

Ա1+
Թեեւ սիրողական որսի շրջանակներում կանոնների խախտում չի արձանագրվել, բայց փոխարենը 2010 թվականի ընթացքում եղել են ապօրինի որսի դեպքեր:
6-ամսյա որսաշրջանի ավարտի ամփոփ տվյալները ներկայացնելով` «Ա1+»-ին ասաց Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը նշեց, որ ապօրինի որսի դեպքերը կրկնակի նվազել են:
Ըստ Կարեն Պապոյանի` 2010 թվականին արձանագրվել է 37 դեպք` նախկին տարվա 60-ի փոխարեն: Այսինքն` եթե 2009 թվականին պետությանը հասցրված վնասի չափը կազմել էր շուրջ 8 մլն դրամ, 2010-ին այդ թիվը հասել է 3 մլն 212 000 դրամի: Նպաստել են պատժամիջոցներն ու տուգանքները: «Մարդիկ սկսել են հասկանալ, որ միգուցե այսօր նրանց մոտ անօրինական որսով զբաղվել ստացվում է, բայց կգա մի օր եւ նրանք նույնպես կպատժվեն»,- նշեց նա:
Պաշտոնյայի հավաստմամբ` որսագողերին այս որսաշրջանին ավելի քիչ են հետաքրքրել խոշոր կենդանիները, ինչպես օրինակ բեզոարյան այծը, վարազը:
Հետաքրքրել են նապաստակը, քարակաքավը, լորը: Այնուամենայնիվ գրանցվել է վայրի խոզի ապօրինի որսի մեկ դեպք Խոսրովի անտառում, որի վնասը կազմել է մոտ 1 մլն դրամ:
Մեկ այլ խոշոր դեպք էլ եղել է Վայոց Ձորում. գետում հոսանքի միջոցով իրականացվել է ձկների սպանդ: Դեպքի առիթով` ըստ Պապոյանի հարուցվել են քրեական գործեր, որի համար պատիժը սահմանվել է 3 տարի ազատազրկում:
Կարեն Պապոյանի խոսքերով` Գիտությունների Ազգային Ակադեմիայի որոշումով Բնապահպանության նախարարն է հաստատում, թե որ տարվա, որ ժամանակահատվածում է կարելի որս անել: Նրա տեղեկացմամբ, որսորդմիությունը որսաշրջանի ընդհանուր արտոնագիր ստանալու համար նախարարությանը վճարում է համապատասխան սահմանված գինը եւ իրականացնում սիրողական որսը: Կա նաեւ անսահմանափակ որաստեսակներ, ինչպես օրինակ ագռավների եւ գայլերի որսը:
Բնապահպանության աշխատակիցը նկատում է, որ 2010 թվականից արդեն նախարարությունը սահմանում է նաեւ վարազի որսի համար թույլատրելի անդորրագիր, որի ձեռք բերման համար որսի սիրահարը պետք է վճարի 50 000 դրամ: Ըստ նրա` նախորդ սեզոնին սահմանվել էր 6 վարազի անդորրագիր:
Կարեն Պապոյանը չնշեց, թե կոնկրետ ում է հետաքրքրում խոշոր կենդանիների որսը, միայն նկատեց, որ այդ սիրողական զբաղմունք է եւ յուրաքանչյուր ոք, ով որսորդմիության անդամ է, որսի իրավունք ունի: Իսկ տեսչությունը խիստ է ինչպես մյուս շարքային որսագողերի, այնպես էլ որսորդ պետական պաշտոնյաների նկատմամբ:
Հայաստանում կա որսորդների 4 միություն, որոնք ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ եւ շուրջ 30 հազար անդամ:
Փետրվար 04, 2011
