Երեւանի որ պատմամշակութային հուշարձան շենքերն են ուզում քանդել (Լուսանկարներ)

Երեւանի որ պատմամշակութային հուշարձան շենքերն են ուզում քանդել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Երեւանի որ պատմամշակութային հուշարձան շենքերն են ուզում քանդել: Այդ շենքերը նշում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: «Աբովյան փողոցի վրա 10 և 12 համարի շենքերն են, ընդ որում 12 համարի շենքը Երևան Թուլիփ հյուրանոցից մի քիչ ներքև գտնվող շենքն է: Այդտեղ գտնվում էր Վազգեն Մանուկյանի կուսակցությունը և նաև քարերի ցուցահանդես, իսկ մյուսում ժամանակին ապրել է Մաքսիմ Գորկին:  Պուշկինի 2 և 4 շենքերը և հրշեջ կենտրոնը, այն կառուցել է Բունիաթյանը և այն եղել է Երևանի առաձին հրշեջ կայանը: Վերջերս պարզվեց, որ Պուշկինի 4 շենքի նկուղում կան կարասներ, որտեղ 18-րդ դարում գինի է պահվել, և ուղտերով բերել, լցրել են այդ կարասները: Որոշված է Դեղատան 13 շենքը քանդել, Տիգրան Մեծ` 11, 13, 15 շենքերը»:

Աբովյան 12, 13 շենքեր

 

Պուշկինի 2, 4 շենքեր

 

Հրշեջ կայան

Դեղատան 13 շենք

Տիգրան Մեծ 11, 13, 15

 
 
 

ՀՀ դատախազության շահերի պաշտպանման վարչության պատրաստած տեղեկանքի համաձայն՝ միայն 2000-2006 թվականներին Երեւանում ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան-շենք:

«Խորհրդային  տարիներին քանդվեցին կրոնական կառույցները՝ 14, 15,16 րդ դարերի եկեղեցիները, պարսկական, հնդկական մեջիթները: Դրանց տեղում կառուցվեցին, օրինակ,  Չարենցի դպրոցը, Մոսկվա կինոթատրոնը: Մի քանի եկեղեցի մնաց. մեր ղեկավարությունը հասկանում էր, որ չի կարելի ամբողջովին ոչնչացնել այդ պատմական շերտը, որն իրենից գանձ է ներկայացնում: Եւ դրա շնորհիվ պահպանվեցին Սուրբ Հովհաննեսը, Սուրբ Զորավորը, Աբովյան փողոցի վրա գտնվող 7-դ դարի մատուռը և էլի մի քանի եկեղեցիներ:

Այդ ժամանակ շատ պատմամշակութային հուշարձաններ ստեղծվեցին, օրինակ, Օպերայի շենքը, Աբովյան -Սայաթ-Նովա փողոցների վրա  գտնվող Լեզվի ինստիտուտի շենքը, որտեղ հիմնադրվել է  ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիան: Այդ շենքի ճարտարապետը կին էր`Աննա Տեր-Ավետիքյան: Սա բացառիկ դեպք է մեզ համար, երբ մենք ունեցել ենք այդպիսի հայտնի կին ճարտարապետ, ում կառուցած այդ շենքը, որը   քանդվեց, ժամանակին Փարիզում արժանացել է ոսկե մեդալի իր ճարտարապետական լուծումների համար:

Լեզվի ինստիտուտ, լուսանկարը վերցված է charkhchyan.wordpress.com կայքից

 

Կառուցվել է նաև Երևանի երկաթգծի կայարանը, Մոսկվա կինոթատրոնի շենքը և նրա հարակից ամառային կինոթատրոնը, ծածկած շուկան: Ճիշտ է՝ Զվարթնոց օդանավակայանը չի համարվում պատմամշակութային հուշարձան, բայց ինձ համար դա պատմական հուշարձան է»,-  ասաց Սեդրակ Բաղդասարյանը: Նա թվարկեց այն պամամշակութային արժեք ունեցող շենքերը, որոնք անկախության տարիներին քանդվեցին:  «…Քանդվեց Սևան հյուրարանոց պատմամշակութային հուշարձանը: Այն Շահումյանի հրապարակի վրա էր և եղել է Երևանի առաջին ճարտարապետ Բունիաթյանի շենքը: Կոնգրես հյուրանոցի տարածքում  եղել է Երևանի քաղաքային դուման: Այն 2 հարկանի  սև շենք էր: ՀՀ օլիմպիական կոմիտեի շենքը պատմամշակութային հուշարձան շենք է, դրա կեսը քանդել են և կառուցել են էլիտար շենք: Կան հուշարձան-շինություններ, որոնք պահպանվում են ՀՀ կառավարության կողմից ընդունած պատմամշակութային հուշարձանների ցանկում, բայց վաղուց քանդվել են: Օրինակ, Ջանփոլադյանի թատրոնը, որը հետագայում դարձավ Սպայի տուն: Այն, որ նայում էիր, մի գեղեցիկ շինություն չէր, դա սուբյեկտիվ կարծիք է , բայց եկեք չմոռանանք, որ այն ի սկզբանե եղել է Երևանի թատրոնը: Երևանն ունեցել է 2 թատրոն՝ մեկը Բունիաթյանի թատրոնն էր, որի տեղում կառուցվել է Պարոնյան թատրոնը, իսկ դիմացը գտնվում էր Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ ելույթ է ունեցել Կոմիտասը, առաջին անգամ բեմադրվել է Տիգրանյանի Անուշ օպերան: Սպայի տան տեղը հիմա Երևանի ամենաթանկ շենքերից է: … Օրենքն ասում է, որ հուշարձանը չի կարելի քանդել, այն կարելի է տեղափոխել այն դեպքում, եթե նրա հետագա պահպանմանը վտանգ է սպառնում:

Պատմամշակութային հուշարձանների որոշման երկրորդ հավելվածում ցանկ է տված, որտեղ նշված է, որ 14 հուշարձան-շենքեր պետք է ապամոնտաժվեն: Սա նախատեսված է եղել 2004 թվին:  Այսօրվա դրությամբ միայն  չորսն է, որ չի ապամոնտաժվել: Ապամոնտաժվել ես հասկանում եմ այսպես, որ շենքը քանդում են, տանում մի ուրիշ տեղ, վերակառուցում են: Թող կառավարությունն ինձ այդ 10 շենքերից մեկը ցույց տա: Ես հարցում եմ արել  մշակույթի նախարարություն, այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին, քաղաքապետարան: Քաղաքապետարանն ինձ ասում է, որ քարերը գտնվում են կառուցապատողի մոտ: Ստացվում է, որ մենք մեր պատմամշակութային հուշարձան-շենքը տալիս ենք կառուցապատողին, ինքն էլ քարերը քանդում է ու տանում ինչ- որ մի տեղ, թափում է: Վառ օրինակ կա մշակույթի նախարարության նամակներում. Նրանք գրում են. «Չնայած, որ այս հուշարձանը ապամոնտաժվել է հակառակ մեր կարծիքի,  սակայն կառուցապատողը խոստացել է, որ այդ շենքը մեկ ուրիշ տեղ կվերակառուցի»: Թող ցույց տան, թե որտեղ են վերակառուցել: Խոսքը Թադևոսյանի տան մասին է` Արամի փողոցի վրա, Սպայի տունը, Գիլանյանցի լիմոնադի գործարանը, բայց երբ դիմում ես` իմանալու թե դա ով է քանդել, և քարերը որտեղ են, պարզվում է, որ քարերի տեղն էլ չգիտեն և չգիտեն, թե ով է քանդողը,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը եւ հավելեց, -Ուզում եմ, որ ձեզ մոտ չստացվի այնպիսի տպավորություն, որ ես կամ իմ աջակիցները, որոնք ելույթ են ունենում ի պաշտպանություն հուշարձան շենքերի , դեմ ենք Երևանի կառուցապատմանն ու զարգացմանը, ոչ , բայց այդ բոլորը պետք է խելացի արվի: Պատկերացրեք ընտանիքն ունի մի երեխա 10 տարեկան և ծնվում է նորը…….հիմա 10 տարեկանին սպանե՞նք»:



18:28 Փետրվար 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news