

ԷկոԼուր
Խոսրովի արգելոցի Գիլան տեղամասում գտնվող անավարտ շինության հարցով ստեղծված ՀՀ բնապահպանության նախարարության հանձնաժողովը ներկայումս դիտարկում է խնդրի լուծման երեք տարբերակ: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հուլիսի 18-ին հասարակության ներկայացուցիչների հետ Խոսրով կատարած այցի ժամանակ: «Լուծումներից մեկն ապամոնտաժումն է: Այդ դեպքում հաշվարկում են տնտեսական վնասն ինչքան պիտի լինի, ինչքան պիտի հատուցում տանք, հավանաբար բյուջեից ենք տալու:
Երկրորդ տարբերակը` նայում են այդ շենքի օգտագործման հնարավորությունները:
Երրորդ տարբերակը` հանձնաժողովը նայում է, թե ինչպես է եղել, որ այդ շենքը կառուցվել է»,- ասաց Սիմոն Պապյանը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Վարանցով Բարսեղյանը նշեց. «Քանդելը շատ հեշտ է, կառուցելը` բավականին դժվար: Իսկ արդյոք մենք դա չե՞նք կարող օգտագործել ավելի լավ նպատակի համար: Շինարարական աղբն ավելի մեծ վնաս կպատճառի արգելոցին»:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը տնօրենին.
-Բեռնատարներով կտանենք:
Վարանցով Բարսեղյան.
Ո՞վ է փոխհատուցելու:
Եղիա Ներսիսյան.
-Իրենք մեզ պիտի փոխհատուցեն, ոչ թե մենք, ….ով որ փաստաթղթի տակ ստորագրել է, թող նա էլ փոխհատուցի: … Գիլանի կառույցը տեղով դեֆեկտ է, վիրուս է, սխալ է: Եկեք մի հատ դա բացարձակ վերացնենք, հետո նստենք քննարկման
Սիմոն Պապյանն առաջարկեց հասարակությանը մտնել վերոնշյալ հանձնաժողովի մեջ եւ իրենց առաջարկություններն անել այնտեղ:
Նա նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի ավարտի ժամկետ չկա:
Հուլիս 20, 2012 at 13:47


