COP17-ին քաղհասարակության ներգրավման հնարավորությունները ներկայացնում է Կենսաբազմազանության կոնցենցիայի COP17-ի կանաչ գոտու պատասխանատուն

COP17-ին քաղհասարակության ներգրավման հնարավորությունները ներկայացնում է Կենսաբազմազանության կոնցենցիայի COP17-ի կանաչ գոտու պատասխանատուն

Ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունը մասնակցել Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կանաչ և կապույտ գոտիներին, ի՞նչ հնարավորություններ և ձևաչափեր կան։

Այս մասին հունիսի 17-ին «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովին ներկայացրեց COP17-ի կանաչ գոտու պատասխանատու Լիլիթ Միդոյանը։ 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական և միջազգային կազմակերպությունների, համայնքների ու մարզպետարանների ներկայացուցիչներ։

Լիլիթ Միդոյանը նշեց, որ 2026թ․ անցկացվում են երեք խոշոր բնապահպանական COP-եր: Դրանք ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի, Կենսաբազմազանության պահպանության և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիաների COP-երն են։ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի COP17-ն անցկացվելու է Մոնղոլիայում, Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP 31-ը՝ Թուրքիայում, իսկ Կենսաբազմազանության պահպանության կոնվենցիայի COP17-ը Հայաստանում։

Ըստ բանախոսի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կապույտ գոտում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կազմակերպվում է մի շարք խմբերի միջոցով։

«Տեղական կազմակերպությունները, որոնք ուզում են մասնակցել Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովներին, կամ ունենալ ներկայացուցչություն, դրա համար կոնվենցիան ունի տարբեր խմբեր, որոնք՝ գրեթե բոլորն  ունեն միջազգային համակարգող կամ ներկայացուցիչ, որը հիմնականում փորձում է այդ խմբին ներկայացնել COP-երի ընթացքում։ Այսինքն՝ իրենք խմբավորել են ըստ տարբեր խմբերի, որովհետև COP-ը տարբեր երկրներում է կազմակերպվում, իրենք գտել են ձև համակարգելու քաղհասարակությանը և մնացած ներկայացուցիչներին»,- ասաց Լիլիթ Միդոյանը։

Այդ խմբերն 9-ն են։ Դրանք սահմանվել են դեռևս 1992թ․՝ Օրակարգ 21-ի համաձայն։

  1. Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների համար ստեղծվել է Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումը (The International Indigenous Forum on Biodiversity (IIFB)) https://iifb-indigenous.org/about-us/
  2. Կանանց համար՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կանանց կոորդինացիոն խումբ (CBD Women Caucus) https://cbdwomenscaucus.org/

Scientific and Technological Community (Academia)

  1. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գիտական և տեխնոլոգիական համայնք (ակադեմիա) (Scientific and Technological Community (Academia)) https://www.cbd.int/cooperation/whole/science.shtml
  2. Ոչ կառավարական կազմակերպություններ (Non-Governmental Organizations (CBD Alliance) https://www.cbd-alliance.org/en
  3. Երեխաներ և երիտասարդներ (Global youth biodiversity forum) https://gybn.org/
  4. Աշխատավորներ և առևտրային միավորումներ (Workers and Trade Unions) https://www.cbd.int/cooperation/whole/Parliamentarians.shtml?utm_source=chatgpt.com
  5. Տեղական իշխանություններ (Local Authorities) https://www.global-taskforce.org/local-authorities-major-group
  6. Ֆերմերներ (Farmers)
  7. Բիզնես և արդյունաբերություն (Business and Industry)

Լիլիթ Միդոյանը նշեց, որ միայն Շրջակա միջավայրի նախարարության կամ COP17-ի պաշտոնական հարթակներում չէ, որ հնարավոր է գտնել քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, կարևոր է հետևել նաև նշված խմբերի կայքերին և սոցիալական հարթակներին, քանի որ դրանք հաճախ կազմակերպում են կողմնակի միջոցառումներ, հավաքագրում կամավորներ կամ հայտարարում դրամաշնորհային ծրագրեր։

COP17-ի կապույտ և կանաչ գոտիներում մասնակցությունը

COP17-ի շրջանակում գործելու է երկու հիմնական տարածք՝ կապույտ և կանաչ գոտիները։ Որպես կապույտ գոտու տարածք ընտրվել է Մերիդիան էքսպոկենտրոնը, կանաչ գոտին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է։

Կապույտ գոտին գտնվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության կառավարման ներքո, և այնտեղ մուտք կարող են ունենալ հիմնականում հավատարմագրված պատվիրակությունները, հավատարմագրված դիտորդներն ու լրատվամիջոցները։

Լիլիթ Միդոյանի խոսքով՝ տեղական քաղաքացիական հասարակության համար կապույտ գոտի ներգրավվելու հնարավորություններից մեկը Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունից որպես դիտորդ հավատարամագրում ստանալն է։

Տարբերկներից է նաև զուգահեռ միջոցառումներին մասնակցելը։

COP17-ի ընթացքում նախատեսված է 7 զուգահեռ միջոցառում.

  • Բիզնես ֆորում (հոկտեմբերի 25)
  • Ֆինանսների ֆորում (հոկտեմբերի 26)
  • Բնություն և մշակույթ ֆորում (հոկտեմբերի 24-25)
  • Երիտասարդական ֆորում
  • Գիտական ֆորում (հոկտեմբերի 24-25)
  • Քաղաքների գագաթնաժողով (հոկտեմբերի 24)
  • Կանանց ֆորում (հոկտեմբերի 27)։

Լիլիթ Միդոյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության համար COP17-ի կապույտ գոտում մասնակցության հնարավորություններից մեկը նաև կողմնակի միջոցառումների (side events) կազմակերպումն է։ Նրա խոսքով՝ որոշ կազմակերպություններ արդեն փորձել են դիմել, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դիմումները երբեմն չեն հասնում կոնվենցիայի քարտուղարություն։ Նա պարզաբանեց, որ կապույտ գոտու միջոցառումների կազմակերպումն ամբողջությամբ իրականացվում է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության կողմից։

Կանաչ գոտին լինելու է COP 17-ը նախագահող երկրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո։ Ըստ Լիլիթ Միդոյանի՝ այն  քաղաքացիական հասարակության, գիտակրթական կազմակերպությունների, համայնքների և այլ խմբերի համար և առավել լայն մասնակցություն ապահովելու նպատակ ունի։ Բայց այստեղ ևս անհրաժեշտ է լինելու գրանցվել, ինչի համար շուտով կգործարկվի համապատասխան կայք։ Մասնակցության ձևաչափերն են՝

  • տաղավարների ամրագրում
  • ելույթների անցկացում
  • աշխատարանների կազմակերպում
  • մշակութային և գիտակրթական բովանդակության ձևավորման այլ մոդելներ։

Կանաչ գոտին ներառելու է մի քանի գոտի՝ տաղավարների տարածք, գիտության և նորարարությունների գոտի, մշակութային գոտի, ցուցահանդեսային տարածք, մեդիա գոտի, հիմնական բեմ, որ նախատեսված է 1000-1200 հոգու համար, և աշխատարանների ու հանդիպումների համար նախատեսված սենյակներ։

Լիլիթ Միդոյանի խոսքով՝ կանաչ գոտում նախատեսվում է շուրջ 160 տաղավար։ ՀԿ-ները կարող են վարձել մեկ տաղավար կամ միավորվել մի քանի ՀԿ-ով և համատեղ ներկայացնել իրենց ծրագրերը։

Միաժամանակ, տաղավարներից բացի, քաղաքացիական հասարակության համար անվճար հասանելի կլինեն նաև պանելային քննարկումները, աշխատարանները և սեմինարները։ «Սեսիաներն անվճար են, և դրանց համար մենք տրամադրում ենք ամբողջությամբ բեմը», - ասաց բանախոսը՝ հավելելով,- «Դուք՝ որպես ՀԿ, կարող եք դիմել մեզ, ներկայացնել ձեր նախաձեռնությունը և ստանալ հնարավորություն կազմակերպելու քննարկում»։

Լիլիթ Միդոյանը նշեց, որ մյուս հնարավորությունը COP17-ի շրջանակում նախատեսվող 30-50 մասնակիցների համար նախատեսված աշխատարանային սենյակների օգտագործումն է։ Նրա խոսքով՝ եթե կազմակերպությունները համաժողովի օրերին նախատեսում են որևէ աշխատարան կամ քննարկում անցկացնել, այն կարող են կազմակերպել ոչ թե հյուրանոցում կամ այլ վայրում, այլ այդ նպատակով տրամադրված սրահներում։ Նա հավելեց, որ միջոցառումը կարող է լինել ինչպես փակ՝ նախատեսված միայն կազմակերպության կամ համայնքի ներկայացուցիչների համար, այնպես էլ բաց՝ նախնական գրանցմամբ։ Վերջին դեպքում միջոցառման մասին տեղեկությունը կհրապարակվի համաժողովի կայքում, և ցանկացողները կկարողանան գրանցվել ու մասնակցել։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Հուլիս 02, 2026 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր