Արմենպրես
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Սոսու պուրակ» պետարգելավայրում, որտեղ արդեն ավարտվել են սահմանների ճշտման եւ քարտեզագրման աշխատանքները, առաջիկայում կսկսվեն անտառվերականգնումները:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց նախարարության բնության եւ բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, կկատարվեն անտառկուլտուրաների լրացման, էնդեմիկ ծառերի, բուսատեսակների գույքագրման, դրանց խնամքի ու մշակման, վնասատուների դեմ պայքարի, ներտարածքային ճանապարհների բարեկարգման եւ ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ: Բացի դրանից, կհիմնվի ցանկապատված 2 հա տնկարանային տնտեսություն, որտեղ սոսու բուսակներից բացի կաճեցվեն նաեւ մեծ պահանջարկ ունեցող հունական ընկուզենու շուրջ 10 հազար տնկիներ: Պուրակի պահպանությունն ապահովելու նպատակով կհիմնվի անտառապահի տնակ, կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկա: Հսկողության տակ վերցնելով ու կոորդինացնելով կենսառուսները, ջրաճահճային էկոհամակարգերը, լանդշաֆտներն ու մարգագետինները` արգելոցի վարչական ապարատը արդյունավետ վերահսկողություն կիրականացնի նաեւ համայնքների համար նախատեսված արոտավայրերում ու խոտհարքներում:
Ըստ նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանի, «Սոսու պուրակ» պետարգելոցը, որն իր ուրույն տեղն ունի Զանգեզուրի Ծավ եւ Շիկահող գետերի հովտում ընկած միջազգային նշանակության, լանդշաֆտային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող էկոհամակարգերում, Կովկասում բնական սոսիների միակ եւ ամենախոշոր (100-150 լայնությամբ 7 կմ երկարությամբ) անտառն է: Այնտեղ աճող 1000-ից ավելի կաղնիներից եւ 250-300 տարեկան 30-35 մ բարձրությամբ սոսիներից բացի, աճում են նաեւ հունական ընկուզենի, կովկասյան փռշնի, սեւ մորմ, սզնի, հիբրիդային բարդի ու անտառային խաղող, որոնք գրանցված են «ՀՀ կարմիր գրքում»: Վերջին 12 տարում կատարված ապօրինի ծառահատումների եւ Ներքին Հանդ համայնքի բնակիչների գյուղատնտեսական գործունեության եւ կենդանիների գերարածեցման հետեւանքով վերոնշյալ բույսերի սերմնարտարդրությունը դադարել է, եւ նոսրացած անտառը ներկայումս կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ:
Ըստ Ա. Աղասյանի, վերոհիշյալ միջոցառումների իրականացման արդյունքում կբարձրանա նաեւ բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը:
Սեպտեմբեր 09, 2009
