

ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում բացվեց Բնության և այցելուների կենտրոն: Բացմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհուրդի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան և այլ հյուրեր:
«Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանն իր խոսքում նշեց, որ Կենտրոնի ստեղծման համար ընտրվել է հենց Դսեղ համայնքը, քանի որ այն հանդիսանում է Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերից մեկը: «Դսեղը «Հայաստանի թռչունների պահպանման միության» կողմից ճանաչվել է որպես թռչնաբանական կարևորագույն տարածք: Կարևոր տեսակներից են Կովկասյան մայրեհավը, որը Կովկասի էնդեմիկ տեսակ է: Սա այն տեսակներից մեկն է, որի համար շատ զբոսաշրջիկներ, հատկապես եվրոպական տարբեր երկրներից ցանկանում են գալ Հայաստան: Կարևոր տեսակներից է նաև նաև Սպիտակագլուխ անգղը, որը խորհրդանշող տեսակ է ամբողջ Լոռու մարզում: Ունենք այլ տեսակներ ևս, որոնց շնորհիվ այս տարածքն առանձնացվել և ճանաչվել է որպես կարևորագույն թռչնաբականական տարածք», - ասաց Լյուբա Բալյանը:
Նա նշեց, որ Կենտրոնը նպատակ ունի ոչ միայն խթանելու զբոսաշրջությունը, դարձնելու Դսեղի բնությունն առավել ճանաչելի, այլ նաև հանդես գալու որպես կարևոր հարթակ հետազոտական աշխատանքների համար: Կենտրոնի հիմնական նպատակներից է նաև ներգրավվել տեղի բնակչությանը զբոսաշրջության զարգացման գործընթացում՝ դրանով իսկ ստեղծելով նրանց համար եկամտի այլընտրանքային աղբյուր:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ տուրիզմի զարգացումը մարզի տնտեսության զարգացման ամենակարևոր ճյուղերից մեկն է, և այս հարցում Դսեղի բնության և այցելուների կենտրոնը կարևոր կառույց է:
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, կարևորելով Կենտրոնի ստեղծումը, նշեց, որ շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ ցանկացած գործունեություն միանգամայն համապատասխանում է Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտության որդեգրած ուղղություններին՝ հաշվի առնելով տարեվերջին Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովը:
Բնության և այցելուների կենտրոնը ստեղծվել է «Հայաստանի թռչունների պահպանման միության» կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, Բրդլայֆ Շվեյցարիայի (SVS) և Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհրդի աջակցությամբ:
![]() |
|
|
|
|
|
Նոյեմբեր 17, 2015 at 17:42

