Ահազանգ` Հայաստանի բնության հրաշք քարանձավները վանդալիզմի զոհ

Ահազանգ` Հայաստանի բնության հրաշք քարանձավները վանդալիզմի զոհ

ԷկոԼուր

Շարունակվում են Հայաստանի բնության հրաշալիքների`Վայոց ձորի մարզում գտնվող Արջերի եւ Մոզրովի քարանձավների նկատմամբ վերահսկողության բացակայության վերաբերյալ ահազանգերը: Օրերս «Էկոլուր»-ի բլոգում բլոգեր Մարիանա Արշակյանի հետ զրույցում քարանձավների խնդիրը բարձրացրեց արշավորդ Ռուբեն Բաղդիշյանը: Թեման Facebook սոցիալական ցանցում շարունակեց ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը:  Երկուսն էլ ահազանգում են, որ քարանձավները վերահսկողության բացակայության պատճառով վանդալիզմի են ենթարկվում եւ ոչնչացման վտանգի տակ են:

Արջերի  քարանձավը   Հայաստանի  ամենաերկար  քարանձավն է: Այն պատված է  արագոնիտի և կալցիտի   բյուրեղներով, որոնք  ձևավորել են  ամուր կայուն համակարգ: Քարանձավը   հիմնականում  ձևավորված  է կալցիումի   կարբոնատով, որն էլ   ձևավորում է  տարբեր  տեսակի   ստալակտիդներ    ու ստալագամենտներ: Այսպես է բնութագրում Արջերի քարանձավը Ռուբեն Բաղդիշյանը:

Գոռ Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով Մոզրովի քարանձավին, գրում է. «Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց Ձորում: Քարանձավը կարստային է, որի պատճառով այն արդեն իսկ հանդիսանում բացառիկ բնական հրաշք: Քարանձավում կարող եք տեսնել անկրկնելի կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և անկրկնելի գեղեցկության բյուրեղներ: Աշխարհում նման գեղեցկության քարանձավները կարելի է մատների վրա հաշվել: ԽՍՀՄ ժամանակաշրջանում բազմաթիվ քարանձավախույզների և քարանձավագետների կողմից այն պաշտոնապես հայտարարվել է իրենց կողմից երբևիցե տեսնված ամենագեղեցիկ քարանձավը»:

«Չկա կոնկրետ վերահսկում, որի հետևանքով վանդալների զոհ է դառնում քարանձավը, քիչ են լավ պատրաստված և գիտակից ուղեկցորդները, որը պատճառ է դառնում քարանձավի ավիրմանը: Մուտքի մոտ կա դրված ճաղապատ դուռ, սակայն դուռն իր ֆունկցիան վաղուց կորցրել է՝  հարակից պատի փլված լինելու պատճառով»,- ասում է Ռուբեն Բաղդիշյանը:

«Մեր կառավարության անտարբերության շնորհիվ տեղի բնակիչները վերջին 20 տարիների ընթացքում գողացան և տարան թիթեղյա ծածկոցը, իսկ անբարեխիղճ արշավախմբերը և այցելուները կոտրեցին մուտքի դուռը` անարգել ելումուտ անելու համար: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում թափանցած փոշու պատճառով քարանձավը կորցրեց ամբողջ փայլը, իսկ հազարավոր տարիների ընթացքում առաջացած բազմաձև կարստային գոյացությունները թալանվեցին և դուրս հանվեցին: Այս ամենը շարունակվում է մինչ հիմա»,- Մոզրովի քարանձավի մասին գրում է Գոռ Հովհաննիսյանը: Նա դիմում է բոլոր արշավախմբերին, ղեկավարներին և անհատ արշավականներին. «Սիրելի ընկերներ, հիմնականում հենց մեր պատճառով է, որ այդ ստորգետնյա հրաշքից ընդամենը 20%-ն է մնացել: Եկեք միասին, ձեռք-ձեռքի տված փորձենք ուղղել մեր թույլ տված սխալը եւ կանգնեցնենք դեռ շարունակվող ավերածությունները, որոնք բոլոր քարանձավագետները նաև սրբապղծություն են համարում: ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓԱԿԵԼ ՄՈՒՏՔԻ ԱՆՑՔԸ` ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ»:

Մեր կողմից նշենք, որ բացի Մոզրովի եւ Արջերի քարանձավներից վտանգված է նաեւ Վայոց Ձորի մարզի Մագելի քարանձավը:  Այստեղ «Ինկար» ընկերությունը նախատեսում է շինարարական աշխատանքներ անցկացնել քարանձավում եւ Էքսկուրսիոն երթուղիներ կազմակերպել զբոսաշրջիկների համար` վտանգելով քարանձավի էկոհամակարգը եւ բնակիչների` չղջիկների գոյությունը: Մագելում բնակվում են չղջիկների 8 տեսակներ, որոնցից 6 տեսակն ընդգրկված են Կարմիր Գրքում: Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տարածքային –տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել է, որ պետք է օգտագործել զբոսաշրջային օբյեկտները, այդ թվում եւ քարանձավները, եւ Մագելի քարանձավը լավ օրինակ է:

Հունվար 16, 2012 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր