

ԷկոԼուր
«Դիլիջան» ազգային պարկի հրդեհները կարող են կրել ոչ միայն միտումնավոր, այլ նաեւ չարամիտ բնույթ: Նման կարծիք են հայտնում կանաչ շարժման ակտիվիստները: Ինչպես նշված է սոցիալական ցանցերով տարածված Մարիամ սուխուդյանի նամակում, հրդեհները «Դիլիջան» ազգային պարկում պարբերաբար են առաջանում: «Մի քանի շաբաթ առաջ` նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը:
Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին:
Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:
Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երևան և Դիլիջանի կենտրոնական կանգառում սպասողների վկայությամբ հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում և նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:
Դիլիջանցիների վկայությամբ գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս նաև Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ և քննարկել էր միտումնավոր կերպով ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը: Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՆՏԱՌԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՅՐՈՒՄ ԵՆ,ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ, ԻՍԿ ՀԱՐԲԱԾ ՊԵՏԻ ՀԵՉ ՎԵՋԸ ՉԷ»,- հարց են տալիս ակտիվիստները:
Դեկտեմբեր 21, 2010
