ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

ՀՀ կառավարություն

Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները։ Հաստատվել են ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները։ Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։

Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ հաստատած «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգում», որով կարգավորվում են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները։

ՄԱՄՈՒԼՆ ՈՒՇԱԴԻՐ Է ՊԵՏՔ ԿԱՐԴԱԼ

«Հայք»

Կառավարության նիստում բնապահպանական «օգտակար» որոշումներ են ընդունվել: Նախ կառավարությունը Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը եւ նույն մարզում 17368,77 հա տարածքով «Զանգեզուր» պետական արգելավայրը: «Արեւիկի» պահպանության հիմնական օբյեկտներն են լինելու Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերը, բնության եզակի հուշարձանները, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիներ:

«Զանգեզուրի» ստեղծման հիմնական նպատակը Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունն է: Գործադիրը լրացում է կատարել նաեւ իր ավելի վաղ հաստատած «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգում», որով կարգավորվում են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները:

Մեկ այլ կարեւոր որոշում էլ վերաբերել է «Ջրվեժ» անտառպարկին: Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2009թ. հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ» անտառպուրակի սահմաններին: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս փոփոխությամբ կառավարությունը վերականգնում է արդարությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ էին հնչեցնում, որ Ջրվեժի անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առանձնացվում էր շուրջ 24 հա եւ հանձնվում էր համայնքային իշխանությանը: Հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեին, որ հետագայում մենք կկորցնենք այդ 24 հա-ն: Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ: Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով ավելացնել այդ պուրակը, մի կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս կողմից իսկապես տրամաբանական չէր այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում էր տնտեսության մեջ: Այդ տեսակետից այս որոշումը կարծում եմ արդարացված է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա չի մոռացել իր շնորհակալությունը հայտնել «Հ1»-ին, որն այս հարցը բարձրացրել է: Եթե Տիգրան Սարգսյանը մամուլի հարցում ընտրողաբար վերաբերմունք ունի եւ չի ընթերցում ընդդիմադիր թերթեր, տեղեկացնենք, որ այս խնդրի մասին առաջին հրապարակումը եղել է «Հայք» թերթում եւ «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության կայքում: Այնպես որ, գոնե շնորհակալությունների հարցում կարելի է օբյեկտիվ լինել:

Հոկտեմբեր 20, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր