

Ա1+
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հերթական հայտարարությունն է տարածել:
«Տեղեկանալով Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին քննարկումներին՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգում և զգուշացնում է.
• Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում շնչահեղձ լինող երևանցիների համար,
• Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում հիմնականում սոսիներ և կարագաչներ են, որոնց կորուստը չի կարող փոխարինվել,
• այգին տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում՝ վերածված է աղբակույտի և տուժում է հարակից շինարարությունից,
• նշված նախագծի մասին քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների և բնապահպանների հետ, և ստացել ենք խիստ բացասական տեսակետներ։ Բացի այդ, մեզ ահազանգել են հարակից շենքերի բնակիչները։
Ելնելով վերը շարադրվածից` Երևանի իշխանություններից և ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում ենք.
• ձեռնպահ մնալ նշված նախագծին որևէ ընթացք տալուց,
• լսել և հաշվի առնել հասարակության կարծիքը այս հարցում,
• չկրկնել նախկին սխալները և չվտանգել քաղաքացիների կյանքի միջավայրը Հայաստանի մայրաքաղաքի սրտում,
• վերադառնալ հանրային զբոսայգիները բացառապես որպես հանրային սեփականություն ընկալելու մոտեցմանը՝ չհամարելով դրանք որպես մասնավոր ներդրումների թիրախ,
• շտապ կերպով համայնքային միջոցներ ուղղորդել այգու բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական խնամքի համար։
Հաշվի առնելով Երևանը և գալիք սերունդների առողջությանը վտանգող էկոլոգիական աղետը՝ «Տաշիր գրուպի» նախագահ պարոն Սամվել Կարապետյանին կոչ ենք անում հանուն Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հրաժարվել այդ նախագծից։
Հասարակական կարծիքի անտեսման դեպքում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կմոբիլիզացնի երևանի բնակիչներին և օգտագործի հասարակական բողոքի բոլոր ձևերն ու իրավական միջոցները՝ հանրային զբոսայգու անձեռնմխելիությունը ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հուլիս 19, 2010
