

Aysor.am
Դեկտեմբեր ամսին ահազանգեր էին ստացվում Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաև` մեր տարածաշրջանից` մասնավորապես Թուրքիայից, թռչունների զանգվածային, անհասկանալի և անսպասելի անկման մասին: Թռչունների անկումը շարունակվեց նաև հունվարին: Հունվարի 7-ին ահազանգ ստացվեց Իտալիայից, որտեղ ֆաենցա քաղաքում միանգամից մի քանի հարյուր տատրակներ սատկեցին: Հակասական մեկնաբանություններն այդպես էլ չեն պարզաբանել իրավիճակը:
«Հայաստանում նման իրավիճակ դեռ չի գրանցվել»,- Aysor-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Ինչ վերաբերում է աշխարհի մի շարք երկրներում թռչունների զանգվածային անկման վերաբերյալ հնչող վարկածներին, ըստ որոնց, զանգվածային անկման պատճառ կարող են լինել թունավորված կերը, կերային թափոնները և այլն, Սիլվա Ադամյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականության:
«Միանշանակ` անկումը կապված չէ կերի հետ»,- շեշտեց մասնագետը և հավելեց, որ դա անհավանական է աշխարհագրական նման սփռվածության պայմաններում:
Ըստ Ս. Ադամյանի` տարբեր երկրներում վայրի թռչունների զանգվածային անկման դեպքերը կապված են գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ, որոնց ենթարկվում է շրջակա միջավայրը:
«Թռչունների չուի անցման ուղիները չեն փոխվում` անկախ նրանից` կլիման փոխվե՞լ է, թե՞ ոչ»,- շեշտեց Սիլվա Ադամյանը և հավելեց, որ թռչուններն իրենց ճանապարհներին կլիմայական փոփոխությունների բերումով հանդիպում են խոչընդոտների, որոնք կարող են անկման պատճառ դառնալ:
Մասնագետը օրինակ բերեց հայաստանյան արագիլներին, որոնք մնացել են ձմեռելու, և ընդգծեց, որ արագիլները Հայաստանից չեն չվում ոչ թե կերի առատության, այլ Հայաստանում դիտվող կլիմայական փոփոխությունների պատճառով:
«Հայաստանի թռչունների պահպանման միության» տնօրեն Մամիկոն Ղասաբյանը չբացառեց ցուրտ ձմռան պատճառով թռչունների զանգվածային անկման հնարավորությունը:
«Անհասկանալի բան է տեղի ունենում: Չե՞ն կարողանում անկման պատճառը բացատել, թե՞ չեն ցանկանում»,- ընդգծեց Մամիկոն Ղասաբյանը և հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանում ցուրտ ձմռան պատճառով գրանցվել է կաքավների զանգվածային անկում:
ԱՐԱԳԻԼՆԵՐՆ ԱՐԴԵՆ 30 ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ՉԵՆ ՉՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Aysor.am
Այս տարի արագիլները չեն չվել Հայաստանից: Հարցի կապակցությամբ Aysor-ին պարզաբանումներ տվեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» տնօրեն Մամիկոն Ղասաբյանը: Ըստ նրա` արագիլներն արդեն 30 տարուց ավելի է` չեն չվում Հայաստանից` 1970 թվականներից, երբ Արարատյան դաշտավայրում սկսվեց ձկնաբուծական լճակների ստեղծումը: Դաշտավայրում արագիլների համար արդեն կերի պաշար կար, իսկ ձմեռային մեղմ կլիման նպաստում էր թռչունների ձմեռակացին:
Թեև 1970-ական թվականներից մինչ այսօր բավականին խստաշունչ ձմեռներ են գրանցվել, այնուամենայնիվ, արագիլներին դա չի խանգարել ձմեռն անցկացնել Հայաստանում:
«Ես նկար ունեմ, որում արագիլը նստած է ձյան վրա»,- վստահեցրեց մասնագետը և հավելեց, որ արագիլների նստակեցությանը նպաստել է նաև դրենաժային համակարգի, ոռոգման ցանցի կառուցումը: Այդ ջրանցքները ստեղծում են միկրոկլիմա. ջերմություն կա, կեր կա, թռչուններն էլ մնում են:
Ըստ նրա` եղել են ցուրտ ձմեռներ, երբ արագիլները հեռացել են Արաքսի մերձակա շրջաններ, սակայն եղանակի մեղմանալու հետ` վերադարձել են հարազատ վայրեր:
Արագիլների ձմեռակացը Հայաստանում «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը բացատրեց կլիմայական փոփոխություններով: Ըստ նրա` կերը չի շատացել, պարզապես մեր երկրի կլիման է փոխվել:
«Մեր կլիմայական պայմաններն արդեն համապատասխանում են մեղմ ձմռանը, որին արագիլները սովոր են»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը:
Նշենք նաև, որ կարծիք կա, թե Հայաստանում ձմեռակացը անցկացնում են հիվանդ և թույլ արագիլները, որոնք չեն կարող կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր:
Հունվար 14, 2011
