

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական է համարում Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիրը: «Ծրագիրը լիարժեք ծառայում է իր նպատակին: Ծրագիրը համարում եմ կարևոր, և այն արդյունավետ է այն առումով, որ այսօր մենք Սևանում ունենք իշխանի պաշարի համալրում: Դա ցույց են տալիս մոնիտորինգի արդյունքները, որը իրականացնում է Ազգային ակադեմիան, և մենք վստահում ենք իրենց»,- ասաց Արամայիս Գրիգորյանը օգոստոսի 11-ին իր 100-օրյա աշխատանքային գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցանցավանդակային եղանակով ֆոսֆոր եւ ազոտ պարունակող արհեստական կերի հաշվին Սեւանա լճում աճեցնել Սեւանի էնդեմիկ իշխան` տարեկան քանակը մինչեւ 2023թ-ը հասցնելով 50 000 տոննայի:
Վերջերս այս ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ «Վտանգն այն է, որ ձկների ֆիզիոլոգիական արտազատումները պետք է յուրացվեն լճի փոքր հատվածում: Եթե ձուկը բնական պայմաններում բազմանար՝ ողջ լճով մեկ, խնդիր չէր ծագի: Ձկնաբուծության զարգացման ծրագրում առաջարկվել են այդ նյութերի տարրալուծման մեթոդներ, սակայն պետք է վերլուծել դրանք եւ հասկանալ, թե որքան են դրանք արդյունավետ», - նշեց Բարդուխ Գաբրիելյանը:
ԷկոԼուրի աղբյուրի համաձայն՝ վերջերս բնապահպանության նախարարության մասնագետները տարբերակ են գտել ցանցավանդակային տնտեսությունը հիմնել ոչ թե մեծ Սևանում, ինչպես նախատեսվում էր, այլ՝ փոքր Սևանում, որտեղ Հրազդան գետի ելքն է, որպեսզի հոսք ապահովվի եւ արհեստական եղանակով ձկնաբուծությունից առաջացող բացասական տարրերը այդ հոսքով դուրս գան:
Չնայած այս մտահոգություներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը արհեստական կերից լճին սպառնացող վտանգներ կարծես չի տեսնում։ «Ինչ վերաբերում է կերի հետ կապված խնդիրներին, որ կարող է կերը ավելցուկ տալ և խնդիրներ առաջացնել Սևանում, ասեմ, որ նախագիծը հետևյալ ձևով է իրականացվելու՝ նախ կան գիտնականներ, որոնք ասում են, որ կարող է վտանգ առաջացնի, և կան գիտնականներ, որ ասում են, որ բացարձակապես իրենից վտանգ չի ներկայացնի, և եղած ավելցուկ կերը օգտագործվելու է խեցգետինների կողմից: Այսինքն, ամբողջությամբ մաքրվում է: Մենք փուլային ծրագրերով ենք շարժվելու առաջ, և երբ մեկ տարի կամ վեց ամիս հետո մենք որոշակի խնդիրներ ունենանք, բնականաբար, մենք այդ միջոցառումը կդադարեցնենք, բայց այսօրվա իրավիճակը մեզ թույլ է տալիս ասելու, որ որևիցե վտանգ Սևանա լճին չի սպառնալու»,- ասաց Արամայիս Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը բազմիցս նշել է, որ Սևանա լիճը գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում, և նման վիճակում լճի հետ նոր փորձարկումներ չի կարելի անել:
Օգոստոս 13, 2014 at 12:25
