

Արմենպրես
Հայաստանի «Կարմիր գրքում» ներառված են 452 բուսատեսակներ, որոնց գոյությունը վտանգված է, սակայն վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում ոչ մի բուսատեսակ չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը` իրազեկելով, որ 20 տարվա ընդմիջումից հետո, վերջերս լույս է տեսել Հայաստանի երկհատոր «Կարմիր գիրքը», որտեղ 3550 տեսակի բարձրակարգ բույսերից ընդգրկված են 452-ը:
«Դրանք տարբեր աստիճանի վտանգի տակ գտնվող բուսատեսակներն են: Հիմնականում վտանգված են խոտաբույսերը, իսկ ծառատեսակներից` Իյուտայի ծառը, Կենին եւ այլն»,-ասաց Տ. Դանիելյանը` ընդգծելով, որ նախորդ` 20 տարի առաջ տպագրված «Կարմիր գրքում» ներառված էր 386 բուսատեսակ: Ոչնչացման եզրին գտնվող բույսերի ավելացումն, ըստ բաժնի պետի, պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «20 տարի առաջ, երբ նախորդ գիրքն էր պատրաստվում, ընդունված չէր օգտագործել միջազգային չափորոշիչներ:
Ճիշտ է` մեր գիտնականները մեծ աշխատանք էին կատարել, սակայն դա չէր արտացոլում ամբողջ պատկերը: Վտանգված բույսերի թվի ավելացումը կապված է նաեւ ոչ բարենպաստ պայմանների հանգամանքով»,-ասաց նա` հավելելով, որ այս անգամ բավականին լուրջ եւ համալիր ուսումնասիրություններ են իրականացվել: Եթե նախորդ գրքում ներառված էին միայն բույսերը, ապա այս մեկում ընդգրկված են նաեւ սնկերը` շուրջ 40 տեսակ: «Մեր գիտնականները ոչ միայն շրջում են հանրապետության ողջ տարածքով, այլեւ օգտվում են կուտակված, պատրաստի նյութերից, կատարում են համապատասխան վերլուծություններ:
Հնարավոր է, որ ուսումնասիրությունների ժամանակ բույսը շատ լավ վիճակում լինի կամ տվյալ տեղանքում ընդհանրապես չլինի, սակայն դա ոչինչ չի նշանակում, եւ այստեղ շատ կարեւոր են նաեւ այլ նյութերն ու վերլուծությունները»,-նշեց Տ. Դանիելյանը: «Կարմիր գիրքի» եւ դրա ուսումնասիրությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ, վերջինիս պատրաստմանը մասնակցել են շուրջ 50 գիտնականներ:
Հայաստանի ԿԳ ներառված բույսերի եւ կենդանիների տեսակները ընտրված են` ըստ Համաշխարհային միության բնության պահպանության կատեգորիաների եւ չափանիշների: Բոլոր տեսակները ենթաբաժանվում են երեք կատեգորիայի`ըստ կրիտիկական վիճակի(CR), անհետանցման վտանգի(EN) եւ խոցելիության (VU): Ֆլորայի եւ ֆաունայի հետազոտություններն անցկացվել են ՀՀ Կառավարության եռամյա ծրագրի շրջանակներում:
Փետրվար 01, 2011
