

ԷկոԼուր
Բնապապահպանների վրդովմունքն է առաջացրել ՀՀ կառավարության որոշումը` գայլ սպանելու համար 100 հազար դրամ պարգեւատրելու մասին: «Մեր երկրի սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում, երբ ամեն մի գայլի համար կառավարությունը 100 հազար դրամ է խոստանում, գայլերի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողության սահմաններից»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Բնապահպանը նշեց, որ համայնքներին օգնելու համար լավ կլիներ տեղի բնակիչներին զինել հրացաններով, որպեսզի իրենք պաշտպանվեին համայնքի վրա հարձակվող կենդանիներից, այլ ոչ թե պարգեւավճար սահմանեին որսորդների համար, ինչը կարող է հանգեցնել գայլերի պոպուլյացիայի ոչնչացմանը:
Գայլերն անտառների եւ շրջակա միջավայրի սանիտարներն են: Նրանք որսում են թույլ առանձնյակների եւ մաքրում են տվյալ պոպուլյացիան թույլ եւ հիվանդ կենդանիներից` բնության մեջ կարգավորելով այդ տեսակի պոպուլյացիայի հավասարակշռությունը: Ինչպես նաեւ գայլերը սնվում են նոր սատկած կենդանիների լեշերով:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության մշակած գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը: Նպատակը գայլերի թվաքանակի կարգավորումն է եւ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը: Պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ:
«Անտրոպոգեն գործոնի պատճառով գայլերը կորցրել են իրենց բնադրավայրերը, կեր հայթայթելու հնարավորությունները, եւ սա է պատճառը, որ նրանք հարձակվում են բնակավայրերի վրա, իսկ մենք փորձում ենք նման մեթոդներով մեր իսկ արած հանցագործությունները բարդել կենդանիների վրա: Առանց այն էլ մեր ժողովուրդը անխնա եւ բարբարոս վերաբերմունք ունի մեր կենդանական աշխարհի հանդեպ, հիմա էլ դա մենք փորձում ենք խրախուսել գումարներով»,- ասաց Սիլվա Ադամյանը:
ՈՉՆՉԱՑՎԱԾ ԳԱՅԼԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓ`ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ 100 000
ԱրմԻնֆո
ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, որն արտահայտվում է հանրապետության տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա: Գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել որսորդական զենք-զինամթերքի, դաշտային հանդերձանքի և տրանսպորտային միջոցների շահագործման գների աճով: Մյուս կողմից` վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգևատրման մեխանիզմներ չեն կիրառվել և այդ գործընթացի բացակայությունը նույնպես հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին: Այս հանգամանքը սոցիալ-տնտեսականից բացի, առաջ է բերել նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգ, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից ս.թ. փետրվարի 10-ի նիստում: Որոշման նպատակը գայլերի թվաքանակի կարգավորումն է և բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Բնապահպանության նախարարությունից, կառավարության որոշման համաձայն ոչնչացված գայլերի դիմաց սահմանված է պարգևատրման չափ` յուրաքանչյուր գլխի համար 100 000 դրամ: Պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 10 մնլ. դրամ: Գայլերի որսը կարող են իրականացնել ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն որսորդական վկայական, հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
Գայլերի որսն իրականացվում է` ա/ որսորդական ողորկափող հրազենով, բ/ ակոսափող հրազենով, գ/ ինքնաորս գործիքներով` թակարդներով: Բացառիկ դեպքերում գայլերի ոչնչացումը ՀՀ տարածքում կարող է իրականացվել նաև առանց վերը նշված պայմանների ապահովման, եթե գայլերը իրենց կենսակերպով և վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին: Տվյալ դեպքում գայլերի ոչնչացման համար կարող են օգտագործվել նաև այլ գործիքներ և հարմարանքներ: Նման դեպքերում տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հաստատմամբ կազմվում է համապատասխան փաստաթուղթ գայլերի ոչնչացման վերաբերյալ: Գայլերի որսն իրականացնող անձինք գրանցվում են բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված` գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովում: Որսած գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարները տրամադրվում են վերը նշված պայմանների համաձայն, ինչպես նաև` գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում:
Վերը նշված բացառիկ դեպքերում ոչնչացված գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարները տրամադրվում են տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթը և գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում: Գայլերի որսն իրականացրած անձինք գայլի մորթին ներկայացնում են հանձնաժողովին` կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Պարգևատրման գումարները տրամադրվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և գայլի մորթին հանձնաժողովի կողմից ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ժամկետում: Գայլերի որսի իրականացումը կանոնակարգվում է բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանով հաստատված որսի կանոնների դրույթներով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԷկոԼուր-www.gov.am
Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջացառումների իրականացման կարգը։ Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել 10000.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։
Փետրվար 11, 2011
