Panorama.am
Մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էինք մայրաքաղաքի կենտրոնում ` Արամի-Սարյան փողոցների միջնամասում գտնվող զբոսայգու աղբի մեջ կորած լինելուն: Նշել էինք նաև, որ հարցադրմանը, թե ինչո՞ւ է այս վիճակում հայտնվել երևանցիների հանգստի գոտի համարվող այգին, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վրդովված արձագանքել էր, որ թեև զբոսայգիները մայրաքաղաքում տրված են վարձակալությամբ , բայց դա չի նշանակում, որ աղբահանությունը պատշաճ չպիտի իրականացվի ու խոստացել, թե անմիջապես այդ հարցը կլուծվի:
Այդ հրապարակումից անցել է երեք օր` զբոսայգին նույն աղբի մեջ կորած վիճակում է: Դեռ ավելին` քեֆչի հայերը շաբաթ-կիրակի հավանաբար լավ կերուխում են արել այս տարածում, քանի որ պոլիէթիլենային շշերի, աղցանների համար նախատեսված ամանների ու նաև այս ու այն կողմում օգտագործված ներարկիչների քանակը համեմատաբար աճել է:
Panorama.am-ը դարձյալ դիմեց Գ.Խաչատրյանին հասկանալու, թե ինչո՞ւ մեր իսկ ներկայությամբ տված հանձնարարականը չի կատարվել և զբոսայգին չի մաքրվել:
Ներկայացնում ենք մեր զրույցն ամբողջությամբ.
-Պարոն Խաչատրյան, օրեր առաջ խոստացաք, որ զբոսայգու աղբահանման խնդիրը կկարգավորվի:
-Ես պարզեցի, որ դա ամբողջությամբ տվել են շինարարության տակ: Իսկ դուք պարզեցի՞ք վարձատուին:
-Ոչ, Կենտրոն վարչական շրջանում որևէ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին: Դուք տեղյա՞կ եք:
-Դա հանձնված է երկու կազմակերպության, մեծ շինարարություն է նախատեսվում ու ամբողջությամբ ռեկոնստրուկցիա պետք է արվի: Քանդվում է, դրա համար անգամ շինարարական աղբը, որ կա …ծրագրված աշխատանք են կատարում:
-Զբոսայգու տարածքում ոչ մի շինարարություն էլ չի տարվում:
-Դեռ չեն սկսել, բայց ամբողջությամբ հանձնված է նրանց… տենիկա կա՞ չէ, բերել են:
-Ոչ մի տեխնիկա էլ չկա ու հետո աղբի կուտակումները հիմնականում նստարանների ու զբոսնելու հատվածում են, որտեղ մարդիկ հանգստանում են երեկոները` շշեր են, թղթեր են ու շինարարության հետ ընդհանրապես կապ չունեցող աղբ է:
-Հանձնված է այդ երկու կազմակերպությունների …
-Իսկ կասեք ո՞ր կազմակերպությունների մասին է խոսքը, գուցե իրենք ավելի հստակ պատասխան տան մեզ:
-Ես տեղյակ չեմ… Մեր կազմակերպությունները այգիներում աղբահանություն չեն իրականացնում, դա բնապահպանության վարչությանն են , ես ուղղակի սանմաքրման բաժնի պետին ասացի, ինքն էլ պատասխանեց, թե այդ կազմակերպությունը, որին վարձակալությամբ տրված է, շինարարական աշխատանքներ է իրականացնելու և ամբողջությամբ վերակառուցելու է, արդեն մակետն էլ պատրաստ է…
Ի դեպ, ՀՀ Բնապահպանության նախարարության վերահսկողության վարչությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ նման հարցերը լիովին Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում են:
Ստացվում է, որ եթե մակետն արդեն պատրաստ է և որը վկայում է այն մասին, որ տվյալ տարածքում շինարարություն է իրականացվելու, ապա այգին պետք է աղբի մեջ մնա անհայտ ժամանակ: Սա,փաստորեն, նորմալ է ըստ քաղաքապետարանի աշխատակցի: Այդ դեպքում գուցե ավելի ճիշտ կլիներ, որ մուտքը տարածք սահմանափակվեր կամ արգելվեր ընդհանրապես, չէ՞ որ տարածքում երեխաներ են խաղում և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե նրանք օգտագործված ներարկիչների հետ էլ չեն որոշի խաղալ…
Հուլիս 19, 2010
