

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր»
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերի թիվը Վայոց ձորում այսօր հասնում է 400-600-ի, մինչդեռ 6-7 տարի առաջ մարզում հաշվարկվել էր 30-35 բեզոարյան այծ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը՝ նշելով, որ եթե բեզոարյան այծի պոպուլացիայի աճը շարունակվի նման տեմպերով, ապա ինքը կառավարությանը կառաջարկի բեզոարյան այծն այլեւս չգրանցել հայկական Կարմիր գրքում:
Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանի՝ բեզոարյան այծերի թիվը մարզում 350-400-ի է հասնում: Նրա կարծիքով Կարմիր գրքից բեզոարյան այծը հանելու համար անհրաժեշտ է, որ նրանք ամբողջ արիալով շատանան:
Եղեգիսի կիրճում կարելի է անզեն աչքով տասնյակ բեզոարյան այծ տեսնել: Սա որսագողության դեմ պայքարի արդյունքն է: Վարդգես Մաթեւոսյանի խոսքերով ինքն անձամբ շահագրգռված է մարզում էկոտուրիզմի եվ ագրոտուրիզմի զարգացմամբ:
2007թ-ից WWF-ի հայաստանյան գրասենյակը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում են «Կենսառեսուրսների պահպանումը եվ համայնքների զարգացումը Հարավային Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում Վայոց ձորի Շատին գյուղում ստեղծվել է բեզոարյան այծերի տեսադիտարան: Շուտով զբոսաշրջիկների համար պատրաստ կլինեն նաեւ 1-2 սենյականոց բնակարաններ: Գարնանը կսկսի գործել զբոսաշրջիկներին Վայոց ձորի բնությամբ զմայլվելու հրավեր անող ինտերնետային կայքը: Ինչպես նշեց Կարեն Մանվելյանը, փորձ է արվում մարզում իրականացնել կայուն զարգացման մոդելը, երբ մարդկությունը զարգանում է, սակայն չի վնասում վայրի բնությանը:
Դեկտեմբեր 02, 2008
