Այն մասին, թե ինչպես կառավարությունը կրճատեց «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքը և ինչու

Այն մասին, թե ինչպես կառավարությունը կրճատեց «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքը և ինչու

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը 2015թ. հուլիսի 2-ին ընդունեց 731-Ն որոշումը, որով փաստացի 630.6541 հեկտարով կրճատված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը  «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի հաշվին: Հիշեցնենք, որ այդ համալիրը ստեղծվել է ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի 1465-Ն որոշմամբ, որով միավորվեցին «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:

731-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N1187-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1465-Ն, ՀՀ  կառավարության 2009  թվականի հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշումներում:

Որոշման հիմքում ընկած է «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի սահմանների հստակեցումը, որոնք 2013թ-ին կորցրեցին իրենց իրավաբանական կարգավիճակը նոր բնության հատուկ պահպանվող տարածքի` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձևավորման արդյունքում: «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» պետական արգելավայրի կարգավիճակը և սահմանները սահմանված էին ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N1209-Ն և 2009թ. հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշումներով:

Եթե համեմատենք «Արևիկ» ազգային պարկի նոր և հին տարածքները, ապա կառավարության ներկայիս որոշմամբ տարածքը կրճատվել է 471.61 հեկտարով: Եթե 2009թ-ին «Արևիկ» ազգային պարկի ստեղծման մասին որոշմամբ պարկի տարածքը կազմում էր 34410.80 հեկտար, ապա փոփոխությունների արդյունքում այն կկազմի 33939.19 հեկտար: «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքն էլ կրճատվել է 159.0441 հեկտարով. 25870.64 հեկտարի փոխարեն նոր որոշմամբ այն կազմում է 25711.5959 հեկտար:

«Արևիկ» ազգային պարկը ստեղծվել է Սյունիքի մարզի (Մեղրու տարածաշրջան) Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին` Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազաններում` Մեղրիի անտառատնտեսության և «Բողաքար» արգելավայրի բազայի վրա։ Այն ընդգրկում է Մեղրի գետի ջրհավաք ավազանի վերին, միջին հատվածները` Տաշտուն գյուղից մինչև Լեհվազի և Վահրավարի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի վրա գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով։

«Զանգեզուր» պետական արգելավայրը ընդգրկում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը և նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

Վերջին 4 տարիների ընթացքում «Արևիկ» ազգային պարկը ենթարկվեց հանքարդյունաբերական ընկերությունների ներխուժման: Միայն Տաշտուն համայնքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություն է ստացել «Սթորթրանս» ընկերությունը, իսկ հայ-ռուսական «Ատ մետալս» ընկերություն արդեն ունի բոլոր թույլատրող փաստաթղթերը Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար, որը խորհրդային ժամանակաշրջանի ուրանային գիտարշավի տվյալներով կարող է պարունակել նաև ուրան: Լեհվազ համայնքի տարածքը նույնպես օգտագործվում է հանքարդյունաբերական աշխատանքների համար:

Իսկ «Զանգեզուր» պետական արգելավայրում ակտիվացել է փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը: «Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է  «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը եւ «Քաջարանց» ՓՀԷԿ-երի կառուցումը արգելավայրի տարածքում:

Մենք չենք բացառում, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կրճատման իրական պատճառը բիզնեսի և կառավարությունում նրա հետ կապ ունեցող լոբբիստների ճնշումն է:   

Հուլիս 15, 2015 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր