

Երևանում 2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպումներ է անցկացնում մարզերում։
Հուլիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպած իրազեկման հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մասնակիցներին ներկայացրեց COP17-ի օրակարգը, կենսաբազմազանության պահպանության միջազգային և ազգային թիրախները։ Քննարկվեցին Դիլիջանի կենսաբազմազանության հարցերը, քաղհասարակության և ՏԻՄ-ի առաջիկա քայլերը COP17-ին մասնակցության վերաբերյալ։


Կենսաբազմազանության գլոբալ կորուստը և Հայաստանի դերը
«Աշխարհում շարունակվում է կենսաբազմազանության կորուստը․ 1970-2020թթ․ վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաների միջինում 73 տոկոս անկում է արձանագրվել, իսկ շուրջ մեկ միլիոն տեսակ հայտնվել է ոչնչացման եզրին։ Միաժամանակ, ամեն տարի աշխարհը կորցնում է շուրջ 10 միլիոն հեկտար անտառ»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Նա ընդգծեց, որ այս համատեքստում Հայաստանը, որպես Կովկասի մաս, համարվում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, սակայն միաժամանակ խոցելի է տնտեսական գործունեության, կլիմայի փոփոխության և այլ գործոնների ազդեցության նկատմամբ։

CBD COP17-ի ընթացքում նախատեսվում է քննարկել 51 որոշման նախագիծ։ Հիմնական քննարկվող փաստաթուղթը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակն է, որն ընդունվել է 2022թ․՝ COP15-ի ընթացքում։ Երևանում կիրականացվի փաստաթղթի առաջին գլոբալ վերանայումը։
Գլոբալ շրջանակը ներառում է 23 թիրախ։ Դրանցից ամենակարևորը մինչև 2030թ․ աշխարհի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանությունն ապահովելն է։ Յուրաքանչյուր երկիր պետք է իր տարածքում համապատասխան պահպանության թիրախ սահմանի։
COP17-ի ընթացքում պետք է գնահատվի, թե 2022 թվականից ի վեր որքանով է իրականացվել շրջանակը, ինչ առաջընթաց է գրանցվել, ինչ բացթողումներ կան և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ հետագա գործողությունների համար։
Հայաստանի թիրախը՝ պահպանության տակ վերցնել երկրի տարածքի 20 տոկոսը
Հայաստանը չի սահմանել 30 տոկոս պահպանության թիրախ, այլ նախատեսել է մինչև 2030թ․ պահպանության տակ վերցնել երկրի տարածքի 20 տոկոսը։ «Այդ 20 տոկոսի մեջ ներառվելու են բնության հատուկ պահպանվող տարածքները, անտառները, Էմերալդ թեկնածու տարածքները, էկոլոգիական միջանցքները և արդյունավետ պահպանության այլ տարածքներ», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է ստեղծել երկու նոր ազգային պարկ՝ Տաթևի և Ջերմուկի, ինչպես նաև՝ Դիլիջանի կենսոլորտային պահպանավայրը։ «Այս առումով ձեր համայնքը կարևոր համայնք է և որպես ԲՀՊՏ-ին կից համայնք, և նաև ներառվելու է կենսոլորտային տարածքի մեջ», - նշեց Վիկտորյա Բուռնազյանը՝ ընդգծելով, որ կենսոլորտային տարածքի պահպանության տրամաբանությունը միաժամանակ նախատեսում է նաև տնտեսական գործունեության հնարավորություններ։
Նրա խոսքով՝ այդ տարածքի ստեղծումն անհրաժեշտ պայման է Հայաստանի՝ մինչև 2030 թվականը 20 տոկոս պահպանության թիրախին հասնելու համար։

2026թ․ Հայաստանն ընդունել է «ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը»։ Փաստաթղթով սահմանվել է 5 հիմնական նպատակ և 30 թիրախ։ Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային թիրախները համահունչ են Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախներին և բխում են դրանից։
Դիլիջանին ուղղակիորեն վերաբերելի են այդ 30 թիրախներից 22-ը։ Հետևաբար համայնքը կարող է ուսումնասիրել դրանք և հասկանալ, թե ինչ գործողություններ կարող է իրականացնել տեղական մակարդակում։

Դրանց թվում է, օրինակ, կրիտիկական կենսամիջավայրերը տարածական պլանավորման մեջ ներառելու թիրախը։ Սա նշանակում է, որ համայնքը քաղաքաշինության, տարածական պլանավորման և տնտեսական գործունեության զարգացման ժամանակ պետք է հաշվի առնի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանության անհրաժեշտությունը։
Մյուս թիրախներից են դեգրադացված էկոհամակարգերի վերականգնումը, այդ թվում՝ 15 հազար հեկտար դեգրադացված անտառային տարածքների վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացումը, գլոբալ վտանգված տեսակների պահպանումը և մարդ-վայրի կենդանի-բնություն հակամարտության կառավարումը։
«Եթե համայնքն ակտիվ լինի այդ մշտադիտարկման, համայնքային մակարդակում որոշումների կայացման մասնակցության առումով, դուք էլ կարող եք նպաստել պահպանությանը և կայուն օգտագործմանը, որովհետև բոլորս էլ օգտվում ենք մեր բնությունից, պիտի կարողանանք դա անել այնքան գրագետ, որ առնվազն մենք չկորցնենք մեր որոշ տեսակներ, որոնք այսօր վտանգի առաջ են կանգնած», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Նա ներկայացրեց մեխանիզմները, որոնց միջոցով Կենսաբազմազանության մասին կոնվենցիան խրախուսում է տարբեր խմբերի ներգրավումը՝ համակարգող խմբերի ստեղծում, որոնց մեջ մտնում են հարթակներ կանանց և այլ խմբերի մասնակցության համար, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների համար։ Համայնքների համար նաև գործում է կենսաբազմազանության հարցերով միջազգային ֆորում։ Թեև Հայաստանը բնիկ ժողովուրդների առանձին կարգավիճակ ունեցող համայնքներ չունի, Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ տեղական համայնքները կարող են օգտվել այդ հարթակներից։

Նա կոչ արեց համայնքներին չսահմանափակվել միայն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական տեղեկատվությանը հետևելով, այլև ուսումնասիրել համապատասխան խմբերի կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը։ Այդ հարթակները կարող են հնարավորություն տալ մասնակցելու միջոցառումներին, ներկայացնելու համայնքային խնդիրները և նույնիսկ դրանք ներառելու COP-ի օրակարգում։

Քննարկման ժամանակ նշվեց, որ համայնքում առկա են շահերի բախումներ բնության պահպանության և տնտեսական գործունեության միջև, այդ թվում՝ ապօրինի անտառահատումների, անտառային տարածքների քաղաքաշինական օգտագործման և զբոսաշրջության զարգացման հետ կապված։ Լուրջ խնդիր է կենդանատեսակների նվազումը, ինչի մասին նշված է «Դիլիջան» ազգային պարկի վերջին հաշվետվության մեջ։

Կոնվենցիայի շրջանակում համայնքը դիտարկվում է որպես կենսաբազմազանության պահպանող, բնական ռեսուրսների կայուն օգտագործող, ավանդական գիտելիքի պահպանող, որոշումների կայացման մասնակից, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթություն և իրազեկում տարածող, ինչպես նաև հանրային վերահսկողություն իրականացնող կողմ։
Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։
Շարունակելի
Օգոստոս 12, 2026 at 15:36
