

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարևորագույն խնդիրներից Կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը և այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները և քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի և բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման և արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ և կայուն տարածքների զարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Վեդու ջրամբարի կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման և կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է առանձնահատուկ և հարուստ կենսաբազմազանություն ունեցող ջրամբարի հարակից տարածքում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն առաջարկել է առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում և համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում:
Փետրվար 18, 2015 at 16:12
