

Lragir.am
Մոզրովի, Արջերի և Մագելի քարանձավերի գոյությունը վտանգված է: Ասուլիսում նման ահազանգ հնչեցրեցին քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն ու Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ, քարանձավախույզ Գոռ Հովհաննիսյանը: Ըստ բանախոսների` քարաձանվներին վնաս են հասցնում հենց զբոսաշրջիկները. անպատրաստ մարդկանց խմբեր են ներխուժում քարանձավեր, որոնք, չհարգելով որևէ կանոն, վտանգում են քարանձավերի գոյությունը: Սամվել Շահինյանը հիշեց. «1980-ական թվականներին նկարահանված Սասունցի Դավիթ հեքիաթ-ֆիլմում ընդերքի պատկերներ կային: Այդ պատկերները Մոզրովի քարանձավում էին նկարված, բայց այդ գունային խաղերն ու հրաշքն այսօր այլևս չկան»:
Այսօր մարդիկ գնում, պոկում են քարանձավերի գեղեցիկ շիթաքարերն ու կաթիլաքարերը և միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած այդ գեղեցիկ գոյացությունները թանկ գնով վաճառում են Վերնիսաժում: Սակայն մասնագետները նախազգուշացնում են` ընդամենը մի քանի ամսից այդ նյութերը դառնում են սովորական կիր ու փշրվում:
Մոզրովի քարանձավի առաստաղը մարդկային գործոնի հետևանքով փլվել է, մեծ անցք է բացվել, որն էլ հնարավորություն չի տալիս, որպեսզի քարանձավում անհրաժեշտ խոնավություն պահպանվի: Արդյունքում` քարանձավ է ներթափանցում փոշի, կաթոցները դադարում են, միկորկլիման խաթարվում է:
Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է գումար հավաքել և փակել քարանձավի առաստաղը: «Եթե էկոնոմիկայի նախարարությունը պետք է զբաղվի զբոսաշրջության հարցերով, բայց ինքը չի ուզում գումար ներդնի, մենք կօգնենք խեղճ նախարարությանը, որպեսզի գումարային հարցերը լուծի: Մենք այս պահին ի վիճակի ենք մեր ծանոթության հշվին հավաքելու անհրաժեշտ գումարը»,- նշեց Գոռ Հովհաննիսյանը:
Միայն Մագելի քարանձավում կա 4-6 տեսակ չղջիկ, որոնք ոչնչացման եզրին են և գրանցված են միջազգային Կարմիր գրքում: Այս տվյալները ներկայացրեց Հայաստանի թռչունների պահպանության կազմակերպության ներկայացուցիչ Վարդգես Ղարախանյանը, ով կարևորում է քարանձավերի տարածքներում էկոկրթության կազմակերպումը: Տարիներ շարունակ զբոսաշրջիկները քարանձավ են մտել ջահերով, իսկ արտանետվող գազերից չղջիկները սատկել են:
Ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման են եկել գիտնականները:
Քարանձավագիտության կենտրոնի նախագահը նաև դժգոհեց, որ հազիվ են պահպանում իրենց անդամությունը Աշխարհի քարանձավագետների միությանը, քանի որ երիտասարդ կադրեր այսօր գրեթե չունեն:
Դեկտեմբեր 12, 2011 at 16:03
