

ԷկոԼուր
Երևանի բուսաբանական այգու վիճակի բարելավման համար ստեղծվել է Հիմնադրամ: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, Հիմնադրամին նվիրաբերված միջոցներով նախատեսվում է ավարտուն տեսքի բերել Բուսաբանական թանգարանը, բարեկարգել Բուսաբանական այգու շուրջ 20 հա ոչ կոլեկցիոն հողամասը այցելուների հանգստի կազմակերպման համար: «Այդ տարածքում կբարեկարգվեն ծառուղիները, երեխաների խաղի, ժամանցի հնարավորություն կստեղծվի, կլինի ամառային լսարան, սպորտային միջոցառումների համար վայր, ժամանակավոր սրճարան: Շենք, շինություններ բացառվելու են»,- ասաց Ժիրայր Վարդանյանը: Նա նշեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը մշակելու է այգու ոչ կոլեկցիոն հատվածում հանգստի գոտու ստեղծման ծրագիրը: «Հրավիրելու ենք նաև բնապահպանության նախարարության մասնագետներին` խմբում աշխատելու համար»,- ասաց Ժիրայր Վարդանյանը:
Երևանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1935 թ-ին: Այն իրականացնում է ազգային և համաշխարհային արժեք ներկայացնող բուսատեսակների գենոֆոնդի պահպանությունն ու ուսումնասիրությունը: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված 80 հա տարածքով Բուսաբանական այգին ինստիտուտի խոշոր կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանումն է: Բուսաբանական այգին միաժամանակ գիտափորձարարական և ուսումնագիտական բազա է ՀՀ ԲՈՒՀ-երի կենսաբանական և էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների համար:
Ներկայումս այգում էկոլոգաաշխարհագրական դասական սկզբունքով ստեղծված Կովկասի, Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրված են շուրջ 5000 անվանում ներկայացնող արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ, այդ թվում` Հայաստանի ֆլորայի և բուսականության եզակի ex situ հավաքածուն (1,5 հա, 1935թ.), որտեղ կենտրոնացված է Հայաստանի հարուստ ֆլորայի ավելի քան 1800 տեսակ:
Ապրիլ 05, 2017 at 17:46