

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացված «Ջրաքիսի բուծման ծրագիրը»: Ծրագիրը ներկայացվել է «Մինք Բրինդինգ Քամփընի» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի համաձայն` նախատեսվում է ջրաքիս բուծել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մերձակայքում: «Մեր դեպքում պահանջվում է մոտ 400քմ աշխատանքային եւ պահեստային տարածքներ եւ 50քմ գրասենյակային տարածքներ»,-նշված է ծրագրում:
Նշենք, որ ծրագրում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ընդհանրապես բացակայում է: Ոչ նշված է տեղի բուսականության, ոչ կենդանական աշխարհի մասին, ոչ այն մասին, թե արդյոք ծրագիրը իրենից ռիսկեր ներկայացնում է շրջակա միջավայրի համար, թե ոչ: Նման պարագայում թե ինչն է փորձաքննության ենթարկելու ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, հասկանալի չէ: Ծրագիրն իրենից ներկայացնում է ակնարկ ջրաքիսների, նրանց բուծման, եւ մորթու վաճառքի մասին: Այսօր մեկ մորթու միջին գինը 65-75 եվրո է:
Նշված է, որ բուծվելու է տարեկան 5000 մայրերի գլխաքանակ: Կենդանիները սնվելու են թռչունների եւ ձկների արդյունաբերական վերամշակման մնացորդներից պատրաստված թարմ կիսահեղուկ կերով: Գոմաղբը լցվելու է փոսի մեջ հետագա վերամշակման համար: Թե ինչ վերամշակման մասին է խոսքը, ծրագրում նշված չէ: Ջրաքիսներին քնեցնելու են ածխածնի օքսիդով: Ըստ ծրագրի`այդ մեթոդը դաժան չի համարվում:
Նշենք, որ սույն թվականի հունվարի 31-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի գյուղապետարանում նշանակված էին ծրագրի հասարակական լսումները:
Հունվար 31, 2014 at 17:20
