ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՆԱԴՐՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՆԱԴՐՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Արմենպրես

Վերջին 3 տարիների ընթացքում, կապված Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ, Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ավելացել են բնադրող թռչունների տեսակները: Դա հաստատում են ոչ միայն մասնագետները, այլ նաեւ տարիքն առած շատ մարդիկ, ովքեր այդ տեսակները Սեւանում չեն նկատել տասնյակ տարիների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչ, «ԲԸՐԴԼԱՅՖ» թռչունների պահպանության միության անդամ, Գեղարքունքի մարզի խնամակալ Արտակ Սարգսյանը, մինչեւ Սեւանի մակարդակի կտրուկ անկումը Սեւանի ավազանում բնադրել կամ կայանել են 349-ից ավելի ջրլող կամ ցամաքային թռչուններ: Սեւանի մակարդակի իջեցումից հետո այդ տեսակները հասել են 276-ի:
 
Սակայն վերջին ժամանակներս Սեւանի ավազանում սկսել են հայտնվել մի շարք տեսակներ, որոնք տասնյակ տարիներ առաջ համարվում էին անհետացած: Այսպես, հայտնվել է հավալուսնը, որը վերջին անգամ այստեղ երեւացել է 14 տարի առաջ: Նկատվել է 14 հատ հավալուսն, որոնք կայանել են դեկտեմբերին եւ հեռացել փետրվարին: Նկատվել է 30 հատ կարապ:
 
Քաջահավերի խմբերը 2009 թվականից սկսել են բնադրել Նորատուսի անտառամերձ հատվածներում: Սեւանում բնադրել է նաեւ տարգալակտուցը: 38-40 զույգ կվակվա բնադրել է ճայերի կղզում: Փոքր Սեւանում հայտնվել են մեծ ձկնկուլներ` 140-150 հատ: Վերջապես, այստեղ բնադրել են բադերի շատ տեսակներ եւ խմբաքանակներ, որոնցից են կարմիր կռնչան բադը, լայնակտուց, բզապոչ, կարմիր բադերը, մրտիմները, սեւ փարփարը, սուզաբադը: Սեւանի թռչնաշխարհի այսօրվա բազմազանությունը հիմնականում պայմանավորված է բնադրավայրերի ու սննդի համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:

Ապրիլ 20, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր