ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Վահագն Հովակիմյան, Հայկակական ժամանակ

Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկել էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի 59,37 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:

Իսկ նպատակը` փոփոխությունից հետո այդ հողերը «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությանը հատկացնելն է: Բնապահպանության նախարարությունը պաշտոնապես առարկել էր, որ նշված հողերը հանդիսանում են, ոչ թե հատուկ պահպանվող, այլ հատուկ կանաչապատ տարածք: Այդ հողերն ընդգրկված են Երեւանի գլխավոր հատակագծում, որպես հատուկ պահպանվող կանաչապատ տարածքներ, ուստի, ըստ բնապահպանության նախարարության, դրանց կատեգորիայի փոփոխությունը նշանակում է գլխավոր հատակագծի փոփոխություն, ինչը կարող է իրականացվել դրա համար նախատեսված ընթացակարգով, մասնավորապես, համապատասխան փորձաքննությունների եզրակացության հիման վրա: «ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող 59.37 հա հողերի նպատակային նշանակության փոփոխության համար պատճառաբանումը հիմնավոր չէ, նկատի ունենալով Երեւան քաղաքի համար կանաչ տարածքների խիստ սակավությունը»,- նշված է բնապահպանության նախարարության առարկություններում: Քաղաքաշինության նախարարությունը որոշման նախագծի դեմ առարկել էր, քանի որ խնդրո առարկա տարածքը հանդիսանում է «Շահումյան-2» գործող գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին:

Ահա նման պայմաններում Գագիկ Բեգլարյանը ներկայացնելու էր իր հեղինակած որոշման նախագիծը եւ ի սկզբանե սպորտային հետաքրքրություն կար հետեւել, թե ինչպես է նա այդ անելու, արդյոք վերը նշված նախարարությունները կպնդեն իրենց առարկություններն ու կփորձեն կանխել որոշման ընդունումը: Սակայն, ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսվում էր. Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց իր նախագիծը, այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրեց այն փաստը, որ երկու նախարարություններ, որոշման նախագծի հետ կապված, առարկություններ ունեն եւ դրանով ամեն ինչ ավարտվեց` որոշումը համարվեց ընդունված:

Կառավարության նիստերի ընթացքում երբեմն նաեւ դիտարժան դրվագներ են լինում: Երեկվա նիստում այդպիսին էր այն պահը երբ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ծրագրի համար 76 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծը: Երբ Վարդանյանը հրապարակեց պահանջվող գումարի չափը` վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամից արձագանքեց. «Բայց մենք 50 միլիոն չէինք պայմանավորվել»: Նա այնպես անկեղծ եւ առեւտրականին հատուկ տոնով ասաց, որ բոլորը սկսեցին ժպտալ: Արդյունքում, վարչապետը պարզաբանեց, որ որոշման նախագիծը նախարարների կոմիտեում քննարկելիս Վարդանյանի ներկայացրած հաշվարկներով 50 միլիոն դրամ է պահանջվել, ՏԿ նախարարն իր հերթին սկսեց պարզաբանել, որ իրենց քննարկած եւ իր ներկայացրած թվերը տարբեր խնդիրներ են ընդգրկում, բայց դե այդ ամենն այլեւս հետաքրքիր չէր:

Օգոստոս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր