

ԷկոԼուր
«Ինձ բազմաթիվ նամակներ են գրում տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից: Ակտիվիստական խմբերը ինձ հայտնեցին, որ Ռուսաստանում՝ Մոսկվայում, նույնպես ցանկանում են կազմակերպել ակցիա՝ ուղղված Հայաստանում գայլերի սպանդի դեմ», - հոկտեմբերի 22-ին ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենդանապաշտպան հայտնեց Կարինե Փանոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է անտառի սանիտարների` գայլերի սպանդը ֆինանսապես: 2014թ-ին կառավարությունը որոշեց 20 միլիոն դրամ հատկացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը 200 գայլ սպանելու համար: Յուրաքանչյուր սպանված գայլի համար որսորդները կստանան 100 000 դրամ պարգեւավճար: 3 տարի առաջ բնապահպան Սիլվա Ադամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Փրկենք գայլերին» նախաձեռնությունը, որը պայքարում է գայլերի փրկության համար:
Կարինե Փանոսյանը ահազանգեց, որ, երբ Հայաստանում գայլերի ոչնչացումը հասնի Գերմանիայի և եվրոպական մի շարք երկրների մակարդակին, այլևս hետդարձի ճանապարհ չի լինի: Նրա կարծիքով՝ գայլերին սպանելու փոխարեն խնդիրը կարելի է լուծել՝ իրականացնելով այլ միջոցառումներ. պաշտպանել գյուղական համայքները և ֆերմաները պարիսպներով, ամրացնել անասնագոմերը և այլն: Այդ պարագայում և՛ ոչխարները կենդանի կմնան, և՛ գայլերը կուշտ կլինեն:
Մեծ Բրիտանիայի «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության անդամ Նարե Արամյանն էլ ասաց. «Հայաստանը ոչ միայն մեծամասամբ չի վավերացրել կենդանիների պաշտպանությանն ուղղված եվրոպական կոնվենցիաները, այլ նաև արդեն վավերացրածները և ներքին օրենսդրությամբ նախատեսած բոլոր կետերն ամեն օր սիստեմատիկորեն խախտում է՝ ընդ որում արդեն կառավարական որոշումների մակարդակով:… Մենք երկար տարիներ վարչապետին և Ազգային ժողովին ուղղված նամակներով առաջարկել ենք կազմել հայեցակարգային ծրագիր՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք առաջնորդվել ցանկացած կենդանատեսակի և գլխաքանակի վերահսկման համար: Ստացվում է, որ սկզբունքն անսկզբունքայնությունն է, այսինքն, ով ինչ ուզում է, թող անի…Սա ամենակարևոր ապօրինությունն է, որը նաև պետք է քրեորեն պատժելի լինի»:
Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը վստահ է, որ գայլերը կորցրել են իրենց կենսամիջավայրը, ինչի պատճառով էլ նրանք մնում են սոված և հարձակվում են գյուղական տնտեսությունների վրա:
«Երբ կառավարության որոշում ընդունվեց գայլերի վրա որս կատարելու վերաբերյալ, և հրաման արձակվեց 200 գլխաքանակով գայլ ոչնչացնել, մենք հարց բարձարցրեցինք՝ արդյո՞ք մեր պետությունը գիտի՝ գայլերի ինչպիսի գլխաքանակ ունի: Պարզվում է, որ ոչ ոք նման տեղեկատվություն չունի, ոչ ոք չի ուսումնասիրել գայլերի գլխաքանակը»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Բնապահպանին զայրացնում և զարմացնում է այն հանգամանքը, որ առանց գիտական ուսումնասիրությունների նման քայլեր են արվում: Նրա խոսքով՝ վերջին ուսումնասիրություններն արվել են Խորհրդային Միության օրոք:
«Մենք դիմել ենք մեր գործընկերներին, և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանից
նամակ ենք ստացել, որտեղ նշված է, որ առանց գիտական ուսումնասիրությունների մենք չենք կարող ասել՝ ինչն է պատճառը, որ այսօր մենք ունենք այսպիսի իրավիճակ՝ կապված գայլերի հարձակումների հետ գյուղական տնտեսություններում: Կա մի շատ լավ ուսումնասիրություն, որը կատարել է WWF-Հայաստանը, որտեղ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ուսումնասիրվել են մարդ-գայլ կոնֆլիկտի պատճառները: Նրանք էլ առաջարկում են լուրջ ուսումնասիրություններ կատարել, ամրացնել անասնագոմերը, ձեռք բերել այնպիսի ցեղատեսակի շներ, որոնք հատուկ վարժեցրած են հենց վայրի կենդանիների վրա որս կատարելու համար: Մեր գործընկերները, ովքեր ուսումնասիրել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքը, ցավով նշում են, որ անասնագոմերը սարսափելի վիճակում են և պետք է ամրացվեն, էլեկտրական հովիվներ պետք է լինեն: Որսը գայլերի վրա այն ձևով, որը կառավարությունն է սահմանել, ոչ մի արդյունքի չի բերելու, սա պարզապես գումարի կորուստ է», - ասաց Սիլվա Ադամյանը:
«Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնությունը կառավարությանը նամակ է ուղղել՝ կոչ անելով, որպեսզի կառավարությունը վերանայի իր որոշումը:
Բնապահպանական կազմակերպությունները և ակտիվիստական խմբերը այսօր` ժամը 16:00-ին. կկազմակերպեն բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մետ՝ ուղղված գայլերի սպանդի դեմ:
Հոկտեմբեր 22, 2014 at 16:37
