ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ «ԿՈՐԵԼ» ԵՆ

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ «ԿՈՐԵԼ» ԵՆ

Հետք

Հունիսի 10-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նամակներ էր ուղղել Երևանի ավագանու անդամներին` խնդրելով նրանց

- հանդես գալ «Ուսանողական» այգում շինարարության դադարեցման և կանաչ գոտիների վերականգնման հարցը Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառելու և քննարկելու նախաձեռնությամբ,

- աջակցել մեզ ձեռք բերել «Ուսանողական» այգում կատարվող շինարարության վերաբերյալ փաստաթղթերը,

- մշակել և ներկայացնել Երևանի ավագանու առաջիկա նիստին Երևանի ավագանու որոշման նախագիծ, որի համաձայն կարգելվի հետագա կառուցապատումը քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում և կձեռնարկվեն միջոցներ վերականգնելու քաղաքի զբոսայգիները` ծառայեցնելու դրանք  հանրային, այլ ոչ թե մասնավոր շահին:

Երբ կապ հաստատեցինք ավագանու անդամների հետ, նրանցից շատերն ապարդյուն փորձում էին քաղաքապետարանում գտնել իրենց հասցեագրված դիմումները: Ըստ մեր տեղեկությունների` դրանք դիտավորյալ չեն փոխանցվել իրենց հասցեատերերին` «կորելով» կա՛մ քաղաքապետարանի աշխատակազմում, կա՛մ էլ խմբակցությունների ղեկավարների մակարդակում:

Երևանի ավագանու և նրա ընտրողների միջև կապի խոչընդոտումը համարում ենք խորապես հակաժողովրդավարական և ապօրինի քայլ ու պահանջում ենք անհապաղ հետաքննել տեղի ունեցածը, պատժել մեղավորներին և ապահովել նամակների անխափան ստացումը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին իրավասու է վերահսկել քաղաքապետարանի աշխատանքը և խախտումների դեպքում ընդունել համապատասխան որոշումներ:

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը»
Քաղաքացիական նախաձեռնություն
Հունիսի 16, 2010թ.


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Հետք


«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների Երևանի ավագանու անդամներին ուղարկված դիմումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ընդհանուր բաժնում ստացվել է Երևանի ավագանու անդամներին ուղղված 51 դիմում:

Նախաձեռնության հեղինակների պնդումը, թե իրենց դիմումները կորել կամ տեղ չեն հասել, մեղմ ասած` չի համապատասխանում իրականությանը:

Դիմումները ստացվել և սահմանված կարգով գրանցվել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Նորայր Ալթունյանի կողմից և դիմումատուներին համապատասխան ստացական է տրամադրվել:

Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի կողմից նշված դիմումները տրամադրվել են ավագանու «Հայաստանի Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ավագանու անդամներին:

Ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների
կազմակերպման բաժնի պետ`    Գագիկ Բաղդասարյան

Հունիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր