժեշտ է ստեղծել համագործակցություն բիզնեսի, արդյունաբերության և բնապահպանության միջև՝ նվազեցնելով վնասը և տեղայնացնելով ու կիրառելով աշխարհում հայտնի կայուն լուծումները նաև Հայաստանում։

2022թ․ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում ընդունվեց Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակը, որի նպատակն է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ կենսաբազմազանության կորուստը կանխելու համար: Այս շրջանակի 3-րդ թիրախի համաձայն՝ Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են մինչև 2030թ․ ապահովել Երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանությունը։ Յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա այս գլոբալ նպատակին հասնելու գործում։

Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030թ․։ Այս թիրախին հասնելու համար երկիրը կընդլայնի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը՝ հասցնելով Հայաստանի տարածքի 20%-ին։ Ներկայում այս տարածքները կազմում են 13․1%:  

Կենսաբազմազանության թեման միայն բնապահպանական օրակարգ չէ։ 

Մարդը չի կարող դիտարկվել բնությունից առանձին․ սնունդը, ջուրը, առողջ միջավայրը և կյանքի որակն ուղղակիորեն կախված են կայուն էկոհամակարգերից։ Այն անմիջականորեն առնչվում է նաև երեխաների կյանքի որակին, առողջությանը և ապագային։

Կարևոր է հասկանալ, որ մարդու առողջությունը, կենդանիների առողջությունը և շրջակա միջավայրը փոխկապակցված են և պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն։ Սա է «Մեկ առողջություն» (One Health) սկզբունքի հիմքը։ Այս մոտեցումը ընդգծում է, որ կենսաբազմազանության կորուստը, շրջակա միջավայրի վատթարացումը և կենդանական աշխարհի խնդիրներն անմիջական ազդեցություն ունեն նաև մարդկանց, այդ թվում՝ երեխաների առողջության վրա։

Օրինակ՝ բազմաթիվ վարակիչ հիվանդություններ և վիրուսներ ծագում են կենդանական աշխարհից և կարող են փոխանցվել մարդկանց՝ վտանգելով հանրային առողջությունը։ Այդ պատճառով կենսաբազմազանության պահպանումը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ նաև առողջության պաշտպանության կարևոր միջոց։ «Մեկ առողջություն» սկզբունքը միավորում է այս բոլոր ուղղությունները մեկ ընդհանուր տեսլականի մեջ՝ ընդգծելով, որ մարդու, կենդանիների և բնության բարեկեցությունը անբաժանելիորեն կապված են միմյանց հետ։

Այս փոխկապակցված համակարգում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի երեխաների առողջությանը և պաշտպանությանը, քանի որ նրանք առավել խոցելի են շրջակա միջավայրի և առողջապահական ռիսկերի նկատմամբ, և հենց նրանք են կրում ապագա կայուն զարգացման հիմնական պատասխանատվությունը։

Արսեն Գասպարյանի խոսքով՝ կենսաբազմազանության կորուստը չի ընտրում տարիք. դրա հետևանքները նույն կերպ ազդում են բոլորի , այդ թվում՝ երեխաների վրա, որոնք տարիքով պայմանավորված առավել խոցելի են։ Օրինակ՝ անտառահատումները կարող են հանգեցնել էրոզիոն գործընթացների, որոնք սպառնում են համայնքների անվտանգությանը, աղտոտված գետերը կարող են անդրադառնալ առողջության վրա, իսկ կենսաբազմազանության նվազումը՝ սննդի որակի և հասանելիության վրա։  

Երեխաների առանձնահատուկ դերն այս համատեքստում

Երեխաները կարող են դառնալ այդ համակարգի պահպանման ամենաազդեցիկ ուժերից մեկը։ Թեև կենսաբազմազանության կորուստը նույն կերպ ազդում է բոլոր տարիքային խմբերի վրա, բնապահպանական կրթության տեսանկյունից երեխաների հետ աշխատանքն առավել արդյունավետ է, քան մեծահասակների հետ։ «Երեխաների դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է իրականացնել, որովհետև նրանք ավելի բաց են, ավելի մոտիվացված, պատրաստ վարքագծային փոփոխությունների», - ասաց փորձագետը։ 

Նրա համոզմամբ՝ խնդիրը ոչ թե առանձին սեմինարների կամ կարճաժամկետ ծրագրերի պակասն է, այլ համակարգային աշխատանքի բացակայությունը։ Եթե հասարակությունը ցանկանում է ունենալ ավելի պատասխանատու սերունդ, բնապահպանական կրթությունը պետք է դառնա ամենօրյա, երկարաժամկետ գործընթաց, որը կձևավորի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք վաղ տարիքից։ Սակայն կրթությունը չի կարող սահմանափակվել դասասենյակում։ Արսեն Գասպարյանի խոսքով՝ բնության մասին հնարավոր չէ լիարժեք պատկերացում ձևավորել միայն տեսական գիտելիքի միջոցով։ «Եթե բնության մասին ենք խոսում, երեխաներին լսարանում չես կարող բնությունը սովորեցնել։ Մինչև չտանես բնություն, մինչև ցույց չտաս իրական միջավայրում, այդ կապը չի ստեղծվում», - ընդգծեց նա։

Բնության հետ շփումը նաև կարևոր ազդեցություն ունի երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա։ Կանաչ գոտիները, անտառները, բաց տարածքները նպաստում են ոչ միայն առողջ կենսակերպին, այլև հոգեբանական բարեկեցությանը։ «Նույնիսկ առավոտյան թռչունների ձայնը, բնական միջավայրի առկայությունը կամ բնության մեջ անցկացրած ժամանակը ձևավորում են դրական զգացողություններ և ամրապնդում կապը շրջակա աշխարհի հետ։ Այսօր, երբ տեղեկատվության հասանելիությունը շատ ավելի մեծ է, հատկապես նոր սերնդի համար, կարևոր է այդ հնարավորությունները վերածել գործնական ներգրավվածության»,- նշեց Արսեն Գասպարյանը։ 

Ընտանիքները, դպրոցները և համայնքները կարող են խրախուսել երեխաների ներգրավվածությունը բնապահպանական նախաձեռնություններում, արշավներին և լեռնագնացություններին մասնակցության մեջ, բացօթյա կրթական ծրագրերում և պատասխանատու սպառման մշակույթում։ 

«Յուրաքանչյուր մարդ սպառող է, և հենց այդ սպառման կենսակերպի վերանայումից կարող է սկսվել դրական փոփոխությունը։ Սպառման կենսակերպի վերանայումը, ռեսուրսների խնայող օգտագործումը, բազմակի օգտագործման լուծումների ընտրությունը և բնության հետ հաճախակի շփումը կարող են ձևավորել ավելի պատասխանատու հասարակություն»,- ասաց նա։

Արսեն Գասպարյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ մարդ-բնություն հարաբերությունը լինի պատասխանատու, գիտակից և հոգատար, ապա այդ ամենը սկսվում է մանկությունից՝ բնությունը ճանաչելու, վայելելու և արժևորելու ճանապարհով։ 

Մայիս 21, 2026 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր