«Էյ Թի Փի» ԲՀ-ը 20-ամյա հոբելյանական տարին սկսել է` Հայաստանում և Արցախում ծառատունկ իրականացնելով

«Էյ Թի Փի» ԲՀ-ը 20-ամյա հոբելյանական տարին սկսել է` Հայաստանում և Արցախում ծառատունկ իրականացնելով

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ

Արդեն  գարուն է  և    «Էյ Թի Փի» ԲՀ-ը իր Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում  կանաչապատել է մոտ 110 համայնք`տնկելով ավելի քան 22,000 ծառ: Առաջին ծրագիրը իրականացվեց Արցախի Կովսական քաղաքում, որտեղ սիրիահայ փախստականները տնկեցին պտղատու ծառեր:  Ամեն տարի Համայնքային ծառատունկ ծրագիրը   հարյուրավոր համայնքների տրամադրում է պտղատու և դեկորատիվ ծառեր: Այս տարի ԼՂՀ պաշտպանության բանակին մրգով ապահովելու նպատակով 6 զորամասերում տնկվեցին պտղատու ծառեր:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի հաջորդ կարևորագույն ծրագրերից է անտառվերականգնումը: Այս տարվա անտառտնկման սեզոնը մեկնարկվեց Ստեփանավանում, որտեղ  համախմբվել էին  հարյուրավոր կամավորներ  Սoսէ Թովմասեանի և Ալէն Յեքիքեանի  հիշատակի անտառում առաջին ծառերը տնկելու համար:  Երիտասարդ զույգի ընտանիքը և ընկերները նույնպես միացել էին «Դեպի Հայք» և  Հայ կամավորների միության անդամներին: Այս սեզոնին նորաստեղծ անտառում արդեն տնկվել է 20,000 ծառ:

 «Այս  գարուն Հիմնադրամի ծառերը համալրվեցին  ևս  42,000-ով , այսպիսով 1994թ-ից ի վեր  տնկված ծառերի ընդհանուր թիվը հասցնելով 4,497,869,- նշեց  «Էյ Թի Փի» ԲՀ-ի տնօրեն Թոմ Գարաբեդյանը: Անդրադառնալով կազմակերպության 20-ամյակի ձեռքբերումներին, հարկ է նշել, որ  «Էյ Թի Փի» ԲՀ-ը  ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ և համագործակցում է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և հաստատությունների հետ` ընդլայնելու համար այն ծրագրերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի գեղեցկացմանը և կանաչապատմանը»:

KPMG-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում  կանաչապատվեց Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնը, Բիբլոս բանկի աջակցությամբ ծառեր տնկվեցին Փոքր Մհեր կրթահամալիրի տարածքում, իսկ Հայ մշակութային Արարատ կազմակերպության հետ համատեղ ծառեր տնկվեցին Զվարթնոց  տաճարին հարակից տարածքում: «Էյ Թի Փի»-ին շարունակաբար ծառեր է տրամադրում նաև Փարոս հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել կարիքավոր մարդկանց, ծնողազուրկ երեխաներին  և կանանց:

Ուսումնական հաստատությունների շարքում, որտեղ իրականցվել էր ծառատունկ, ներառված էին Երևանի պետական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ծառեր տնկվեցին նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի  նոր Էկո-կրթական կենտրոնում:

«Էյ Թի Փի» ԲՀ-ը վերսկսել է իր կոճղաշվային վերականգնման ծրագիրը և աշխատատեղեր ստեղծել Գյումրիում և Ազատանում բնակվող 35 անձանց համար:  Հիմնադրամը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ համաձայնության է եկել սանիտարահիգիենիկ աշխատանքների ընթացքում կուտակված վառելափայտը տրամադրել կարիքավոր ընտանիքներին:

«Ես չափազանց հպարտ եմ , որ կրկին կյանքի է կոչվել այս ծրագիրը,- նշեց Գարաբեդյանը: Վերջինիս շնորհիվ «Էյ Թի Փի» ԲՀ-ի  և երկու համայնքների միջև ստեղծվել է սերտ համագործակցություն, ունենք 35 սեզոնային աշխատակիցներ, գեղեցկացվում և կարքի են բերվում ծառերը, կարիքավոր ընտանիքներին տրվում է վառելափայտ, իսկ արդյունքում շահում են բոլորը»:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի նախաձեռնության մյուս կարևոր բաղադրիչը ուսանողներին, գործընկեր- կազմակերպություններին և առհասարակ բնակչությանը բնապահպանական կրթության վերաբերյալ  գիտելիքներով ապահովելն է: Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան կրթական կենտրոնն ունի դասասենյակներ, հանդիպումների համար նախատեսված սրահ և հյուրասենյակներ:

Նախորդ ամիս  Օհանյան կենտրոնում անցկացվեց  Գերմանիայի միջազգային համագործակցության կենտրոնի(ԳՄՀԸ) կողմից կազմակերպված երկշաբաթյա  վերապատրաստման դասընթաց, որը վերաբերում էին թափոնների կառավարմանը: Դասընթացը վարեց բնապահպանական փորձագետ Մարտին Գաբրիելը, որին մասնակցում էին ավելի քան 60 մարդ: 

«Էյ Թի Փի»-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու,առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով: Մանրամասն տեղեկությունների համար այցելե’ք www.armeniatree.org. կայքը

Լուսանկարը` «Էյ Թի Փի» ԲՀ-ի

Ապրիլ 30, 2014 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր