Խոսրովի արգելոցում դեռ ծխացող օջախներ կան

Խոսրովի արգելոցում  դեռ ծխացող օջախներ կան

ԷկոԼուր

Օգոստոսի 18-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեռ ծխացող օջախներ կան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբեր՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է. «Ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է»:

Բացի փրկարարներից, Խոսրովում հետհրդեհային աշխատանքները շարունակում է ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

Հրդեհի պատճառած վնասը հսկայական է: Բնությանը պատճառած վնասի մասին խոսելիս` ՀՀ բնապահպանության նախարարն ասել է. «Եթե այլ տարածքներում կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք…»

Նախարարը հայտնել է, որ միջազգային կազմակերպություններից արդեն կան աջակցության` հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առաջարկներ:

Օգոստոս 18, 2017 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր